Եկեղեցին չպե՞տք է արձագանքեր, երբ ազգային մեր ինքնության սիմվոլներն այս իշխանությունները թշնամու օրակարգով հարվածի տակ են դրել. Միքայել Մալխասյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմական գիտությունների թեկնածու, պատմական ժողովրդագրության մասնագետ Միքայել Մալխասյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

ԵՊՀ դասախոսների, գիտաշխատողների, ուսուցիչների պահանջը՝ հայտարարությունը, խորքային մասնագիտական աշխատանքի արդյունք է։ Տարածված կարծիք կա, որ դասախոսները, ուսուցիչներն իրենց դասը պետք է տան ու գնան տուն, իսկ քաղաքական գործընթացները միայն քաղաքական էլիտայի գործն է։ Դա սխալ մոտեցում է: Նրանք պատասխանատվություն ունեն այն սերնդի առջև, ում կրթում են, եթե միայն գիտական հոդված կամ գրական ստեղծագործություններ գրելու մասին մտածեին, ապա ժամանակին քաղաքական-հասարակական գործընթացներին չէին մասնակցի հայտնի գրողներ, մշակույթի և հասարակական գործիչներ։

Քանի որ Հայաստանի ներկայիս ղեկավար շրջանակներն ուղիղ կատարում են Ադրբեջանի համար ցանկալի գործընթացը, պետք է իրենց տեղը զիջեն, այդ իսկ պատճառով հրաժարականի պահանջ ենք ներկայացրել։ Կան մարդիկ, որ տարբեր պատճառներով, այդ թվում՝ նաև անձնական, չեն մասնակցել այս նախաձեռնությանը, սկզբից միացել էին 20 անհատներ, հետո ավելացան, այս պահին 182 անձ է միացել հայտարարությանը, այդ թվում՝ Գիտությունների ազգային ակադեմիայից, այլ բուհերից։ Հայտարարությունը բաց է, և կարող են միանալ ցանկացողները։ Բոլորն էլ կարող են միանալ ստեղծված այս ճակատագրական պահին։

Կարդացեք նաև

Եթե Մեսրոպ Մաշտոցը որոշեր միայն ծես անել, այդ կարծիքները, մեկնաբանությունները, ֆեյսբուքյան ստատուսներն ինչպե՞ս էիք գրելու, եթե Մաշտոցը չստեղծեր գիրը։

Իշխանությունների կողմից գեներացվող և տարածվող ծայրահեղ մոտեցումներ կան այսօր, տարբեր ուղղություններով քարոզչություն է տարվել և տարվում է։ Այս մանիպուլյացիան ուրիշ դաշտ է տանում՝ որ եկեղեցին է պետության դեմ պայքարում։ Եկեղեցին չէ շարժումն առաջնորդում, կոնկրետ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանն է առաջնորդում, որպես թեմակալ՝ պաշտպանում է իր թեմի ծխականներին, իսկ սրբազանին օրհնել է Կաթողիկոսը։

Խոսում են եկեղեցական ինկվիզիցիայի մասին, բայց հայ իրականության մեջ ինկվիզիցիա չի եղել։ Այն, ինչ ներկայացնում են Հայ եկեղեցուն բացահայտ քննադատողները, քրիստոնեությունը մերժողները, դրանք ոչ թե աթեիստ են, այլ քրիստիանոֆոբ են։ Փաշինյանի թիմից գրառումներ անողներն ակնհայտորեն քրիստիանոֆոբ են։

Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը Փաշինյանի քաղաքական թիմի մաս է, դա նշանակում է, որ նրա այդ վարքագծի հանդեպ առնվազն կա լուռ համաձայնություն։ Քրիստիանոֆոբներին հարիր հայտարարությունները ոչ ավանդական կրոնական ուղղությանը, աղանդավորությանը հատուկ ձևակերպումներով են արտահայտվում։ 2018-ին, հեղափոխության օրերին, հիշում եք, այս իշխանությունները հակաքրիստոնեական գործողություններ էին կատարում, օրինակ՝ ԱԺ նախկին պատգամավորների դագաղներն էին դնում նրանց տների մոտ, և այլն:

Մեր Սահմանադրությունը չի սահմանափակում՝ նույնիսկ հոգևորականը կարող է լինել որևէ քաղաքական ուժի ցուցակում։ Այլ հարց է, որ Եկեղեցին ինքը չի ցանկացել ընդգրկվել նման գործընթացներում։

Այսօր այս պայքարում կա ազգային օրակարգ. գործող իշխանությունները պետության տարածքից, կոնկրետ թեմից տարածքներ են զիջում, և Տավուշի թեմակալ առաջնորդը՝ Բագրատ սրբազանը, բնականաբար, պետք է հանդես գար, որովհետև ինքը պատասխանատու է իր ծխի առաջ։ Եկեղեցին՝ որպես ինստիտուտ, չի խախտել որևէ սկզբունք կամ մոտեցում։ Թեմակալ առաջնորդը մարդկանց ուղղորդում է ստի և կեղծիքի դեմ։

Քաղաքական որոշումը քաղաքական թիմերինն է։ Եթե մենք խորհրդարանական հանրապետություն ենք և ուզում ենք, որ ամեն ինչ Սահմանադրության պահանջով լինի, ուրեմն գործընթացները պետք է սահմանադրական ճանապարհով լինեն։ Եթե քաղաքական գործընթաց գնա` խորհրդարանի 3 խմբակցությունները պետք է աշխատեն։

Հայոց Հայրապետի օրհնանքը ներքին կանոնադրական կարգով և սկզբունքներով պետք է լինի։ Քաղաքական գործընթացի ծավալվելուց հետո նոր եկեղեցին իր խոսքը կասի։ Եկեղեցու մոտեցումներն ու դիրքորոշումն այսօր հավասարակշռված են։

Ջահերով երթի օրն Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի խոսքն ու ուղերձները սուր էին, բայց շատ հստակ, և համապատասխանում էին ներկայիս իրողություններին: Ի՞նչ էին սպասում, 2015 թվականին Ցեղասպանության զոհերին սրբադասած Եկեղեցին չպե՞տք է արձագանքեր՝ «Վասն հաւատոյ, վասն հայրենեաց» մոտեցմամբ։ Իր սրբադասած մարդկանց հասցեին հնչած մեղադրանքներից հետո, այս իշխանություններին պետք է ասեր՝ ապրե՞ք։ Որևէ սրբի հասցեին հնչած մեղադրանքի դեպքում Եկեղեցին պարտավոր է համապատասխան արձագանք տալ։ 2015թ. Սրբադասումով նաև վերափոխվեց Հայոց ցեղասպանության զոհերի հանդեպ Եկեղեցու մոտեցումը։ Նաև խորհուրդն է փոխվում՝ նրանք սպանվել են հայ լինելու և Հայաստանում ապրելու համար։

ՀՀ այս իշխանությունների ներկայացուցիչները վարկաբեկելով Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը, փորձում են մարդկանց գիտակցության հետ խաղալ։ Այդ ինստիտուտի զեկույցը մասնագիտական եզրակացություն է։ Եթե քաղաքական որոշումները, քաղաքական որոշումներ կայացնողները շրջանցում են մասնագիտական կարծիքները, նշանակում է՝ մենք գնում ենք ոչ մի տեղ չտանող ճանապարհով, իսկ դա հանգեցնելու է վակուումի. վակուում՝ առանց Հայաստանի։

Իշխանությունների կողմից Արարատ սար-Արագած սար հակադրությունն արհեստական է և հետապնդում է բաժանման, պառակտման նպատակ, առաջին հերթին՝ բաժանում Սփյուռքից։ Ինքնությունը սիմվոլների միջոցով է կայանում, և հիմա հարվածի տակ են դնում մեր սիմվոլները՝ Արարատ լեռը։

Ցանկացած պետություն ունի տառապանքի էջեր, այդ թվում՝ ԱՄՆ-ը: ԱՄՆ-ը գերտերություն է, հիշում է իր պատմությունը և նայում է ապագային։ Նույնը՝ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, եվրոպական շատ երկրներ, բոլոր երկրները: Նրանք բոլորն էլ հիշում են իրենց տառապանքի էջերը, դրանք պետք է հիշել և դասեր քաղել։

Խաղաղության օրակարգը միակողմանի չի լինում, հակառակ դեպքում ստանում ես կորուստներ։ 1920 թվականին ստորագրված հայ-ռուսական միակողմանի խաղաղության պայմանագիր կնքելու արդյունքում զգալի տարածքներ կորցրեցինք։ Այն, ինչ մենք հիմա կորցնում ենք՝ դեռ վերջը չի, հերթական փուլն է, դրան հետևելու են այլ փուլեր, Ադրբեջանը կատարվածով չի բավարարվելու, չի թաքցնում, որ, այսպես կոչված, ադրբեջանցի փասխստականների հարց է օրակարգ բերելու՝ Հայաստանում վերաբնակեցնելու, ավելի քան 200 բնակավայրերի մասին է նշել Ալիևի օգնականը Հաջիևը:

Ջերմուկի հատվածում, որ ադրբեջանցիներն առաջ են եկել՝ հե՞տ են գնալու, այնտեղ այդ սյուները՝ քարերը, որտե՞ղ են դնելու։ Սահմանային քարը՝ սյունը, 3 դեպքում կարող է երաշխիք լինել, 1․ եթե ֆանտաստիկ հարաբերություններ ունես հարևանի հետ, 2․ եթե կա ինչ-որ երաշխավոր մոդերատոր, 3․ եթե դու ես ի վիճակի սահմանը վերահսկելու։

Միջազգային հանրություն գոյություն չունի և չի կարող երաշխավոր լինել։ Մեր քաղաքացիները պետք է հասկանան, որ Ադրբեջանը չի դադարում պահանջներ դնել ու քայլ առ քայլ դրանց հետևից գնալ։ Կառավարությունն այս անգամ ինչո՞ւ է զիջումներ կատարում։ Ի՞նչ են ասելու, երբ վիրահայոց սահմանին սահմանազատում տեղի ունենա, մանավանդ, որ տեսել ենք, թե ինչպես է իրականացվող սահմանազատման գործընթացում Ադրբեջանն իր օրակարգը թելադրում Վրաստանին։ Մենք մինչև 2018-ը Վրաստանի հետ սահմանազատման, սահմանագծման գործընթացներ էինք իրականացնում՝ ունենալով դիվանագիտական հարաբերություններ Վրաստանի հետ: Ի՞նչ են հիմա մեզ հեքիաթ պատմում, թե՝ եկեք սահմանազատում անենք, հետո խաղաղության պայմանագիր կնքենք։

Ոչ Կառավարությունը, և ոչ էլ սահմանազատման այդ հանձնաժողովը նման լիազորություն չունեն։ Ադրբեջանը նույնիսկ իր օրենսդրությունը խախտելով է այսօր տարածք ձեռք բերում։

Ադրբեջանը մաքսիմալին հասնելու համար կատարում է գործողություններ և կստանա առավելագույնը։ Այն քաղաքական գիծը, որ այս իշխանությունները տարել են ու տանում են՝ բերել է պատերազմներ, հիմա պետք է վիճակը կոնսերվացնել և ոչ թե սահմանազատում իրականացնել. այս ընթացքն ամբողջությամբ ի վնաս մեզ է։

Մարդիկ պետք է հստակ հասկանան, որ Ադրբեջանի քաղաքական օրակարգը տարածաշրջանում չի տեղավորվում խաղաղության մեջ։ Իսկ դա նշանակում է, որ այս իշխանությունները պետք է հեռանան։

Քաղաքական ուժերին օրակարգն է միավորում. եթե ինչ-որ հարցի շուրջ ձևավորվում է կոնսենսուս, գուցե արժե աշխատել, հետո արդեն պարզել՝ ով է իրական և ով՝ կեղծ ազգային ուժը։

19-րդ դարի երկրորդ կեսից Եվրոպայում սկսված ազգային մոդելների փնտրտուքն ուզում են մեզ վրա տարածել։ Հայկական ինքնության պատմական հիշողության արձանագրումը սկսվել է 5-րդ դարից և փոխանցվել սերունդներին։ Հայկ նահապետն արդարության և անկախության համար պայքարի և պետականության սիմվոլ է։ Պատմական, ազգային սիմվոլների օգտագործումը կուսակցական, քաղաքական խմբակների կողմից՝ վտանգավոր դաշտեր է տանում, պետք է զգույշ լինել, որպեսզի ազգային սիմվոլը չվերածվի նեղ քաղաքական սիմվոլի։ Սիմվոլները մարդկանց միավորող գործոն են, ուստի պետք է զգույշ լինել, երբ դրանք նեղացվում են քաղաքական նպատակներով։

Հայերն ինքնատիպ են, ունեն լոկալ եկեղեցի, դա ճկուն լինելու հնարավորություն է տալիս: Հայերի և այդ կարևոր խաչմերուկում ունեցած քաղաքակրթական առանձնահատուկ դերի մասին լավագույնս գրել է բրիտանացի պատմաբան, պատմական փիլիսոփա, մշակութաբան Առնոլդ Թոյնբին: Մեր սկզբունքն է եղել՝ համագործակցել բոլորի հետ՝ պահպանելով ինքնությունը։ Հիմա մենք այդ կարգի քաղաքակրթական ֆենոմենից ուզում ենք վերածվել մի օբյեկտի, որը շարժվում է հարևանի, թշնամու թելադրանքով։

Մանրամասները՝ տեսանյութում.

Տեսանյութեր

Լրահոս