Լուկաշենկոն սպառնացել է բռնագրավել Բելառուսի տարածքում մնացած լիտվական բեռնատարները
Բելառուսը պատրաստ է առաջիկա ժամերի ընթացքում վերսկսել աշխատանքը Լիտվայի հետ սահմանային անցակետերում։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Ուզում եմ հայտարարել, որ մենք պատրաստ ենք սահմանի բացմանը։ Մենք այն չենք փակել։ Մի քանի ժամվա ընթացքում այն մեր կողմից կարող է վերսկսել աշխատանքը։ Սահմանապահները պատրաստ են դրան»,- ասել է նա։ Լուկաշենկոն չի բացառել, որ Բելառուսի տարածքում մնացած լիտվական բեռնատարները կարող են առգրավվել, եթե դրանց հետ կապված իրավիճակը չկարգավորվի։ Նրա խոսքով՝ լիտվական բոլոր մեքենաները հավաքված են և գտնվում են հսկողության տակ։
«Տրանսպորտային միջոցները հավաքվել են և հսկողության տակ են։ Դրանք պահողները, կարծեմ, օրական 120 եվրո են խնդրել։ Բազմապատկեք այնտեղ կանգնելու օրերի քանակը 120 եվրոյով։ Վճարեք և վերցրեք տրանսպորտային միջոցները և դրանց բեռը։ Եթե դա չարվի առաջիկա մի քանի օրերի ընթացքում, մենք որոշում կկայացնենք մեր օրենքներին համապատասխան, ընդհուպ մինչև տրանսպորտային միջոցների բռնագրավումը։ Դրանք չեն կարող ճանապարհներին մնալ», – ասել է Լուկաշենկոն՝ նշելով, որ խոսքը հազարից ավելի բեռնատարների մասին է։
Ավելի վաղ հայտարարություն էր տարածել Բելառուսի ԱԳՆ-ն՝ հայտնելով, որ Լիտվայի կողմից սահմանը փակելու որոշումից հետո 1100 բեռնատար մնացել է բելառուսական կողմում։ Հոկտեմբերի 29-ին Լիտվան մեկ ամսով փակել է Բելառուսի հետ իր ճանապարհային սահմանը։ Պատճառը իրենց երկրի օդային տարածք Բելառուսից ապօրինաբար մտնող մաքսանենգ օդապարիկներն էին։ Ի պատասխան այս քայլի՝ հոկտեմբերի 31-ին Բելառուսն արգելել է Լիտվայում գրանցված բեռնատարներին և տրակտորներին երթևեկել իր ավտոճանապարհներով։

