Բաժիններ՝

ԱՄԷ-ն քիչ հավանական է համարում Գազայի կայունացման ուժերին միանալը

Արաբական Միացյալ Էմիրությունները քիչ հավանական է, որ մասնակցի Գազայի միջազգային կայունացման ուժերին։ Ինչպես տեղեկանում ենք Al Quds Al Arabi պարբերականից, այս մասին Աբու Դաբիի ռազմավարական ֆորումի իր ելույթում հայտնել է ԱՄԷ նախագահի խորհրդական Անուար Գարգաշը։

«ԱՄԷ-ն դեռևս չի տեսնում խաղաղապահ ուժերի հստակ շրջանակ։ Այս պայմաններում քիչ հավանական է, որ մասնակցի նման ուժերին»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ ԱՄԷ-ն կշարունակի աջակցել Գազայի հարցի կարգավորմանն ուղղված բոլոր քաղաքական ջանքերին։

Գարգաշը նաև շեշտել է, որ պաղեստինցի և իսրայելցի ժողովուրդների համար հարատև խաղաղության և անվտանգության հասնելու միակ ճանապարհը քաղաքական գործընթացի միջոցով երկու պետության սկզբունքով կարգավորմանը հասնելն է՝ 1967 թվականի սահմանների հիման վրա անկախ պաղեստինյան պետության ստեղծմամբ, որի մայրաքաղաքը կլինի Արևելյան Երուսաղեմը։

Սեպտեմբերի 29-ին Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածում հակամարտությունը լուծելու ծրագիրը։ Փաստաթուղթը բաղկացած է 20 կետից և, ի թիվս այլ բաների, նախատեսում է պաղեստինյան անկլավում ժամանակավոր արտաքին կառավարման հաստատում և այնտեղ միջազգային կայունացման ուժերի տեղակայում։ Գազայի հատվածում միջազգային ուժերի տեղակայման ծրագիրը հրադադարի հաջորդ փուլի հիմնական տարրն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս