Խնդրի լուծման տարբերակն այն կլինի, եթե կոնցեսիոն իրավունքը վաճառվի երրորդ երկրի. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել են երկկողմ օրակարգի գործնականում բոլոր հարցերը, բայց Սահմանադրությունը դրա մեջ չի մտնում։
«Արտաքին գործընկերների և այլ երկրների հետ Սահմանադրության օրակարգը և հարցերը չեն քննարկում։ Հակառակը, մեր ցանկությունն է և ուղերձն է, որ այլ երկրներ ընդդիմության խոսույթը չվերցնեն և չօգտագործեն։ Դա չի բխում գործընկերային տրամաբանությունից, դա բացառապես ՀՀ ներքին խնդիրն է»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ երբեմն դիրքորոշումները կիսում են, իհարկե, միջազգային գործընկերների հետ այն շրջանակում, որը կառավարության ծրագրում կամ հրապարակային հայտարարություններում արձանագրվում է։
Սահմանադրության տեքստն, ըստ Փաշինյանի, պատրաստ է, կհրապարակվի մինչև տարվա վերջ։
Ինչ վերաբերում է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությանը, որ Ռուսաստանը չի պատրաստվում Հայաստանի երկաթուղու կառավարման կոնցեսիան այլ կողմի փոխանցել կամ վաճառել, Փաշինյանը շեշտեց.
«Ե՛վ ՀՀ-ում, և՛ ՌԴ-ում կա այն ըմբռնումը, որ խնդրի լուծման տարբերակներից մեկը կոնցեսիոն իրավունքի վաճառքն է երրորդ երկրի՝ Ռուսաստանի և Հայաստանի համար ընդունելի կողմի: Մյուս տարբերակներն իրատեսական չեն թվում ինձ»:
Մանրամասները՝ տեսանյութում

