Պապիկյանը չգնաց Գրիգորյանի գրքի շնորհանդեսին, իսկ նա ՊՆ-ի փոխարեն դեռ նախընտրեց PMCG-ն․ արդյո՞ք պատմությունն ավարտված է
Սեպտեմբերի 2-ին անդրադարձել ենք ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի որոշակի ակտիվությանը՝ 2018 թվականի «թավշյա հեղափոխության» մասին նրա գրքի՝ ընթերցողի դատին հանձնելու համատեքստում, կամ, գուցե, այդ առիթն օգտագործելով։
Մենք գրել էինք նաև, որ արցախցի նախկին պաշտոնյան, իր իսկ տեղեկացմամբ, «2022 թվականից համապատասխանում է նաև այլ պաշտոնների»։
ԱԽ քարտուղարի պաշտոնից նրա ազատումից անմիջապես հետո ակտիվություն է սկսվել նաև սոցիալական ցանցերում՝ պահանջով, որ Արմեն Գրիգորյանը դառնա ՀՀ պաշտպանության նախարար, հատկապես այն շրջանում, երբ որոշ շրջանակներ պահանջում էին Սուրեն Պապիկյանի հրաժարականը։
Ավելի ուշ նման տեղեկություններ սկսեցին շրջանառվել տարբեր լրատվամիջոցներով և շարունակվում են, որոնք Գրիգորյանը չի հերքել մինչ օրս:
Այստեղ տեղին է հիշել Նիկոլ Փաշինյանի նախկինում արտահայտած այն միտքը, ըստ որի՝ քաղաքական գործչի լռությունն ինքնին կարող է որոշակի նշանակություն ունենալ, այդ թվում՝ եթե նա չի ցանկանում ցրել իր շուրջ ձևավորված որևէ տպավորություն։
Ուշագրավ է նաև մեկ այլ հանգամանք․ Գրիգորյանի անունն այս ընթացքում պարբերաբար շրջանառվում է պաշտպանության ոլորտի, բայց ոչ նույն չափով արտաքին գործերի նախարարության համատեքստում։ Մինչդեռ նա 2021թ. կարճ ժամանակով եղել է ԱԳ նախարարի պաշտոնակատար։
Նշենք, որ 2021թ. հուլիսի 13-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, նա ազատվել էր ԱԽ քարտուղարի պաշտոնից և նշանակվել ԱԳ նախարարի տեղակալ, նույնիսկ կատարել է նախարարի պարտականություններ՝ մինչև Արարատ Միրզոյանի՝ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելը: Եվ երբ 2021թ. օգոստոսի 19-ին Միրզոյանը նշանակվել է ԱԳ նախարար, Փաշինյանը Գրիգորյանին անմիջապես վերադարձրել է Անվտանգության խորհուրդ: Իսկ այսօր, ըստ մամուլում շրջանառվող խոսակցությունների, Փաշինյանը բարձր պաշտոն է փնտրում Գրիգորյանի համար և նրա սրտով՝ Եվրոպական որևէ երկրում դեսպանի պաշտոնից մինչև ուժային կառույցներ: Ինքը՝ Փաշինյանն, ասել է, որ նրան ԱԽ քարտուղարի պաշտոնից ազատելուց հետո աշխատանք է առաջարկել իր աշխատակազմում, ինչը մերժվել է:
Այս հանգամանքը կարևոր է։ Այն ցույց է տալիս, որ Գրիգորյանի հեռացումն ԱԽ-ից պարտադիր չէ, որ նշանակի Փաշինյանի հետ նրա քաղաքական ճանապարհի ավարտ։ Ընդհակառակը՝ նրա հրապարակային խոսքից հետևում է, որ ցանկացել է Գրիգորյանի փորձը շարունակել օգտագործել պետական համակարգում։
Հիմա, սակայն, հարց է առաջանում՝ ինչո՞ւ հատկապես Պաշտպանության նախարարության ուղղությամբ կարող էր ձևավորվել Գրիգորյանի հետաքրքրության մասին պատկերացումը։ Ուղիղ խոսք կամ ակնարկ այն մասին, որ նա ցանկանում է դառնալ պաշտպանության նախարար, չենք լսել։ Բայց, ինչպես նշեցինք՝ նա չի էլ հերքում այդ լուրերը:
Գրիգորյանը շուրջ ութ տարի եղել է Անվտանգության խորհրդի քարտուղար։ Այսինքն՝ նրա քաղաքական գործունեության հիմնական հատվածն անցել է հենց անվտանգային օրակարգի շուրջ։ Հետևաբար՝ Պաշտպանության նախարարություն տեղափոխվելը, եթե նման բան երբևէ տեղի ունենա, կարող է դիտարկվել ոչ թե որպես ոլորտի փոփոխություն, այլ որպես նույն գծի շարունակություն՝ ավելի գործադիր մակարդակում։
Երկրորդ, ՊՆ-ում բարձր պաշտոնը նրան ավելի անմիջական դերակատարության հնարավորություն կտար պաշտպանության քաղաքականության, բանակի բարեփոխումների, սպառազինության և ռազմարդյունաբերության կառավարման հարցերում։ Հատկապես վերջին տարիներին Գրիգորյանը բավական ակտիվ էր բանակի բարեփոխումների և անվտանգության համակարգի վերափոխման թեմաներում։ Նա խոսում էր պաշտպանական կարողությունների զարգացման, սպառազինության աղբյուրների դիվերսիֆիկացման և արևմտյան գործընկերների հետ համագործակցության մասին։
2024թ., օրինակ, նա հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը 96 տոկոսից հասել է 10 տոկոսից էլ քիչ թվի, ինչը ՌԴ ընտրությունն էր. Վերջինը Հայաստանին չի մատակարարել 2021 թվականին կնքված պայմանագրերով զենքը՝ շուրջ 250 միլիոն դոլարի:
Այդ հայտարարությունը հատկապես ուշագրավ էր, քանի որ այն ժամանակ Հայաստանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական հարաբերությունների վերաբերյալ պաշտոնական Երևանի տարբեր ներկայացուցիչների հայտարարություններում արդեն նկատվում էին որոշակի փոփոխություններ։
Գրիգորյանը նույն ժամանակահատվածում ավելի լայն քննադատական գնահատական էր տվել նաև ՀՀ նախկին անվտանգային համակարգին՝ հայտարարելով, որ դրա հիմնական մեխանիզմը սպառնալիքի դեպքում Մոսկվա զանգելն էր, այլ մեխանիզմներ գործնականում չկային։
ԱԽ նախկին քարտուղար Գրիգորյանը, սակայն, չէր ցանկացել հիշել, որ 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ ԱՄՆ նախագահ Թրամփը ոչ մի հեռախոսազրույց չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, ՌԴ նախագահը՝ բավականին շատ: Փաշինյանը չի՞ ցանկացել զանգել Միացյալ Նահանգների նախագահին, երբ Հայաստանի դեմ ուղիղ պատերազմում էր ՆԱՏՕ անդամ Թուրքիան, թե՞…
Շարունակելով Գրիգորյանի՝ ՊՆ ուղղությամբ հնարավոր հետաքրքրությունների թեման, հիշեցնենք, որ 2025թ. փետրվարին Փաշինյանը որոշել էր ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծել և հայտարարել, որ այն կղեկավարի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, բայց հանձնաժողովի կազմում նաև ներկայացված էին ուժային մյուս կառույցները, այդ թվում՝ ՊՆ-ն և ԳՇ-ն: Այս գործընթացը դեռ ավարտին չի հասցվել:
Այս գործընթացն ինքնին ցույց էր տալիս, որ Գրիգորյանի դերակատարությունը միայն ԱԽ-ի ընթացիկ աշխատանքներով չէր սահմանափակվում․ նա ներգրավված էր Հայաստանի անվտանգության ամբողջ համակարգի վերանայման գործընթացում։
Նրա հրապարակային դիրքորոշումներից հայտնի է նաև նրա մոտեցումը Հայաստանի արտաքին և անվտանգային կողմնորոշման վերաբերյալ։ ԱԽ նախկին քարտուղարը ժամանակին կողմ է արտահայտվել Հայաստանի՝ արտադաշինքային պետության կարգավիճակին՝ այն կապելով եվրաինտեգրման գործընթացի հնարավոր չիրականացման հետ։ Այսօր այս հարցը չի կորցրել իր արդիականությունը գոնե ռազմական ոլորտում, երբ Հայաստանը, մի կողմից, սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի շրջանակում և չի հայտարարել այդ մասնակցությունը վերականգնելու մտադրության մասին, մյուս կողմից՝ որևէ այլ ռազմական դաշինքի անդամակցության ուղղությամբ նույնպես հստակ քայլ չի կատարել։
Մնում է մեկ այլ հարց՝ ինչո՞ւ Փաշինյանը չի ցանկանում Գրիգորյանին ամբողջությամբ դուրս թողնել քաղաքական և պետական կառավարման համակարգից։ Որոշ լրատվամիջոցներ դա կապում են արևմտյան գործընկերների հնարավոր պահանջների հետ։ Դա, իհարկե, վարկած է, որի հաստատման հրապարակային ապացույց այս պահին չկա։
Բայց մի բան փաստ է․ Փաշինյանն ինքն է ասել, որ Գրիգորյանին այլ բարձր աշխատանք է առաջարկել, իսկ Գրիգորյանը հրաժարվել է։ Եթե ինչ-որ պահի Փաշինյանը որոշի Սուրեն Պապիկյանին փոխարինել հենց Արմեն Գրիգորյանով, այդ որոշումը կարող է ունենալ ոչ միայն մասնագիտական և արտաքին քաղաքական, այլև ներքաղաքական ու կուսակցական հաշվարկ։
Պապիկյանը Փաշինյանի քաղաքական թիմի առանցքային դեմքերից է։ Նա երկար ժամանակ ղեկավարում է պաշտպանության նախարարությունը և այդ պաշտոնի շնորհիվ, բնականաբար, ձեռք է բերել նաև սեփական քաղաքական կշիռ։
Չնայած տարբեր խոսակցություններին, Զինված ուժերի ներսում Սուրեն Պապիկյանը, ամեն դեպքում, ընդունվում է, ուստի պատահական չէ, որ եղել է ժամանակ, երբ Փաշինյանը «վտանգ» է տեսել նաև իր կուսակցի ղեկավարությանը հանձնված բանակից: Հետևաբար՝ ՊՆ ղեկավարության փոփոխությունը միայն նախարարի մասնագիտական փոխարինում չէ։ Այն կարող է նշանակել նաև իշխանության ներսում ազդեցությունների և դերերի վերադասավորում, ինչ-ինչ զարգացումների բացառում:
Ի դեպ, մեր տեղեկություններով, Սուրեն Պապիկյանը չի գնացել Արմեն Գրիգորյանի՝ «Քայլ արա, մերժիր Սերժին» գրքի շնորհանդեսին, բայց նույն օրը մասնակցել է ԱԽ նոր քարտուղար Ալեն Սիմոնյանի հարսանիքին: Սա էլ որոշակի ցուցիչ է:
Եվ երբ հոդվածն արդեն պատրաստ էր հրապարակման, ի հայտ եկավ նոր հանգամանք, որը որոշակիորեն փոխում է Արմեն Գրիգորյանի հետագա պաշտոնավարման շուրջ շրջանառվող խոսակցությունների տրամաբանությունը։
«Policy and Management Consulting Group» (PMCG) միջազգային խորհրդատվական ընկերությունը հայտարարեց, որ ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը միացել է ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական։
PMCG-ի պաշտոնական ներկայացմամբ՝ նա իր հետ բերում է ռազմավարական կառավարման, ազգային և տարածաշրջանային անվտանգության, միջազգային հարաբերությունների, դիվանագիտության, հակամարտությունների կարգավորման, խաղաղաշինության, ինստիտուցիոնալ բարեփոխումների և ճգնաժամերի կառավարման փորձ։ Ուշագրավն այստեղ միայն նոր պաշտոնը չէ։
PMCG-ի հաղորդագրության համաձայն՝ Գրիգորյանն արդեն ներգրավված է TRIPP ծրագրի իրագործելիության գնահատման աշխատանքներում։ Խոսքը Հայաստանի տարածքով տարածաշրջանային հաղորդակցությունների ամրապնդման և տարածաշրջանային համագործակցության, խաղաղության ու տնտեսական զարգացման հնարավորությունների հետ կապված ծրագրի մասին է։
Դեռևս ԱԽ քարտուղարի պաշտոնում Գրիգորյանը TRIPP-ը ներկայացնում էր որպես ոչ միայն ենթակառուցվածքային, այլև անվտանգության և տարածաշրջանային համագործակցության կարևոր գործիք։
2025թ. նա հայտարարել էր, որ հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է դիտարկել նաև որպես երկարաժամկետ անվտանգության և կայունության գործոն։
Այս համատեքստում պակաս հիշարժան չէ Գրիգորյանի ներգրավվածությունը Հայաստանի նոր ատոմակայանի կառուցման շուրջ բանակցություններում՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ։ Այս թեման ևս տեղավորվում էր այն ավելի լայն անվտանգային տրամաբանության մեջ, որի մասին նա տարիներ շարունակ խոսում էր՝ Հայաստանի ռազմավարական կախվածությունների նվազեցում, նոր գործընկերների ներգրավում և պետության դիմակայունության բարձրացում։
Եվ այս պահին փաստերը հետևյալն են․ Գրիգորյանը հեռացել է ԱԽ քարտուղարի պաշտոնից, Փաշինյանը հրապարակավ հաստատել է, որ նրան այլ աշխատանք է առաջարկել, իսկ նա հրաժարվել է, և արդեն ունի նոր՝ մասնավոր միջազգային աշխատանքի կարգավիճակ՝ PMCG-ի ավագ խորհրդականի:
Եվ ՊՆ դառնալու շուրջ շրջանառվող տեղեկությունն այս պահին մնում է որպես չհաստատված վարկած, այլ ոչ թե որպես կայացած որոշում, բայց սա չի նշանակում, որ դրան վերադարձ չի լինի, հատկապես, երբ պարզ չէ՝ ինչ դեր է Փաշինյանը պատկերացնում նրա համար Հայաստանի անվտանգային և տարածաշրջանային քաղաքականության հաջորդ փուլում։
Այսինքն, Գրիգորյանի շուրջ պատմությունը, ամենայն հավանականությամբ, դեռ ավարտված չէ։

