Ռուսաստանը որոշել է չհեռանա՞լ Հարավային Կովկասից․ ՌԴ ԱԳՆ հայտարարության առանցքային ուղերձը

Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման որոշմանը և Ալիևի՝ ՌԴ կատարած այցին գրեթե զուգահեռ՝ ՌԴ ԱԳՆ-ն ուշագրավ հայտարարություն տարածեց՝ շեշտը դնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վրա։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախարարության կոլեգիայի նիստ էր անցկացրել «Հարավային Կովկասում ռուսական շահերի առաջխաղացման մասին» թեմայով: Նշվել էր, որ ի տարբերություն արևմտականների, Ռուսաստանի համար միշտ առաջնահերթություն է եղել և շարունակում է լինել Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովումը:

ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Մոսկվան շարունակելու է զարգացնել փոխշահավետ համագործակցությունը տարածաշրջանի բոլոր պետությունների հետ:

«Անհրաժեշտ է համարվել շարունակել քայլերը՝ հասնելու Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացմանը, ներառյալ՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցումը, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը»,- ասված էր նիստի ավարտին տարածված հաղորդագրության մեջ:

Կարդացեք նաև

ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում ասվում էր նաև, թե դիտարկվել են «տարածաշրջանի կապվածության և ինքնաբավության ամրապնդման հարցերը՝ ի շահ նրա առջև ծառացած խնդիրների լուծման»՝ առանց արտաքին միջամտության։

«Այս համատեքստում ընդգծվել է «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան՝ գումարած Իրան, Ռուսաստան, Թուրքիա) ներուժի օգտագործման առանձնահատուկ նշանակությունը։ Այս ուղղությամբ նախանշվել են գործնական քայլեր»,- ասված էր հաղորդագրությունում։

Ռուս վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Ռուսաստանի ազդեցության գոտիներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, էական զարգացումներ են գրանցվել։

Եվ, նրա խոսքով, սա կարծես վերջին տարիների ընթացքում առաջին անգամն է, երբ ՌԴ ԱԳ նախարարությունը Հարավային Կովկասում իր հետագա անելիքների հարցը քննարկում է այս ձևաչափով։

Վերլուծաբանի կարծիքով, սա ուշացած է, բայց նաև հասկանալի, քանի որ ՌԴ հատուկ ռազմական օպերացիայի մեկնարկից հետո ՌԴ արտաքին քաղաքական առաջնահերթությունները փոխվել են, քաղաքականության հնարավորությունները՝ նվազել, ինչպես նաև լուրջ տրանսֆորմացիաներ են տեղի ունեցել ազդեցության գոտիներում Արևմուտքի գործունեության, ինչպես ՌԴ պասիվության հետևանքով։

«Սակայն այս նիստն ու նման հայտարարությունը նշանակում է, որ ՌԴ-ն փորձելու է պահպանել իր ազդեցությունը Հարավային Կովկասում, չնայած դրան զուգահեռ արվող քայլերն այլ բանի մասին են փաստում, օրինակ՝ խաղաղապահների հեռանալը Ղարաբաղից։ Սակայն գուցե վերաֆորմատավորում ընթանա և ազդեցության միջոցները, սուբյեկտները փոփոխվեն։ Այս հայտարարության կարևոր շեշտադրումը վերաբերում էր ռեգիոնալ կապուղիներին։ Հետպատերազմյան եռակողմ պայմանավորվածությունների մեծ մասը կատարված է, բանակցությունները տեղափոխվել էին Արևմուտք, իսկ ներկայումս՝ երկկողմ հարթակ, ուստի ուշագրավ է, որ ՌԴ-ն անդրադառնում է հենց այս պայմանավորվածություններին Ադրբեջանի նախագահի մոսկովյան այցից հետո։ Գուցե կան որոշ պայմանավորվածություններ Մոսկվա-Բաքու ձևաչափով, որ ապաշրջափակման բանակցությունները կլինեն մոսկովյան հարթակում, որը հնարավորություն կտա այդ մասով իրագործել ռուսական ծրագիրը։ Սրան ակնհայտորեն դեմ է լինելու Երևանը։ Սա Մոսկվայում հասկանում են, սակայն կարծում են, թե ՀՀ արտաքին արևմտյան վեկտորն անշրջելի չէ»,- նման կարծիք հայտնեց Լուկիանովը։

Այնուամենայնիվ, ըստ նրա՝ բարդ է կանխատեսել, թե որքանով ռուսական այս ծրագիրն իրագործելի կլինի, քանի որ Մոսկվա-Բաքու պայմանավորվածությունները, ինչպես նաև առավել ևս՝ Մոսկվա-Երևան-Բաքու պայմանավորվածությունները նախկինում կայուն չեն եղել, ուստի ասել, թե կողմերն իրենց որ փուլում ինչպես կդրսևորեն՝ բարդ է։

«Դա բարդ է՝ նաև հաշվի առնելով սահմանազատման գործընթացը, որն ընթանում է ցնցումներով, ինքնին բարդ գործընթաց է, և մինչ ապաշրջափակման գործընթաց բավականին երկար ժամանակ գուցե պահանջվի։ Չի բացառվում նաև, որ այս ամենը զուգահեռ տեղի ունենա, սակայն մենք չգիտենք՝ այս ամենը փակ բանակցություններում է որոշվում, ավելին՝ կարող է որոշվել ու չեղարկվել, քանի որ մենք ապրում ենք աշխարհաքաղաքական անորոշությունների իրավիճակում, երբ չկա որևէ կայունություն»,- ասաց վերլուծաբանը։

Նա նաև գտնում է, որ այս հայտարարությունը ցույց է տալիս, որ ռեգիոնալ մակարդակով Իրան-Ռուսաստան-Թուրքիա մրցակցությունը թուլացել է, քանի որ կա ավելի մեծ մրցակից ռեգիոնում՝ Արևմուտքի տեսքով, որը Երևանն ու Թբիլիսին փորձում է դարձնել իր քաղաքականության համար հենակետեր։

«Ուստի եթե ամփոփենք՝ այս հայտարարությունը երկու գլխավոր ուղղություն ուներ՝ ցույց տալ, որ ՌԴ-ն չի հեռանում ռեգիոնից և վերափոխում է իր ազդեցության սուբյեկտները, ինչպես նաև Արևմուտքին հայտարարում է ռեգիոնում գլխավոր մրցակից»,- նկատեց Լուկիանովը։

Տեսանյութեր

Լրահոս