Հայաստան-Չեխիա քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. ՀՀ նախագահ

Հայաստանի և Չեխիայի հարաբերությունների զարգացման կարևոր հենասյուներից մեկը ընդհանուր հավատարմությունն է ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին։

Ինչպես Պրահայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այդ մասին ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Պրահայում Չեխիայի նախագահ Պետր Պավելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, որին Պրահայի ամրոցում նախորդել էին Հայաստանի և Չեխիայի նախագահների դեմ առ դեմ և ընդլայնված կազմերով հանդիպումները։

«Ավելի քան երեք տասնամյակ միջպետական հարաբերությունները զարգացել են փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների հիման վրա։ Պետք է ընդգծեմ, որ Հայաստանի և Չեխիայի հարաբերությունների զարգացման կարևոր հենասյուներից մեկը ընդհանուր հավատարմությունն է ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին։

Այսօր Հայաստան-Չեխիա քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, իսկ փոխշահավետ համագործակցությունն ունի զարգացման զգալի ներուժ»,- ասել է Խաչատուրյանը։

ՀՀ նախագահը հավելել է, որ Չեխիայի նախագահի հետ Պրահայում կայացած հանդիպման ընթացքում անդրադարձել են երկկողմ հարաբերությունների լայն օրակարգին՝ քաղաքական երկխոսությունից և տնտեսական համագործակցությունից մինչև բարձր տեխնոլոգիաներ, կրթություն, գիտություն, մշակույթ, զբոսաշրջություն և միջմարդկային կապերի ակտիվացում։

«Եվրոպական ուղղությունը մեր քննարկումների առանցքային բաղադրիչներից էր։ Չեխիան Հայաստանի համար կարևոր գործընկեր է, և մենք բարձր ենք գնահատում նրա աջակցությունը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանն ու երկու երկրի ժողովրդավարական ու ինստիտուցիոնալ բարեփոխումներին։ Հայաստանը շահագրգռված է ԵՄ հետ հարաբերությունների առավել խորացմամբ և պատրաստ է շարունակել այդ ուղղությամբ հետևողական աշխատանքը։ Այս գործընթացում Չեխիայի փորձն ու աջակցությունը մեզ համար էական նշանակություն ունեն»,- նշել է ՀՀ նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930