Ստանդարտացումը՝ որպես կամուրջ տարբեր երկրների միջև. Չենդու քաղաքում մեկնարկել է երկշաբաթյա միջազգային սեմինար
Չինաստանի ժողովրդական Հանրապետության Սիչուան նահանգի զբոսաշրջային և առևտրային քաղաքներից մեկում՝ Չենդուում, սեպտեմբերի 7-ին մեկնարկել է Շանհայի համագործակցության երկրների կանաչ զարգացման արդյունաբերության ստանդարտացման և վերապատրաստման և
«Ծառայությունների առևտրի զարգացման գործում ստանդարտացման վերաբերյալ երկշաբաթյա սեմինար՝ «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության գործընկեր երկրների համար:
Դասընթացը կազմակերպել է Չենդուի ստանդարտացման ինստիտուտը՝ իր հարկի տակ հավաքելով աշխարհի մոտ 13 երկրների տարբեր ոլորտների մասնագետների ու փորձագետների: Միջազգային դասընթացին մասնակցում է նաև Հայաստանը ներկայացնող տարբեր մասնագետներից կազմված 8 հոգանոց խումբը: Դասընթացին մասնակցում է նաև «168 ժամը», որի հրավերը ստացել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» արտահանման կենտրօնի տնօրեն, ՀՀԿ խորհրդի անդամ Ռուզաննա Մալխասյանի կողմից:

Դասընթացը ոչ միայն փորձի փոխանակում է, այլև նպատակ ունի մարդկային ռեսուրսների զարգացման միջոցով համատեղ կառուցել և կիսել ստանդարտացման կարողությունները և բարձրաձայնել տարբեր երկրների կանաչ զարգացման արդյունաբերության և ծառայությունների առևտրի ոլորտներում ինքնուրույն զարգանալու կարողությունները:
Դասընթացի պաշտոնական բացման արարողությունը տեղի ունեցավ Չինաստան-Եվրոպա համագործակցության կենտրոնում, որին ներկա էր Չենդուի ստանդարտացման ինստիտուտի տնօրեն Հուանգ Հաոն, ով նախ ողջունեց դասընթացի մասնակիցներին, ապա շնորհակալություն հայտնեց մասնակցության համար:

«Դուք այժմ գտնվում եք Չինաստան-Եվրոպա կենտրոնում, որտեղ տեղակայված են տարբեր ընկերություններ, օտարերկրյա ձեռնարկություններ: Ամեն տարի մենք այստեղ անցկացնում ենք մեծ համաժողով՝ Եվրոպական համագործակցության համաժողով, այս տարի համաժողովը տեղի կունենա հաջորդ ամիս»,- նշեց Հուանգ Հաոն՝ հավելելով, որ դասընթացի մեծ մասն անցկացվելու է Չենդուում և հենց այս կենտրոնում.
«Այնպես որ՝ հույս ունեմ, որ ձեզ հետ դեռևս կհանդիպենք»,- նշեց նա: Չենդուի Ստանդարտացման ինստիտուտի փոխտնօրենն էլ ներկաներին ողջունեց Կոնֆուցիոսից մեջբերում անելով. «Մի՞թե ուրախություն չէ, երբ հեռվից ընկերներ են գալիս»: Ի դեպ, Չենդուի Ստանդարտացման ինստիտուտը ստանդարտացման ոլորտում ունի 39 տարվա փորձ:
«Միայնակ գնացողն արագ է գնում, միասին գնացողները՝ հեռու» աֆրիկյան հայտնի առածի խորհրդով միջազգային դասընթացի կազմակերպիչներն այնպես են արել, որպեսզի կարողանան օգնել տարբեր երկրների՝ ստանդարտացման ոլորտում առաջացած խնդիրները լուծելու հարցում: Դասընթացը ոչ միայն ստանդարտացման մասին է, այլև տարբեր ոլորտի պրոֆեսորներ իրենց դասախոսությունների միջոցով ներկայացնում են Չինաստանն՝ իր ամբողջ պատմությամբ ու առանձնահատկություններով: 14 օրերի ընթացքում դասընթացի մասնակիցները ոչ միայն Չենդուում, այլև Շենժեն քաղաքում կայցելեն տարբեր տեխնոլոգիական ու մշակութային կենտրոններ, կծանոթանան այդ կենտրոնների աշխատանքին և կիրառվող ստանդարտներին:
Ընդհանուր առմամբ ստանդարտացումը ոչ միայն Չինաստանի, այլև ամբողջ աշխարհի համար միայն տեխնիկական պահանջների սահմանման գործընթաց չէ, նաև՝ տնտեսական զարգացման, պետական կառավարման և միջազգային համագործակցության կարևորորագույն գործիք։ Ստանդարտացումը նպաստում է արտադրանքի և ծառայությունների որակի, անվտանգության, արդյունավետության և մրցունակության բարձրացմանը։

Ստանդարտները ստեղծում են միասնական կանոններ, հեշտացնում միջազգային առևտուրը և նվազեցնում տեխնիկական խոչընդոտները։ Չինաստանն իր սեփական փորձով աշխարհին ցույց է տալիս, որ իր ներդրած և ճիշտ կառավարվող ստանդարտացման համակարգը կարող է կամուրջ դառնալ նորարարության, շուկայի զարգացման և պետական քաղաքականության միջև:

