Փաշինյանի առաջարկի հետին մտքերը, ՀՀ զինված ուժերին ուղղված Ադրբեջանի պահանջը և Փաշինյանի՝ հակառուսական լինելու շուրջ կասկածները

Հունիսի 15-ին 168.amանդրադարձել էր ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Արմեն Գասպարյանի սպանության, դրանից առաջ Ադրբեջանի ԶՈւ զինվորի անհետ կորելու և հետո սպանված հայտնաբերվելու դեպքերին, և, որ երկու դեպքում էլ հայտնի չէ կամ համապատասխան մարմինները չեն հայտնել՝ ներքի՞ն, թե՞ արտաքին կրակոցից է հայ զինծառայողը սպանվել, նույն պատկերը նաև ադրբեջանական կողմի դեպքում է:

Մենք անդրադարձել էինք նաև ադրբեջանական մեղադրանքներին, թե իբր Նախիջևանի ուղղությամբ Հայաստանը հրադադարի ռեժիմ է խախտում, ինչը ՀՀ ՊՆ-ն ապատեղեկատվություն է որակում, բայց դա չի խանգարում, որ Ադրբեջանը հունիսի 13-ից ակտիվացրած նույն ուղղությամբ մեղադրանքները շարունակի:

Փաշինյանի հերթական վտանգավոր առաջարկի հետին մտքերը

Եվ այս ամենի ֆոնին Նիկոլ Փաշինյանը մեկնում է Սյունիքի մարզ, և այնտեղից Ադրբեջանին մի նոր առաջարկ անում՝ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ:

«Վերջին օրերին մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկատվություն է տարածում ՀՀ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ, և մեր Պաշտպանության նախարարությունը հերքում է այդ տեղեկությունները: Այստեղ կարող է երկու տարբերակ լինել, կամ այդ տեղեկությունները երկու բանի մասին կարող են վկայել: Մի դեպքում, իրոք, հրադադարի ռեժիմի խախտում կա, իսկ մյուսը՝ փորձ է արվում էսկալացիա կամ էսկալացիայի ֆոն ստեղծել։ Բոլոր դեպքերում և՛ առաջինը, և՛ երկրորդը մեր քաղաքական կամքը չէ, ՀՀ ՊՆ-ն կառավարության անունից հերքում է: Կարծում եմ, որ այս իրադրությունը որոշակի հասցեագրման կարիք ունի, և պարզել ճշմարտությունը ոչ միայն միակողմանիորեն, այլև միջազգային հանրության համար: Կարծում եմ՝ վատ գաղափար չի լինի, եթե հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ ձևավորենք Ադրբեջանի հետ, և ես առաջարկությամբ հանդես գամ: Մյուս կողմից, սա արդեն կարելի է ընդունել որպես առաջարկ»,- նշել է Փաշինյանը, ով այս տարվա հունվարի 28-ին էլ Ադրբեջանին առաջարկել էր սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, նաև՝ չհարձակման մասին պայմանագրի ստորագրում, «եթե կպարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու»:

Եվ ոչինչ, որ ունենք Ներքին Հանդի պատմություն, երբ Ադրբեջանն իր զինծառայողին վիրավորելու մեջ մեղադրեց հայկական կողմին, որի դիմաց հայկական 4 դիրքապահ սպանեց: Իսկ ռազմական ոստիկանությունը շտապել էր հայտարարել՝ «ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս/թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է»:
Մինչև հիմա այս հետաքննության արդյունքը ՊՆ-ն չի հայտնել, չնայած բազմաթիվ բանավոր և գրավոր դիմումներին:

Ավելի ուշ այս տարվա ապրիլին նմանօրինակ ևս մեկ դեպք էր արձանագրվել Ներքին Խնձորեսկի հատվածում, այստեղ էլ ԱԱԾ-ն ՊՆ օրինակով մեղադրել էր հայ սահմանապահին, ծառայողական քննության արդյունքներով Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում էր ներկայացվել Քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ, սկսվել էր նախաքննություն՝ դեպքի հանգամանքները բացահայտելու, մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Սրա արդյունքը ևս հայտնի չէ: Բայց միջազգային հանրության համար կա արձանագրում՝ հայկական կողմն է խախտել 2 դեպքում էլ: Կա՞ նման բան Ադրբեջանի կողմից: Սա՝ առաջին: Երկրորդ, տարիներ շարունակ Կասպրչիկի գրասենյակը՝ նրա դաշտային օգնականները կամ ԵԱՀԿ դիտորդները պարբերաբար կարճատև մոնիտորինգներ էին իրականացնում օկուպացված Արցախի և ՀՀ շփման գծերում և սահմանային հատվածներում, բայց շատ հաճախ Ադրբեջանն իրենց կողմից ԵԱՀԿ դիտորդներին առաջնագիծ չէր հանում, ավելին, այս դեպքում, յուրաքանչյուր կողմը հրադադարի ռեժիմի խախտման իր ճշմարտությունն ուներ, և Կասպրչիկն ու նրա դաշտային օգնականներն ասում էին, որ այսպես չեն կարող որոշել՝ ով է առաջինը խախտել հրադադարը, պետք են հետաքննության արդյունավետ միջազգային մեխանիզմներ: Եվ 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմը կարողացավ մոտենալ այս նպատակին:

Խոսքը 2016թ. Ապրիլյան պատերազմից հետո նախկին իշխանությունների օրոք ձեռք բերված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին է, ինչը ենթադրում էր սահմանին ստատուս-քվոյի ամրապնդում, ռազմական գործողությունների բացառում և նախահարձակ կողմին հստակորեն տարբերակելու հնարավորություն։ Այսինքն, պետք է ներդրվեին վստահության ամրապնդման և սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմներ, ընդլայնվելու էր ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը:

Հարկ է նկատել, որ եթե անգամ Ադրբեջանի սրտով չի եղել սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը, ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումը, իսկ դա այդպես է, ամեն դեպքում, ունեինք հաղթաթուղթ. 2016թ. հունիսին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշվում էր.

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության նախագահները վերահաստատեցին Վիեննայում ս.թ. մայիսի 16-ին կայացած հայ-ադրբեջանական գագաթնաժողովի պայմանավորվածությունները` ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը: Այդ նպատակով նրանք համաձայնեցին մասնավորապես ավելացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակը»:

Իսկ ի՞նչ էր ասում 2017-ին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, կամ՝ ի՞նչ էր գրում «Հայկական ժամանակը»:

2017թ. հոկտեմբերին «Հայկական ժամանակում» հրապարակված՝ «Սերժ Սարգսյանը ծաղրո՞ւմ է Իլհամ Ալիևին» վերտառությամբ անանուն խմբագրականում, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանը պնդում էր շփման գծում զինադադարի ամրապնդման մեխանիզմների, ասել է թե՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների վրա, Ադրբեջանը՝ հարցի կարգավորման բովանդակային քննարկման, այսինքն, երբ պետք է հայկական զորքերը դուրս գան ԼՂ հարակից տարածքներից, ինչ կարգավիճակ պետք է ունենա Արցախը, և այլն»:

Այնուհետև սրա հետ կապված շարունակվում է.

«Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ հայկական կողմն առաջնագծում համապատասխան տեխնիկական ապահովման արդյունքում կարող է նկարահանել և ցույց տալ, թե ինչ է անում ադրբեջանական կողմը, իսկ ադրբեջանական կողմը նման հնարավորություն չունի: Եվ եթե նույնիսկ նախօրեին թեժ մարտեր են ընթացել, կամ հայկական կողմը հարվածային անօդաչու սարք է օգտագործել, մենք դրա մասին չենք իմանա: Մինչդեռ ասվում է, չէ՞, եկեք առաջնագծում զինադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմներ ներդնենք, որպեսզի ամեն անգամ հնարավոր լինի պարզել, թե որ կողմն առաջինը խախտեց, որ կողմն ինչպես պատասխանեց, և այլն»:

Ըստ այս հոդվածի, ստացվում է, որ խմբագրականի անանուն հեղինակը կամ, հնարավոր է, Նիկոլ Փաշինյանը մտահոգվում է, որ հետաքննության մեխանիզմների ներդրմամբ շահելու է հայկական կողմը, կամ տուժելու է Ադրբեջանը:

Սա նաև ցույց է տալիս, որ նախկին իշխանությունների օրոք, տվյալ դեպքում, Արցախում հայկական կողմը դիրքային լրջագույն առավելություններ է ունեցել:

Իսկ 2018թ. Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, ըստ էության, ոչ միայն փոխվեց ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի տրամաբանությունը, այլև բանակցային գործընթացից դուրս մղվեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, փոխարենն ակտիվորեն շրջանառվեցին Դուշանբեի պայմանավորվածությունները, երկու կողմերի միջև ուղիղ կապի և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման գաղափարը:

Այսինքն, Փաշինյանը, մեղմ ասած, չօգտագործեց հետաքննության մեխանիզմների ներդրման պայմանավորվածությունները, դրանք մի կողմ թողեց՝ նախընտրելով Ալիևի հետ ուղիղ պայմանավորվածությունը դիտարկել՝ որպես հրադադարի ռեժիմի պահպանման երաշխիք:

Արդեն 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանը որոշեց, որ սահմանին հրադադարի ռեժիմի պահպանման հարցում կարող են երաշխավոր դառնալ ԵՄ դիտորդները, ինչը, մեծ հաշվով, Ադրբեջանը չի ողջունել և մշտապես բողոքել է նրանց ներկայությունից, թեպետ, Հայաստանը շատ մեծ օգուտներ չի քաղել ԵՄ առաքելությունից, քանի որ, սա, ըստ էության, հեռահար նպատակներ ունի:

Եվ հիմա Նիկոլ Փաշինյանը հանկարծ նոր առաջարկ է մտահղանում՝ հետաքննության երկկողմ մեխանիզմների ներդրման մասին երկկողմ պայմանագրի կնքում Ադրբեջանի հետ:

Եվ եթե հաշվի առնենք, թե որտեղ է այս առաջարկն արվում, եթե հաշվի առնենք, որ դրան զուգահեռ՝ նա պտտվում էր Սյունիքի, առանց այն էլ, Ադրբեջանի թիրախի տակ գտնվող բնակավայրերում և համոզում, որ սահմանազատումը ճիշտ է, և ինչպես Տավուշում, այնպիսի փշալարերով պարիսպներ պետք է նաև Սյունիքում լինեն, կարո՞ղ ենք ենթադրել, որ այս առաջարկը և ադրբեջանական մեղադրանքները բնավ պատահականություն չեն, որ Նիկոլ Փաշինյանը հերթական քաղաքական «ճկունությունն» է իրականացնում, որը փորձում է իրացնել հանրության շրջանում:

Այլ կերպ՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ ապրիլին հրապարակած մեր վերլուծականում՝ «Փաշինյանի տավուշյան պիլոտային ծրագիրն ու Սյունիքի շուրջ ռազմական սադրանքների վտանգը. փնտրվում են հետագա պատասխանատուներ,» չէինք սխալվում:

Մենք գրել էինք, որ Տավուշում սահմանազատման օրերին բոլորի հայացքներն արդարացիորեն կամ օբյեկտիվորեն Տավուշի ուղղությամբ էր՝ կապված 4 գյուղերի հանձնման հետ, բայց Սյունիքը պետք է մշտապես օրակարգում պահել, այսինքն՝ Տավուշի թեման չպետք է մեր ուշադրությունը շեղի Մեղրիից, և այն էլ ռուս խաղաղապահների՝ Արցախից դուրս գալուց հետո, քանի որ Ադրբեջանը կարող է կոշտացնել այս առումով իր դիրքորոշումը և դիմել որոշակի ռազմական գործողությունների, «Զանգեզուրի միջանցքի» համար թուրք-ադրբեջանական պրովոկացիաների վտանգ կա, հատկապես Ադրբեջանի ղեկավարությունը հստակ հասկացրել էր՝ առանց «Զանգեզուրի միջանցքի»՝ խաղաղության պայմանագիր չի կնքվելու, ոչ էլ Թուրքիայի հետ հարաբերություններ կարող են կարգավորվել: Ւսկ «Զանգեզուրի միջանցքը» հենց թուրքական ծրագիր է:

Բացի այս, Երասխից զորքի հետքաշման և Տիգրանաշենի հանձնման հարց կա օրակարգում: Այսինքն, Փաշինյանի հետաքննության մեխանիզմների մասին երկկողմ առաջարկը հետին մտքեր ունի և տեղավորվում է հենց այս տրամաբանության մեջ, այն մանիպուլյատիվ է, հատկապես առաջնագծերի և խրամատների աստիճանական վերացման պարագայում: Այո, սահմանապահների դեպքում ևս հրադադարի ռեժիմ խախտվելու է, բայց Ադրբեջանի երկրի դեպքում չմիջնորդավորված հետաքննության մեխանիզմների մասին խոսելը, մեղմ ասած, աբսուրդ է, և էլ ավելի է կաշկանդելու ՀՀ զինված ուժերին, սպաներին և հրամանատարությանը:

Ադրբեջանը պահանջում է ՀՀ ԶՈւ կազմաքանդում. Նրանք սահմանին վերաբերվում են՝ որպես շփման գիծ

Minval.az-ի հետ հարցազրույցում Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը, ըստ էության, հաստատել է ոչ միայն մեր վերը նշված ասածն ու մտավախությունները, այլ ընդդիմության այն պնդումները, որ Ադրբեջանը չի ձգտում խաղաղության, խաղաղության պայմանագրի վերջնական կնքման, և, որ տարբեր քարտեզներով հատվածական սահմանազատումն ու սահմանագծումն Ադրբեջանի պահանջով է արվում և այլն: Ներկայացնենք ադրբեջանցի դիվանագետի հարցազրույցից մի քանի հատված այս առնչությամբ:

– Երբ ինձ հարց են տալիս Խաղաղության պայմանագրից, ես միշտ հարցնում եմ՝ խաղաղության ի՞նչ պայմանագրի մասին է խոսքը՝ շրջանակայի՞ն, որն իր մեջ ներառում է ինչ-որ թեզիսներ և ոչ հստակ հարց չի լուծում, թե՞ վերջնական համապարփակ փաստաթղթի մասին է խոսքը, որը կարող է ստորագրվել միայն բոլոր տեսակ բանակցությունների ավարտին: Ես նկատի ունեմ՝ կոնկրետ հարցեր՝ կապված սահմանների սահմանազատման և սահմանագծման, կոմունիկացիաների վերականգնման, խաղաղ հարևանության համար բոլոր տեսակ իրավական խոչընդոտների վերացումը, ինչը վերաբերում է նաև Հայաստանի սահմանադրությանը: Այսինքն, ի՞նչ փաստաթղթի մասին ենք մենք խոսում:

– Համապարփակ փաստաթղթի ուղղությամբ տարվո՞ւմ է: Ադրբեջանի նախագահն ասել է, որ աշխատանք է տարվում բավականին կարճ ժամանակահատվածում շրջանակային փաստաթղթի ուղղությամբ, որը չի կարող կարգավորել բոլոր խնդիրները, այլ միայն գծագրել քաղաքական շրջանակը հետագա բանակցությունների: Բոլորը պետք է հասկանան՝ ինչ է շրջանակային փաստաթուղթը, ինչ է համապարփակը, և միայն սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացից հետո խաղաղության վերջնական պայմանագրի վրա աշխատանքը կարող է տևել մի քանի տարի:

– Պետք է նաև հստակեցնել և պայմանավորվել տրանսպորտային կոմունիկացիաների վերաբերյալ: Իսկ կարող է սահմանազատումը և սահմանագծումը կհանգեցնի նրան, որ Զանգեզուրը կվերադարձնենք: Ով գիտի:

– Հայաստանն ասում է, որ ուզում ենք 1991 թվականի սահմանը, մենք նրանց բացատրել ենք, որ այդպիսի սահման գոյություն չունի: Հիմա նրանք խոսում են 1976 թվականի քարտեզներից: Ադրբեջանն առաջարկում է սահմանի տարբեր տեղամասերի դեպքում օգտագործել տարբեր ժամանակների և թվերի քարտեզներ:

– Մենք խաղաղություն չունենք: Մինչև հիմա պահպանվում է ռազմական վիճակը, երկրների միջև ռազմական հարաբերություններ են: Իսկ Հայաստանի սահմանին, մի քանի տեղամասերում սահմանապահ զորքերի փոխարեն՝ տեղակայված են հատուկ ուժեր, որոնք համատեղել են սահմանապահների և բանակային կորպուսի ֆունկցիաները: Սահմանին նրանք վերաբերվում են՝ որպես զորքերի շփման գիծ: Այնպես որ, մենք չունենք Հայաստանի հետ սահման, այլ ընդամենը՝ շփման գիծ:

Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարարն այս մասին խոսում է առնվազն 2022 թվականից, որ 1991-ին Հայաստանը չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որ Ալմա Աթայի հռչակագրում սահման նշված չէ, որ Ադրբեջանը ցանկանում է ստանալ «երկաթբետոնե» փաստաթուղթ:

Ինչ վերաբերում է, որ սահմանին իրականում ռազմական իրավիճակ է, շփման գիծ, որ ՀՀ բանակը դուրս չի եկել սահմանազատված հատվածներից, ապա Ադրբեջանը մոռանում է, թե ինչ զինվածություն ունեն իրենց սահմանապահները և ինչ ֆունկցիա են կատարում, մոռանում է իրենց հատուկ նշանակության ուժերին: Իսկ նման ձևակերպման հիմք, հնարավոր է, տվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գաղտնազերծումը ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը, որ «սահմանապահ զորքերն այդ հատվածում իրենց առջև դրված խնդիրները կատարում են, բանակն այնտեղ է, այսինքն, սահմանապահ զորքերը որտեղ կատարում են ծառայություն, դա ևս բանակի պատասխանատվության գոտի է, որտեղ պատրաստ ենք իրականացնել պաշտպանություն»:

Փաշինյանի հակառուսականությանն Ադրբեջանը չի հավատում

Ի դեպ, Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարարը, ով 2022-ից հայտարարում էր, որ Փաշինյանը Ռուսաստանին փոխարինող է փնտրում, վերոնշյալ հարցազրույցում ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Նիկոլ Փաշինյանը միայն ՀԱՊԿ-ին է քննադատում, դրանից խոսում, մինչդեռ Հայաստանը ՌԴ-ի հետ ունի երկկողմ ռազմական պայմանագրեր, այդ թվում՝ ՀՕՊ համատեղ համակարգի ստեղծման մասին, ՀՀ-ում գործում է ռուսական բազա, գոյություն ունի հայ-ռուսական միացյալ զորախումբ: Այսինքն, ՀԱՊԿ-ին Նիկոլ Փաշինյանի քննադատությունը և հակառուսական հայտարարություններն ինչ-որ առումով ադրբեջանցի դիվանագետը քարոզչական է համարում:

«Այսինքն, Հայաստան-Ռուսաստան ռազմական համագործակցության կոմպոնենտները շատ են, մինչդեռ միայն, չգիտես ինչու, ՀԱՊԿ-ի մասին է խոսվում»,- ընդգծել է Զուլֆուգարովը:

Հավելենք, որ «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ Ռուսական 102-րդ ռազմաբազան Գյումրիում ավելի է հիմնավորվում. նրանք շենքեր են կառուցում, թույլտվությունը քաղաքապետն է տվել:

Չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով ռուսական կողմը շարունակելու է ապահովել հայ-իրանական և հայ-թուրքական սահմանը: Այսինքն, մնալու է Մեղրիում։ Իսկ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում էլ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, թե Հայաստանում ամերիկյան ռազմաբազաների հայտնվելու մասին դեռ վաղ է խոսել՝ անդրադառնալով Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հանդիպման ամփոփիչ համատեղ հայտարարությանը:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը հակառուսական որոշ քայլեր անելով՝ փորձում է Արևմուտքից երաշխիքներ ստանալ, բայց լիակատար վստահություն չունենալով՝ չի փորձում լիովին խզել հարաբերությունները հենց ՌԴ-ի հետ:

Խնդիրն այն է, որ սեփական իշխանությունը պահելու համար Փաշինյանի նմանօրինակ փնտրտուքները շատ թանկ են նստում պետության, երկրի, բանակի վրա…

Իսկ առջևում սահմանազատման և սահմանագծման գործընթացն է մինչև Մեղրի, Իրանի սահման, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ աշխարհաքաղաքական զարգացումներ և մրցակցություն…

Տեսանյութեր

Լրահոս