Զինված ուժերն ականազերծումն արել են զինվորական բարձր աստիճանի կոչում կրողի հրամանի համաձայն. Արշակ Կարապետյանը հստակ տեղեկություն ունի
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հերթական հարցազրույցն է տվել, որտեղ անդրադարձել է Տավուշում կատարված սահմանազատման և սահմանագծման գործընթացում ՀՀ զինված ուժերի մասնակցությանը, մասնավորապես՝ ականազերծման:
«Զինված ուժերն ականազերծումն անում է զինվորական բարձր աստիճանի կոչում կրողի հրամանի համաձայն: Ես դա տեղյակ եմ: Դեռ չեմ տալիս այդ հրամանը ստորագրողի անունը: Բայց այդ ստորագրողն արդեն պատմության մեջ է՝ որպես դավաճան: Ինքն ինչի՞ հիման վրա է ստորագրել այդ հրամանը, հարց է: Կգա ժամանակ, բոլորի ազգանունները կտանք»,- շեշտել է նա:
168.am-ը հարցումներ է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պարզելու և Տավուշում ականազերծում կատարելու մասին, և թե արդյոք դիրքեր թողնելու և դուրս գալու հրաման Նիկոլ Փաշինյանը տվել է բանավո՞ր, թե՞ գրավոր, կա՞ ՊՆ-ում կամ ԳՇ-ում նման գրավոր հրաման, և ո՞վ է այն զինվորական բարձրաստիճան պաշտոնյան կամ զինվորական բարձր աստիճանի կոչում կրողը, ով հրաման է տվել կամ ստորագրել Տավուշում հատկապես ականազերծում կատարելու վերաբերյալ։
Եվ քանի որ դեռ չունենք ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական պատասխան գրությունը, կարող ենք միայն ենթադրություններ անել՝ ելնելով ՊՆ և ԳՇ ռազմական ղեկավարության պաշտոնական լիազորություններից և նրանց գործառույթներից: Պաշտպանության նախարա՞րն է, Սահմանադրության համաձայն զինվորական ամենաբարձր պաշտոնյան համարվող Գլխավոր շտաբի պե՞տը, ո՞վ: Կամ` Տավուշում տեղի ունեցած ականազերծման և այլ գործողություններում ինչ դերակատարում են ունեցել ԳՇ այլ ղեկավարներ:
Օրինակ, ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչությունը համարվում է գլխավոր շտաբի կառուցվածքային առաջատար ստորաբաժանում, որն ապահովում է խաղաղ և պատերազմական պայմաններում զինված ուժերի առջև դրված խնդիրների պլանավորումը, զորքերի (ուժերի) օպերատիվ կառավարումը: Բայց հիմա մանրամասնությունների և ենթադրությունների մեջ չխորանանք, և սպասենք ՊՆ պաշտոնական գրությանը:
Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովին կից աշխատանքային խմբում ընդգրկված են նաև ՊՆ և ԳՇ ներկայացուցիչներ՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյան, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Կարեն Գրիգորյան, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ Սերգեյ Պետրոսյան:
Ավելի վաղ 168.am-ը գրել էր, որ բանակը ճակատագրական ընտրության առաջ է կանգնած, և, որ Փաշինյանը մի օր քաղաքական որոշում է կայացնելու՝ դատել իր իսկ անօրինական հրահանգները կատարած զինվորականներին:
Ի դեպ, մոտ 1 ամիս առաջ Պաշտպանական գերատեսչությունից մեր հարցմանն ի պատասխան՝ ակնարկել էին, որ Սյունիքից զորքի հետքաշման գրավոր հրաման Պաշտպանության նախարարությունում և Գլխավոր շտաբում չկա, ամեն ինչ կատարվել է Նիկոլ Փաշինյանի բանավոր հրամանով:
Ամեն դեպքում այստեղ պատասխանատվության հարց կա՝ ո՞վ պետք է կրի պատասխանատվությունը՝ Փաշինյա՞նը, թե՞ ռազմական ղեկավարությունը:
Իսկ մենք Պաշտպանության նախարարություն ուղարկած մեր մեկ այլ հարցման միջոցով փորձել ենք պարզել նաև՝ քանի՞ մարտական դիրք ենք կորցնում Տավուշում պիլոտային սահմանազատման և սահմանագծման գործընթացի հետևանքով՝ Ադրբեջանին հանձնելու կամ դրանք սահմանապահ ուղեկալների վերածելու տարբերակով, և այլն: Պատասխանը դեռ չենք ստացել: