Բաժիններ՝

«Տիգրանի մայրը տեղափոխվել է Կախակն գյուղ, նախատեսված է այցելություն, հասկանանք, թե հորեղբոր հարցն ինչպես ենք կարգավորելու». Ծափաթաղի վարչական ղեկավար

Հոկտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում անհետացել էր 3-ամյա Տիգրան Օվանեսովը։ Օրեր անց, նոյեմբերի 2-ին ժամը 15-ի սահմաններում, Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում փրկարարները հայտնաբերել էին երեխայի դին, մարմնի, գլխի շրջանում մարմնական վնասվածքներով։

Այնուհետև ՆԳ նախարարը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ նախնական տվյալներով՝ երեխային խեղդամահ է արել հայրը։ Քննչական կոմիտեն էլ հայտնել էր, որ անձը, որ երեխային սպանել էր, կալանավորվել է։

168.am հետ զրույցում Ծափաթաղի վարչական ղեկավար Դավիթ Գզողյանն ասաց, որ ընտանիքի հետ շփվելու տարբեր առիթներ են եղել, սակայն երբևէ վատ ու արտասավոր բաներ ընտանիքում չի նկատել։ Ասում է՝ տեղի ունեցածից պարզապես ապշած են։

«Այս պահին Տիգրանի եղբայրներն ու քույրը ՀՕՖ-ում են գտնվում, Տիգրանի մայրը տեղափոխվել է իր հայրական գյուղ՝ Կախակն։ Երեխայի հորաքույրն ու հորեղբայրը տեղափոխվել են մեկ այլ տուն՝ գյուղի ներքևի հատվածում է գտնվում։ Վաղը նախատեսվում է այցելություն միասնական սոցիալական ծառայության մասնագետների հետ համատեղ, հասկանանք, թե հորեղբոր հարցն ինչպես ենք կարգավորելու։

Կարդացեք նաև

Ամեն դեպքում այցելության ժամանակ Տիգրանի հորաքույրը ասել է, որ եղբորը կնայի, կպահի»,- նշեց Դավիթ Գզողյանը։

Վարչական ղեկավարի խոսքով՝ ընտանիքի անդամների առողջական խնդիրների վերաբերյալ տեղյակ չէ, թե ինչ են ասել նրանց բուժհաստատություններում, սակայն գիտի, որ ընտանիքից կան մարդիկ, ովքեր հաշմանդամության կարգ ունեն։

«Իրենց առողջական խնդիրները համայնքապետարանի տիրույթում չէ, իմ տեղեկություններով՝ բուժքույրն իր կարողությունների սահմաններում նրանց օգնել է, այցելել է նրանց տուն։ Կարծում եմ՝ նրանք հատուկ մասնագետների կարիք ունեն։

Այդ մարդու մոտ ո՛չ ես, ո՛չ էլ որևէ մեկը վատ երևույթներ չենք նկատել, իրենց ընտանիքից, որպես այդպիսին՝ բողոք չի եղել, ոչ էլ որևէ խնդիր։ Դպրոցում էլ երեխաների հետ կապված խնդիր չի եղել։ Եթե իրենց ընտանիքում եղել է խնդիր, ուրեմն՝ շատ փակ է եղել, որևէ մեկս տեղյակ չենք եղել»,- նշեց վարչական ղեկավարը։

Տեսանյութեր

Լրահոս