Լավրովը բացահայտեց ՀՀ իշխանությունների գլխավոր մանիպուլյացիան
Նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձավ ՀԱՊԿ-ի հասցեին պաշտոնական Երևանի հիմնական մեղադրանքին։
Ռուսական ԶԼՄ-ներին տված իր հարցազրույցում արտգործնախարար Լավրովն ասաց՝ երբ Հայաստանում ասում են, որ ՀԱՊԿ-ը չի կարողանում որոշել իր պատասխանատվության գոտին երկրում, ապա Երևանն ինքը դա չի որոշել։
Նա ուշադրություն է հրավիրել Հայաստանի իշխանությունների հայտարարության վրա՝ Ալմա Աթայի հռչակագրի շրջանակներում 1991 թվականի սահմանները հարգելու պատրաստակամության մասին, ինչը նշանակում է, որ Ղարաբաղը գտնվում է Ադրբեջանի կազմում։
«Բայց դրան զուգահեռ՝ ստեղծեցին սահմանազատման հանձնաժողով։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Տավուշի մարզում չորս ոչ անկլավային գյուղերի մասին, որոնք պատրաստ է փոխանցել։ Նա այժմ այդ շրջանում համոզում է բնակչությանը, որ այլ կերպ վարվելը սխալ կլինի։ Իսկ 1991 թվականի սահմանը, որը Փաշինյանը ցանկանում էր, որ ՀԱՊԿ-ը հաստատեր ու պաշտպաներ, հաշվի չի առնվում»,- ասաց Լավրովը։
Այս սահմանները, ըստ նրա, սահմանազատման և միակողմանի քայլերի մասին խոսելու գործընթացում դառնում են «շարժական»։ «Ուստի, նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը, ինչն ակտիվորեն անում է Հայաստանի ղեկավարությունը»,- ասել է նախարարը։
Ավելի վաղ ՀԱՊԿ–ն արձագանքել էր ՀՀ-ում իր պատասխանատվության տարածքի մասին Փաշինյանի իշխանության բարձրացրած հարցին՝ նշելով․ «Պատասխանատվության ոլորտի մասին ձևակերպումը բավականին բարդ է, և այն ավելի շատ նպատակ ունի ուշադրություն հրավիրել հանրապետությունում տիրող իրավիճակի վրա, քան ստանալ առարկայական պատասխան։ Համաձայն 2010-ի փոխգործակցության սկզբունքների մասին համաձայնագրի, որը ստորագրվել է ՀԱՊԿ-ում, պատասխանատվության գոտին անդամ երկրների ինքնիշխան տարածքն է։ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին ավարտվում է այնտեղ, որտեղ անցնում է Հայաստանի և նրա հարևանների միջև երկկողմանի հիմունքներով կարգավորված պետական սահմանը»։
Սա ներկայացվեց այնպես, որ ՀԱՊԿ-ը չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ սրան հակադրելով Փաշինյանի այն պնդումը, թե իբրև թե ԵՄ-ն, ի տարբերություն ՀԱՊԿ-ի, ճանաչել է ՀՀ ինքնիշխան տարածքը։
Փաշինյանը տարեվերջին նշել էր, թե ԵՄ-ն, օրինակ, ճանաչել է Հայաստանի ինքնիշխան տարածքը, 2022-ի հոկտեմբերի 6-ին բանակցությունների ընթացքում սեղանին դրված է եղել քարտեզ, որը ճշգրիտ արտահայտել է իրականությունը:
«2023-ի մայիսի 14-ին բանակցությունների սենյակում կախված է եղել մեծ քարտեզ, ընդ որում, ընդգծված է եղել Հայաստանի ինքնիշխան տարածքը: Նաև դա է պատճառը, որ ԵՄ-ն դիտորդներ ունի Հայաստանի տարածքում»,- ասել էր Փաշինյանը` սա ներկայացնելով իբրև թե ԵՄ հստակ դիրքորոշում՝ ի հակադրություն ՀԱՊԿ-ի դիրքորոշման։
Սակայն երեկվա հայկական կողմի զիջումները կարծես տեղի են ունեցել ոչ այն քարտեզով, որով ցանկանում էին սահմանազատում իրականացնել ՀՀ իշխանությունները։ Ավելին՝ ստեղծվում է տարօրինակ իրավիճակ՝ ԵՄ-ն ողջունել է ՀՀ այս զիջումն Ադրբեջանին՝ ի տարբերություն, օրինակ, Ռուսաստանի, որը որևէ հայտարարությամբ հանդես չի եկել, ավելին՝ այս գործընթացը որակել է միակողմանի։
Ի դեպ, Ռուսաստանի նմանությամբ դիրքորոշում է հայտնում նաև իրանական կողմը, սակայն իշխանական շրջանակները, իհարկե, թիրախավորում են միայն Ռուսաստանին, ինչը տարօրինակ է։
Այս մասով, ըստ էության, թե Ռուսաստանը, Իրանը, և թե Արևմուտքն ունեն նույնական դիրքորոշումներ, ավելին՝ ՀՀ իշխանություններին նվազագույն աջակցություն ցույց տալով՝ Արևմուտքը Հայաստանի իշխանություններին մղում է է՛լ ավելի ակտիվ զիջումների։
Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ եթե այսպիսի արդյունքով բանակցություններ լինեին կողմերի միջև, և դրան ներկա լիներ ՌԴ ներկայացուցիչը, ապա այս արդյունքի պատասխանատվությունը դրվելու էր ռուսական կողմի վրա։
Հիմա, նրա խոսքով, հայկական կողմն անում է միակողմանի քայլ Արևմուտքի հետ համագործակցությամբ, սակայն դա ներկայացվում է բացառիկ ձեռքբերում։
Նրա կարծիքով, նախ՝ ՀՀ իշխանությունները պետք է իրենց ձևակերպումներում և քաղաքականությունում հստակ լինեն, դրանից հետո միայն պահանջեն հստակություն գործընկերներից՝ չկիրառելով երկակի չափանիշներ։
«Հայաստանի համար այն, ինչ ընդունելի չէ Ռուսաստանի դեպքում, ընդունելի է Արևմուտքի դեպքում։ Սա չափազանց էական հանգամանք է, այսինքն՝ ՀՀ-ն ոչ թե ինչ-որ պատճառով դժգոհ է Ռուսաստանից, քանի որ կան պատճառներ, այլ պարզապես ցանկանում է անել աշխարհաքաղաքական շրջադարձը՝ դրա ողջ պատասխանատվությունը բարդելով Ռուսաստանի վրա։ Եթե հայկական կողմն ինքն է արձանագրում, որ առաջին անգամ լինելու է սահմանազատված սահման, ի՞նչ էին ակնկալում Ռուսաստանից, որ ի՞նչ հայտարարեր Ռուսաստանը։ Օդի մեջ կարելի է շատ բան ճանաչել, այստեղ հստակ չէ՝ ի՞նչ է ճանաչել ԵՄ-ն, ու ի՞նչ չէր ճանաչել Ռուսաստանը։ Կամ՝ հստակ չէ՝ եթե ԵՄ-ն ճանաչել էր, Հայաստանին աջակցում էր, ապա ինչո՞ւ իսկապես չի աջակցում, և կա միակողմանի փոխզիջումային գործընթաց։ Սրանք խոսքային մանիպուլյացիաներ են, կարելի է ամեն բան ներկայացնել այնպես, ինչպես ցանկանում ես։ Պարզ է, թե ինչու Երևանում այս դիրքորոշման համար թիրախավորվեց միայն Ռուսաստանը»,- ասաց նա։
Անդրադառնալով սահմանազատման գործընթացին՝ Տարասովը նշեց, որ այն առանձնացվել է խաղաղության համաձայնագրից։
Նրա համոզմամբ, եթե սահմանազատումն իրականացվեր Խաղաղության համաձայնագրի կնքումից հետո, մի փոքր ավելի հեշտ կլիներ։
«Սակայն գործընթացի, համաձայնագրի ներկայիս տեսքը, ինչպես նաև միջնորդների ու երաշխավորների բացակայությունը թույլ է տալիս ենթադրել, որ սահմանային միջադեպերը շարունակական են լինելու։ Դեռևս կայունության մասին խոսել չի հաջողվում»,- ասաց նա։