Եթե իշխանություններն արդեն Տավուշի գյուղերն են հրամցնում, էլ ի՞նչ գազ. հարցում
Հայաստանը պատրաստ է Ադրբեջանից գազ գնել երկու երկրների միջև քաղաքական տարաձայնությունների կարգավորումից հետո. այս մասին դեռ նախորդ տարի Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի շրջանակում հայտարարել էր Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:
Այս տարի թեման դարձյալ սկսեց հոլովվել՝ արդեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից մեսիջներ ուղարկելու ֆոնին։
«Այսօր մենք բավարարում ենք Վրաստանի գազի կարիքների գրեթե 100%-ը։ Մատակարարման ծավալները տարեցտարի ավելանում են, և կարծում եմ՝ հասել են 3 միլիարդ խորանարդ մետրի,- ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ օրերս ասել էր Ալիևը և հավելել, որ հաշվի առնելով, որ Վրաստանի համար գազի գինը շահավետ է և արտոնյալ, Հայաստանը նույնպես կկարողանա ադրբեջանական գազ գնել,- Հաշվի առնելով մերձությունը և ենթակառուցվածքները, իհարկե, նման համագործակցությունը բնական կլիներ»։
Իշխանական ու մերձիշխանական շրջանակները ևս չբացառեցին այս տարբերակը՝ նկատելով, թե Հայաստանը պատրաստ է քննարկել Ադրբեջանից գազի գնման հարցը, ավելին՝ ՔՊ-ական պատգամավոր եղավ, որ զարմանքով արձագանքեց՝ «ինչի Ադրբեջանի գազը թունավո՞ր է, որ չգնենք»։
168.am-ը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ինչպես են իրենք վերաբերվում Ադրբեջանից գազ գնելու հեռանկարին։
«Ես մի բան գիտեմ՝ եթե Տավուշի գյուղերն են հրամցնում, էլ ինչի՞ մասին է խոսքը՝ ի՞նչ գազ։ Գազ-գազ՝ Իրանից թող վերցնեն այդ գազը, անպայմա՞ն է Ադրբեջանից ստանան»,- նշեց մեր համաքաղաքացիներից մեկը։
Մի քանիսը հիշեցրին, թե ինչպես վարվեց Ադրբեջանը և՛ 1990-ականներին, և՛ ընդամենը մեկ տարի առաջ՝ Արցախում. «Ղարաբաղում ի՞նչ արեց՝ փականը դրեց. որ օրն ուզում էր՝ փակում էր, որ օրն ուզում էր՝ բացում էր, հետո էլ՝ փակեց ու փակեց, նույն բանը մեզ է սպասում», «90-ականները հիշենք՝ հերիք է. երբ ուզեն՝ փակեն՝ փականն՝ իրենց մոտ»։
Մեր զրուցակիցներից մեկն ուղղակի հիմարություն որակեց իշխանությունների օրակարգը՝ նկատելով, որ Ադրբեջանը սա կօգտագործի Հայաստանին նորանոր պայմաններ թելադրելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում