Կեղծ խաղաղության պատրանքը. Թուրք-թաթարական վայրագություններն Արցախում 1917 թվականին

Հայերի և թուրք-թաթարական խմբերի միջև համակեցության հարցը տարբեր ժամանակներում ունեցել է գրեթե նույն դրսևորումը: Թշնամու նպատակները միշտ նույնն են եղել, չեն փոխվում նաև հիմա, իսկ մենք, ցավալիորեն, դասեր չենք քաղում, և դեռ մեր օրերում շատերը մտածում են, որ կարող է լինել, այսպես կոչված, հայ-ադրբեջանական մարդկային խաղաղ հարաբերություններ: 20-րդ դարի սկզբին հայերի հանդեպ իրականացված բռնությունները, կոտորածները և ցեղասպան քաղաքականությունը փաստեցին, որ դա անհնար է:

Նույն այդ ժամանակաշրջանում՝ 1900-ականների առաջին տասնամյակներում, երբ թուրք-թաթարական մարդկային խմբեր կային նաև Արցախում և հարակից շրջաններում, տեղի ունեցան վայրագություններ ու հարձակումներ խաղաղ հայ բնակչության դեմ։ Այս պատմական փորձը ոչ միայն չմոռացվեց, այլ դարձավ հայ ժողովրդի պատմական հիշողության անբաժան մաս: Թերթելով 1900-ականների սկզբի մամուլը, կարդում ենք բազմաթիվ դեպքեր, թե հատկապես Արցախում ինչպե՞ս են իրենց դրսևորել թուրք-թաթարական հրոսակախմբերը:

Կարդացեք նաև

«Ապառաժ» թերթի գրեթե յուրաքանչյուր համարում կան թուրք-թաթարական խմբերի վայրագությունների մասին փաստեր: Թերթի 1917 թվականի համարներից մեկում մասնավորապես կարդում ենք.

«Խաչեն, 30 մայիսի: Ամսոյս 20-ին գյուղիս հանդից թուրքերը գողացել են համագյուղացի Իսրայել Մնացականյանի երկու կովը, որոնցից մեկը փախչելով վերադառնում է, իսկ մյուսը մինչև օրս չկա: 22-ի գիշերը նույն Մնացականյանի տան բակից տարել են երեք տավար, որոնցից երկուսը գտնվել են անտառում կապված: Նույն օրը համագյուղացի Արամ Տեր-Ղուկասյանը (15 տարեկան) ընկերների հետ գնում է անտառ փայտի: ճանապարհին պատահում են մի խումբ խալֆալուեցի թուրքերի, որոնք արածացնում էին մեր գյուղացիների խոտհարքերը. Ընկերները Արամին ուղարկում են խոտհարքներից դուրս անելու թուրքերի ապրանքը, բայց վերջինները սառը զենքով վիրավորում են երեք-չորս տեղից»: («Ապառաժ», 1917, N 3):

Այս հոդվածը փաստում է նաև այն իրողությունը, որ թե՛ Արցախում, և թե՛ Հայաստանում 1900-ականներին թուրք-թաթարական խմբերը խախտում էին սահմանները, զբաղվում անասնապահությամբ և ինչ-որ պահից սկսած ինքնահաստատվում հայկական հողերում, արագ բազմանում և տարածքներին անվանում տալով փորձում դա համարել իրենցը:

Թերթի մեկ այլ համարում կարդում ենք նրանց կատարած հերթական ոճրագործության մասին.

«Վերջին երկու ամսվա ընթացքում հետևյալ գողության դեպքերն է տեղի ունեցել. գողերը Ամարասի վանքի պարիսպը ծակելով տարել են երեք ոչխար, Կոլխոզաշենի կալերից մի մատակ գոմեշ և մի եզ: Չանաղչու կալերից մի եզ, մի ոչխար, Դանիելբեկյանի մագյան ձին, Մանասբեկենց երկու ձիու քուռակ և մի եզ, վանքի այգուց մի ոչխար օրը ցերեկով, Ղ. Ճարտարից երկու կով, մի Սոսեցու երեք ձիերը և այլն: Եւ այդ դեռ բավական չէ, գողերի հանդգնությունը այնտեղ է հասել, որ ներկա հունվար ամսի 2-ին, գիշեր ժամանակ, զինված հարձակում են գործում Կոլխոզաշենի կալերի Արզումանի խանութի վրա, խանութպանին, կնոջն ու հարսին խանչալով ու մահակով ջարդելուց, սարսափահար անելուց հետո խանութում եղած մոտ հազար երկու հարյուր ռուբլու ապրանքն ու կանանց զարդարանքները առնում, տանում են: Ի շնորհիվ շրջանիս պրիստավ Իսրայել բեկ Մելիք Իսրայելյանի եռանդուն ջանքերին ու հմուտ գործելակերպին, գիշերային այդ սև հերոսների մեծ մասը այժմ արդեն հայտնագործվել են և արդարադատության ձեռքը անցել, որոնք չորս թուրքեր են»: («Ապառաժ», 1917, N 10):

Հետաքրքրական է այն փաստը, որ այս հանցագործությունը կատարած թուրքերը, երբ հայտնվում են իրավապահների ձեռքում, պարզվում է, որ նրանցից մեկն ունի հայերի դեմ հանցագործությունների մի մեծ պատմություն.

«Վերջերս բռնած գողերի մեջ աչքի է ընկնում Ղաջարեցի Ջաֆար Հուսեին Ալի օղլին, որը 27 տարի առաջ աքսորված էր Սիբիր, բայց պաշտոնական պատերազմի հայտնի մանիֆեստով ազատվելով վերադարձել է: Հունվարի 20-ին իր ընկերների հետ թակարդ է ընկնում: Ննգի գյուղից չոր տավար գողանալով իր ընկերներով լուսաբացին Կոլխոզաշենի կալերի մոտով անցնելիս տանուտերի օգնական Ավետիս Ջավադյանցի մարդկանցով շրջապատվելով, բռնվում են և հանձնվում պրիստավին: Ջաֆարի տունը անմիջապես խուզարկության է ենթարկվում, դուրս են բերում կողոպտված խանութի ապրանքի մի մասը և մի հրացան: Այդ հրացանը պատկանելիս է եղել երկու ամիս առաջ Տող գյուղի ձորի ջրաղացում սպանված հայ երիտասարդին, որով այդ երիտասարդն ու ջրաղացպանը իրենց պաշտպանելիս են եղել դրսից հարձակվող գողերի դեմ, բայց ժանգոտած փամփուշտը հրացանի մեջ ուռչելով դուրս չէ եկել, գողերը համարձակ դուռը կոտրելով ներս են խուժել, երկսին էլ սպանել, հրացանն ու եղած ալյուրը հետները տարել: Այժմ պարզվում է, որ թե խանութի և թե ջրաղացը կողոպտելու հերոսը նույն Ջաֆարն է եղել, որը վերջերս Ղաջարի թուրքերի պատիժ-պատուհասն էր հանդիսացել»: («Ապառաժ», 1917, N 11):

Ժամանակներն անցնում են, սակայն մեր օրերում ևս թշնամական նույն ուժերն ու նույն գաղափարախոսությունը շարունակում են իրենց գործը: Թշնամու նպատակն անփոփոխ է մնացել: Հետևաբար, երբ այսօր խոսվում է հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական «մարդկային խաղաղ հարաբերությունների կամ խաղաղ համակեցության» մասին, պետք է հիշել անցյալի և վերջին տարիների պատմությունը։

Պետք է հիշել, որ խաղաղությունը չի կարող գոյանալ այնտեղ, որտեղ արդարությունը մերժված է, որտեղ դեռ չեն ճանաչվել և դատապարտվել անցյալի ոճրագործությունները։ Միայն պատմական գիտակցությունը և ազգային արժանապատվությունը կարող են մեզ զերծ պահել կրկնելու նույն սխալները։

Եվ քանի դեռ հայ ազգը հիշում է իր պատմությունը՝ նա չի կարող խաբվել կեղծ խաղաղության պատրանքներին:

Զ. Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս