Արևմուտքը խուսափում է Իրանի նկատմամբ պատասխան հարվածից, դա է Իրանի գործողության արդյունքը․ ռուս արևելագետ
«Իրանի իրականացրած մասշտաբային օդային օպերացիան ուղիղ Իրանի տարածքից ծառայեց իր նպատակին։ Անկախ հետագա զարգացումներից և նույնիսկ Իսրայելի հնարավոր պատասխանից՝ ակնհայտ դարձավ, որ լայնածավալ պատերազմի այս ուղղությամբ Արևմուտքը գոնե դեռ չի ցանկանում»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին՝ անդրադառնալով օրերս Իրանի իրականացրած օպերացիային Իսրայելի տարածքում։
Հիշեցնենք, որ Իրանը հարյուրավոր անօդաչու սարքեր արձակեց Իսրայելի ուղղությամբ, իրավիճակը լարված էր ողջ գիշեր: Ապրիլի 13-14-ի գիշերն Իրանն արձակեց 185 անօդաչու թռչող սարք, 110 բալիստիկ հրթիռ և 36 թևավոր հրթիռ։ Հրթիռների մեծ մասն արձակվել էր Իրանից, մի մասը՝ Իրաքից և Եմենից: Իրանն օպերացիան անվանեց «Խոստման կատարում» և նախազգուշական հայտարարությամբ հանդես եկավ։ Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Հոսեյն Բաղերին, մեկնաբանելով Իրանի գիշերային հարձակումն Իսրայելի վրա, հայտարարել է, որ իրենք այս գործողությունը դիտարկում են՝ որպես արդյունք, և իրենց տեսանկյունից այն ավարտվել է, այն շարունակելու մտադրություն չկա:
«Բայց եթե սիոնիստական ռեժիմը որևէ քայլ ձեռնարկի նաև մեր դեմ, մեր հողի վրա կամ Սիրիայում, կամ այլ երկրում մեզ պատկանող օբյեկտներում, մեր հաջորդ գործողությունն ավելի մեծ կլինի»,- նախազգուշացրել է Բաղերին:
Իրանական պաշտոնական մեկնաբանությունների համաձայն՝ իրանական օպերացիան ծառայել է իր նպատակին, իսկ արևմտյան ղեկավարների մեկնաբանությամբ՝ իրանական հարձակումը կատարյալ ձախողում էր, քանի որ անօդաչու սարքերի մեծ մասն իսրայելական կողմն իր արևմտյան դաշնակիցների աջակցությամբ իբրև թե կարողացավ որսալ և չեզոքացնել հնարավոր հետևանքները։
Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ շատ ավելի կարևորում է այն հանգամանքը, որ մի քանի օր շարունակ Իրանը հավաքական Արևմուտքին ու Իսրայելին պահեց վախի մթնոլորտում՝ խոստանալով պատասխան, սակայն ձգձգելով դրա իրագործումը՝ աշխարհի ուշադրությունը բևեռելով Իրանի և կայացվող որոշումների վրա։
Ըստ վերլուծաբանի, Իրանն իրականացրեց լավագույնս ծրագրված ակցիա։
«Կարծում եմ՝ այն Արևմուտքը գնահատեց, քանի որ տեղի ունեցածն աշխարհում իր մասշտաբով աննախադեպ դրոնային հարձակում էր, սակայն Իսրայելում և Արևմուտքում կարծես ավելի լուրջ հետևանքներ էին ակնկալում, հենց այդ պատճառով էլ այդ ընթացքում Նեթանյահուն իր բնակության վայրն էր փոխել, և սպասումը մեծ էր։ Սակայն, ըստ նույնիսկ արևմտյան մի շարք վերլուծաբանների, ծրագրված էր այնպես, որ թիրախում լինեն միմիայն ռազմական օբյեկտները, իսկ դրոնները հնարավոր լինի որսալ։ Ակնհայտ էր նաև, որ Թեհրանն իր ողջ ռեսուրսը չօգտագործեց, այդ թվում՝ ռեգիոնալ մասշտաբով ռեսուրսը։ Այսպես Իրանը թե ուժ ու վճռականություն ցուցադրեց, թե կարողացավ այնպես դիրքավորվել, որպեսզի ժամանակին դադարեցնի օպերացիան, և այն չվերաճի ավելի լայնամասշտաբ պատերազմի։ Սա ցույց տվեց նաև Արևմուտքի լայնամասշտաբ աջակցությունն Իսրայելին, սակայն բացահայտեց, որ Արևմուտքը չի ողջունում Իսրայելի կողմից պատասխան հարվածի հնարավորությունը։ Պատերազմ չեն ցանկանում ոչ Իրանը, ոչ ԱՄՆ-ը, սա նշանակում է, որ լայնամասշտաբ էսկալացիայից հնարավոր կլինի խուսափել»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։
Նա գտնում է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է, որպեսզի Իսրայելն իջեցնի լարվածության մակարդակը և պատասխան գործողությունների չդիմի ոչ միայն Իրանի ուղղությամբ, այլև հրաժարվի ծրագրած մի շարք այլ օպերացիաներից, որպեսզի արևմտյան դաշնակիցները չներքաշվեն ևս մեկ պատերազմի մեջ այս փուլում։
«Իսրայելի խնդիրը բարդ է այս փուլում, քանի որ կա և պատասխան տալու գայթակղությունը, և ներքին ու արտաքին ճնշումներ։ Եվ, ըստ ամենայնի, Նեթանյահուն ինչ-որ անուղղակի քայլերով կփորձի պատասխանել, որպեսզի դա հավելյալ խնդիրներ չստեղծի Իրանի հետ»,- ասաց վերլուծաբանը։
Ռուս վերլուծաբանը գտնում է, որ լայնածավալ էսկալացիայի բացառումը լավ է նաև Անդրկովկասի համար, քանի որ այդ դեպքում վտանգներ ու սպառնալիքներ էին ստեղծվելու նաև Հայաստանի ու Ադրբեջանի համար։
«Իրանն այս գործողությամբ ավելացրեց իր կշիռը ռեգիոնում և աշխարհում, իրականացնելով լիովին կառավարելի ու բարդ հարձակման օպերացիա, որը տևեց 5 ժամ, սակայն պատասխան հարվածի հավանականությունը շատ քիչ է։ Սա է Իրանի օպերացիայի արդյունքը, քանի որ մնացած բոլոր որակումները և լուրերը տեղավորվում են հակաիրանական քարոզչության շրջանակում»,- ասաց նա։