Սեպտեմբերին Հայաստան է ժամանելու «Ռոսատոմ»-ի ղեկավարը
Սեպտեմբերին Հայաստան է ժամանելու ռուսաստանի «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավարը: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Սեպտեմբերին մենք սպասում ենք «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչյովին, որպեսզի նա ներկայացնի այն առաջարկները, որ այսօր Ռուսաստանը կարող է անել Հայաստանին նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ», – ասաց Փաշինյանը:
«Ատոմակայանի հարցը, ես նախկինում էլ եմ ասել, որ մեզ համար աշխարհքաղաքական ընտրություն չի, մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն հարաբերակցություն. ով մեզ լավագույն առաջարկը անի, մենք գնալու ենք այդ առաջարկի հետևից», – ասաց նա:
Հայաստանի նոր կառավարությունն իր ծրագրով պարտավորվել է մինչև 2027 թվականի ավարտը կողմնորոշվել նոր ատոմակայանի կառուցման տեխնոլոգիայի հարցում։ Այս տարվա մարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե «Հայաստանը որոշում է կայացրել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ», բայց թե կոնկրետ որ երկրի հետ է մտադիր համագործակցություն կնքել՝ Երևանը դեռ չի հստակեցրել։
Մինչ այդ, նշվում է, որ գործող ատոմակայանի՝ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը կրկնակի կերկարաձգվի մինչև 2036 թվականը։

