Հայաստանը ԵՄ անդամակցության մասին օրենքը չեղարկելու մտադրություն չունի. Փաշինյան
Երևանը մտադրություն չունի չեղարկելու «ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Հիմա որևէ մեկն ասո՞ւմ է՝ «Հայաստանն ո՞ւմ է պետք, Հայաստանը գնալու տեղ չունի»։ Կա՞ տենց հայտարարություն, իսկ կա՞ր տենց հայտարարություն օրենքն ընդունելուց առաջ։ Այո՛, կար, ոչ միայն հայտարարություն, այլև ըմբռնում։ Հետևաբար էդ օրենքը լավ ա։ Էդ օրենքի ընդունումով և՛ Հայաստանի տեսադաշտն է բացվել, և՛ Հայաստանի ընկալման տեսադաշտն է բացվել աշխարհում»,- ճեպազրույցի ժամանակ ասաց Փաշինյանը։
Նրա կարծիքով՝ ՀՀ–ն այսօր շատ լուրջ ձեռքբերումներ ունի արտաքին քաղաքականության ոլորտում, և առանց այդ օրենքի ձեռքբերումներն էլ չէին լինի։
«Ու մենք տենց խեղճացած կամ ներվայնացած կշարունակեինք հետևել հայտարարություններին այն մասին, թե Հայաստանը ոչ մի տեղ չունի գնալու»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` այսօր «Հրապարակը» գրել էր, թե Փաշինյան-Պուտին բիշքեկյան հանդիպումից հետո իշխանական թիմը կրկին երկու բևեռի է բաժանվել․ մի մասը ցնծում է, իսկ մյուս մասը սարսափի մեջ է. ՔՊ-ի ներսում կան մարդիկ, որոնք կարծում են, որ ամենասեղմ ժամկետում՝ մինչև Փաշինյանի մոսկովյան այցը, ՀՀ Ազգային ժողովը պետք է նոր օրենք ընդունի և չեղարկի ԵՄ-ին անդամակցության մեկնարկի մասին ոչ կենսունակ և արկածախնդիր օրենքը։

