«Նիկոլի հետ հանդիպման գնացած մարդիկ ամոթով են մնալու, նրանք իշխանության կողմից օգտագործվելու ու շպրտվելու են». Դավիթ Ջամալյան

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի բնորոշմամբ՝ երեկ Կառավարությունում մի քանի եպիսկոպոսների և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը նողկալի տեսարան էր։ Եթե հաստատվի, որ նրանք դուրս են եկել Վեհափառ հայրապետի ու Մայր եկեղեցու դեմ, ապա նրանց այդ արարքին որևէ արդարացում չի կարող լինել։

«Գնահատականները շատ կոշտ պետք է լինեն «նիկոլական օրակարգը» սպասարկող, հոգևորականության ու Առաքելական եկեղեցու հետ որևէ առնչություն չունեցող անձանց քայլերի վերաբերյալ։ Պետք է սպասել Մայր Աթոռի վերջնական գնահատականին։ Սակայն մեկ բան հստակ է, չի կարող լինել ավելի դաժան կոմպրոմատ, քան հայրենիքը հանձնած, Գորիս-Կապան ճանապարհը, Շուռնուխ գյուղի մի հատվածն ու այլ տարածներ թշնամուն տված անձի հետ հանդիպումն ու նրա ձեռքը սեղմելը։ Այս անձինք դարձան թուրք-ադրբեջանական օրակարգի սպասարկողները։ Սրանից ավելի սարսափելի կոմպրոմատ լինել չի կարող»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Դավիթ Ջամալյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 27-ին Կառավարությունում Նիկոլ Փաշինյանի ու որոշ եպիսկոպոսների հանդիպմանը։

Ինչ վերաբերում է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազանին, ով նույնպես մասնակցում էր Նիկոլ Փաշինյանի հետ երեկվա հանդիպմանը, Դավիթ Ջամալյանն ասաց, որ նրա ներկայության համար շատ ավելի է ցավում, քանի որ անսպասելի էր։

Կարդացեք նաև

«Մենք շատ բարդ ժամանակներ ենք ապրում, և հիմա յուրաքանչյուրը կանգնած է ընտրության առջև՝ արժանապատվության ու ստորաքարշության միջև։ Սովորական սկզբունքային քաղաքացին էլ այս դեպքում պետք է ընտրություն կատարի՝ խոսե՞լ, թե՞ անտարբեր հետևել այս ամենին և դառնալ մորթապաշտ։

Իսկ բարձրաստիճան հոգևորականները, որոնք պետք է մարմնավորեն վեհը, առաքինությունը, նրանց առջև ընտրությունն ավելի սուր է դրված։ Եթե ի դեմս Բագրատ, Միքայել և Մկրտիչ սրբազանների՝ մենք տեսնում ենք առաքինի հոգևորականներ, իրենց կոչումը բարձր պահող, իրենց խաչն արժանապատվորեն կրող մարդկանց, երեկ մենք տեսանք մարդկանց, որոնք այդ երկընտրանքի առջև կանգնելիս՝ ընտրել են ստորաքարշությունը»,- հավելեց նա։

Մեր զրուցակիցը հիշեցրեց՝ Կառավարություն գնացած անձանցից շատերը շատ բաներով պարտական են Վեհափառին, որին այսօր փորձում են թիկունքից հարվածել, իսկ այսօր իրենց ստորաքարշ պահվածքով վարկաբեկում են Առաքելական եկեղեցին։

«Եթե դավաճանության փաստը հաստատվեց, այդ անձինք պետք է կարգալույծ արվեն, դրանով մեր եկեղեցին կմաքրվի, կունենանք անկոտրում, արժանապատիվ հոգևորականներով համալրված եկեղեցի։ Կրկնում եմ՝ նրանց այդ քայլը որևէ կերպ չի կարող արդարացում ունենալ, նրանց մոտ այդ պահին արժանապատվությունը մահացավ։

Վստահ եմ, որ այս փորձությունը հաղթահարելու ենք, և Նիկոլի հետ հանդիպման գնացած մարդիկ ամոթով են մնալու։ Նրանք իշխանության կողմից օգտագործվելու ու շպրտվելու են, ինչպես շատերի հետ են վարվել այս իշխանությունները։

Ամեն ինչ այս իշխանություններից սպասելի է՝ նույնիկ Վեհափառի ձերբակալությունը, իսկ եկեղեցում այս սև սցենարը չեն բացառում։ Սակայն, եթե եկեղեցին ամուր ու կուռ է, ոչինչ չի լինի։ Եթե նույնիսկ կաթողիկոսին ձերբակալեն, դա ոչինչ չի նշանակելու, կալանավորված սրբազաններ ունենք, նրանց հեղինակությունն ավելի է բարձրացել, հետևաբար՝ կաթողիկոսի ձերբակալությունն ավելի ընդգծված կդարձնի Վեհի նկատմամբ հանրության հարգանքը։ Սա հակառակ արդյունքի կբերի իշխանությունների համար»,- ընդգծեց Դավիթ Ջամալյանը։

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հանդիպել էր մի քանի եպիսկոպոսների հետ, դրա վերաբերյալ կարճ տեսանյութ էր հրապարակվել, սակայն հանդիպման բուն բովանդակության մասին որևէ հրապարակում մինչև այս պահը չի արվել։

Հանդիպմանը մասնակցել էին 9 եպիսկոպոսներ։ Նրանց թվում են Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Վայոց  ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միզախանյանը, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի նախկին դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Վանորեից տեսուչ Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը:

Տեսանյութեր

Լրահոս