«Ժողովրդավարության բաստիոնը»՝ ավտոկրատական աքցանում
Հայաստանի իշխանությունը գոնե հրապարակավ հայտարարում է, թե արտաքին քաղաքականության հիմքում դնում է ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու ազատությունները, արժեքները՝ մի խոսքով։ Իհարկե, իշխանությունը լկտիաբար ստում է, քանի որ երկրի ներսում թքած ունի բոլոր այդ արժեքների վրա, քաղբանտարկյալների թիվը հաշվվում է տասնյակներով, բոլոր կենսական որոշումները կայացվում են միանձնյա սկզբունքով, հակակշիռների ու փոխզսպումների համակարգերի դերը զրոյական է, և այդպես շարունակ։
Այսինքն՝ Հայաստանում գործում է կեղծ, իմիտացիոն ժողովրդավարություն, որը դեմոկրատական սկզբունքով վարվող արտաքին քաղաքականությամբ փորձում է չեզոքացնել իրական ավտոկրատական ռեժիմներից բխող ավելի քան իրական մարտահրավերները։
Հայաստանի փաստացի թշնամիներից երկուսը՝ Ադրբեջանն ու Թուրքիան, մաքուր ավտոկրատական պետություններ են, որոնք անգամ ձևականորեն չեն թաքցնում իրենց ամբողջատիրական բնույթը։ Այսինքն՝ Հայաստանի ամենաիրական, առարկայական սպառնալիքները բխում են ավտոկրատական համակարգեր ունեցող երկրներից։ Այս սպառնալիքներին Հայաստանի իշխանությունը փորձում է դիմակայել ժողովրդավարական Արևմուտքի աջակցությամբ՝ այդ քաղաքականության հիմքում դնելով հենց դեմոկրատական արժեքները։
Քարոզչական ու արարողակարգային մակարդակում գեղեցիկ և հաճելի հնչող այդ մոտեցումը, սակայն, ունի չափազանց խորը, հայեցակարգային խզում։ Նույն ժողովրդավարական Արևմուտքը սեփական աշխարհաքաղաքականությունը կառուցում է ոչ թե ժողովրդավարության, արժեքների, սկզբունքների, այլ մաքուր քաղաքական շահերի հիման վրա, և այդ տիրույթում ավտոկրատական Ադրբեջանն ու Թուրքիան նրա օբյեկտիվ դաշնակիցներն են։
Նաև այդ պատճառով Հայաստանն Արևմուտքից ստանում է սեփական հռչակումներին՝ արժեքներին համապատասխան գեղեցիկ հայտարարություններ, վերջերս՝ նաև որոշակի դրամական աջակցություն, որը, սակայն, համադրելի չէ այն քաղաքական, աշխարհաքաղաքական շահերի համընկնումների հետ, որ Արևմուտքն ունի Ադրբեջանի ու Թուրքիայի պարագայում։
Հայաստանի իշխանությունների մոդելավորած արտաքին քաղաքականության մյուս կարևորագույն խզումն այն է, որ այս գործընթացում գրեթե թշնամականի է հասցրել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Խնդիրն այս դեպքում միայն այն չէ, որ Ռուսաստանն ինքը, մեղմ ասած, ամեն ինչ արել և անում է իր հետ թշնամությունն արդարացնելու համար։ Ավելի կարևոր է այն, որ Հայաստանի իշխանության կողմից իրականացվող, այսպես կոչված, արժեքային արտաքին քաղաքականության սխեմայում, նաև հակառուսական արտաքին քաղաքականության արդյունքում՝ նույնքան ավտոկրատական Ռուսաստանը շատ ավելի է մերձեցել ամբողջատիրական Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։
Եվ կրկին՝ խնդիրը Հայաստանի կողմից վարվող քաղաքականության ֆունդամենտալ արատն է՝ արտաքին քաղաքականությունն արժեքներով պայմանավորելու արկածախնդրությունը։ Դա կարող էր արդարացված լինել միայն այն դեպքում, երբ մնացած բոլոր խաղացողները ևս առաջնորդվեին այդ սկզբունքով, ինչը հնարավորություն կտար, պայմանականորեն ասած, ժողովրդավարական Արևմուտքի հետ դաշնակցությամբ դիմակայել ավտոկրատական Ադրբեջանին, Թուրքիային ու Ռուսաստանին։ Բայց դա ուտոպիա է, որով արտաքին քաղաքականություն վարելը հավասարազոր է պետության կանխամտածված ոչնչացմանը։
Հատկապես որ, եթե խնդիրը դիտարկում ենք արժեքային հարթությունում, ստացվում է, որ Հայաստանը ցանկանում է խաղաղություն հաստատել ավտոկրատական Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, բայց թշնամանալ ավտոկրատական Ռուսաստանի հետ, որովհետև դա է այն գինը, որով դեմոկրատական Արևմուտքը պատրաստ է աջակցել Հայաստանին, բայց միայն այնքանով, որքանով այդ աջակցությունը չի վնասի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ նրա՝ գրեթե ռազմավարական գործակցությանը ձգտող շահերին։ Այս քաղաքականության ինտեգրալ վերջնարդյունքը կարող է դառնալ այն, որ Հայաստանը երկու ավտոկրատ թշնամիների փոխարեն կստանա արդեն երեք ավտոկրատ թշնամի պետություն, որոնցից մեկը միջուկային գերտերություն է։
Հայաստանի համար տվյալ փուլում ամենախելամիտ արտաքին քաղաքականությունը պետք է ուղղված լիներ ոչ թե՝ ըստ ժողովրդավարական չափանիշների գործընկերների ընտրությանը, այլ նրան, որպեսզի մեր գոնե ֆորմալ ավտոկրատական դաշնակից Ռուսաստանը հնարավորինս փչացներ հարաբերություններն Ադրբեջանի հետ։
Բայց Հայաստանի իշխանությունն արեց և շարունակում է անել հնարավորը՝ ռուս-ադրբեջանական/թուրքական հարաբերությունները սերտացնելու և հայկական «ժողովրդավարության բաստիոնը» տարածաշրջանային ավտոկրատիզմի աքցանի մեջ սեղմելու համար։ Միայն այն պատճառով, որ դա էր «ժողովրդավարության բաստիոնում» իրականում ավտորիտար բնույթ ստացող իշխանությունը պահպանելու գինը։
Հարություն Ավետիսյան