Հայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանում
Հայաստանցի 15 տարեկանները գրագիտության լուրջ խնդիր ունեն մաթեմատիկայից, բնագիտությունից ու ընթերցանությունից, փաստում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) վերջին հետազոտությունը: Այս մասին գրում է Ազատությունը։
«Ըստ այդմ, հայաստանցի աշակերտների մոտ 1%-ն է լավագույն արդյունք ցույց տվել մաթեմատիկայից, գրեթե ոչ մի սովորող չի ունեցել լավագույն արդյունք բնագիտական ոլորտում, և գրեթե ոչ մի աշակերտ չի ստացել ընթերցանության մեջ 5 կամ ավելի բարձր աստիճան: Այս ցուցանիշներով Հայաստանը վերջին հորիզոնականում է տարածաշրջանում՝ զիջելով Վրաստանին, Ադրբեջանին ու Թուրքիային։
OECD-ի վերջին հետազոտությանը մասնակցել է 91 երկրի 760,000 15-ամյա աշակերտ․ մասնագետները եզրակացրել են՝ ողջ աշխարհում վիճակը առանձնապես լավ չէ:
OECD-ի թեստը համարվում է կրթական առաջադիմության աշխարհի առաջատար չափանիշներից մեկը, և դրա արդյունքները մանրամասն ուսումնասիրվում են կառավարությունների և կրթության ոլորտի մասնագետների կողմից։
Հայաստանը անցած տարի է առաջին անգամ մասնակցել Սովորողների միջազգային գնահատման այդ ծրագրին (PISA):
Ըստ այս ուսումնասիրության՝ կրթական առաջադիմության տեսանկյունից աշխարհում առաջատարը Արևելյան Ասիայի երկրներն են՝ թեստին մասնակցած չինական քաղաքները, Ճապոնիան, Հարավային Կորեան, Սինգապուրը և Թայվանը։
Լավագույն տասնյակում են նաև Մեծ Բրիտանիան և Էստոնիան՝ ընթերցանության, մաթեմատիկայի և բնագիտության ցուցանիշներով»։

