Ադրբեջանը շարունակում է խաղարկել ուժային բաղադրիչը, Արևմուտքն այդ հարցում որևէ լուրջ զսպման պատրաստակամություն չունի․ վերլուծաբան

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը սկսել է իր բոլոր ճեպազրույցների ընթացքում անդրադառնալ հարավկովկասյան ռեգիոնին։

Այս անգամ անդրադառնալով վերջին օրերին սահմանին ու հայկական բնակավայրերի ուղղությամբ հնչած կրակոցներին, նա նշել է, թե Վաշինգտոնը հստակ ասել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման ուղին սեղանի շուրջ բանակցություններն են, և ԱՄՆ-ը մշտապես ողջունել է երկխոսությունը։

ԱՄՆ պետքարտուղարը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարների հետ շփումներում հասկացրել է, որ երկու կողմերի միջև պետք է երկխոսություն լինի՝ շեշտելով՝ Միացյալ Նահանգները պատրաստ է ցանկացած հնարավոր դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը դյուրացնելու համար և կշարունակի դա անել։

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Փաշինյան-Բլինքեն-դեր Լայեն հանդիպմանն ընդառաջ թե Բլինքենը, թե դեր Լայենը զանգահարել էին Ալիևին։

Կարդացեք նաև

Դատելով Պետքարտուղարության տարածած հաղորդագրությունից՝ պետքարտուղար Բլինքենը և Ալիևը քննարկել էին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացն առաջ մղելու կարևորությունը, որը տնտեսական օգուտ կբերի ողջ տարածաշրջանին։ «Պետքարտուղարն ընդգծել է, որ սահմանին լարվածության աճն արդարացում չունի, և զգուշացրել է, որ ցանկացած կողմից ագրեսիվ գործողություններն ու հռետորաբանությունը կխաթարեն խաղաղության հեռանկարները։ Պետքարտուղարը վերահաստատել է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետ կապված իր միջազգային պարտավորությունները և պարտավորությունները կատարելու անհրաժեշտությունը և հորդորել է ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին»,- ասված էր հաղորդագրությունում։

Սակայն այս հեռախոսազրույցից հետո ադրբեջանական կողմը ոչ միայն չի դադարում կրակոցները սահմանին, այլև շարունակում է նոր «ոգևորությամբ»։

Հայ-ադրբեջանական սահմանին կրակոցների մասին հաղորդումները վերջին օրերին ակտիվացել են։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը սադրիչ է որակում Ադրբեջանի գործողությունները՝ կոչ անելով Բաքվին դադարեցնել իրադրությունը սրելու գործողությունները՝ ընդգծելով՝ Հայաստանը տարածաշրջանում իրադրության սրմամբ հետաքրքրված չէ։

Ադրբեջանի արտաքին գերատեսչությունն էլ իր հերթին՝ հայտարարում է, թե Բաքվի դեմ սպառնալիքներն անմիջապես և խստորեն կճնշվեն։

168am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինի դիտարկմամբ՝ հակամարտության գոտում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել։ Ըստ նրա, 44-օրյա պատերազմից հետո փլուզվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը Ադրբեջանի դիմադրության պատճառով, Ռուսաստանը դադարեցրեց պատերազմը, շարունակեց բանակցությունները, Արևմուտքը պայքարեց, որպեսզի բանակցությունները տեղափոխվեն Արևմուտք, հարթակ տրամադրեց, էական մի քանի հանդիպումներ տեղի ունեցան, և այս հարթակը ևս չեզոքացվեց։

«Եթե դատենք հայտարարություններից ու իրադարձություններից՝ ներկայումս մի փոքր անհասկանալի իրավիճակ է ստեղծվել։ Դրանք միմյանց հակասում են։ Ինչպե՞ս է ստացվում, որ Միացյալ Նահանգները ցանկանում է լինել միջնորդ, սակայն դա նրա մոտ չի ստացվում, գուցե չի ցանկանում, այլ պարզապես հայտարարո՞ւմ է։ Եթե ցանկանար, ապա ԱՄՆ-ը՝ հատկապես Անդրկովկասում ՌԴ ներկայիս գերպասիվության պայմաններում, տարբեր լծակներով կկարողանար դա անել, եթե նույնիսկ խնդիրն այն է, որ Ադրբեջանը դրան լրջորեն ընդդիմանում է։

Ինչպես է ստացվում, որ ԱՄՆ-ը հորդորում է, սակայն դա չունի որևէ նշանակություն ռեգիոնի համար։ Կա իրավիճակի վերլուծության մի քանի տարբերակ, սակայն ես գտնում եմ, որ իրականում ԱՄՆ-ը քիչ-քիչ ներկայություն սկսում է ապահովել ռեգիոնում, սակայն առանց լրջագույն պատասխանատվության, հենց սա է պատճառը, որ ԱՄՆ-ը չի պայքարում միջնորդ դառնալու համար, ԱՄՆ-ը, բացի ինչ-որ հայտարարություններից, լուրջ քայլեր չի նախաձեռնում և իրականում չի ցանկանում Ադրբեջանի հետ որևէ հարաբերություն վտանգի տակ դնել հանուն Հայաստանի»,- շեշտեց փորձագետը։

Նա հիշեցրեց, որ որոշ ժամանակ առաջ, երբ ԱՄՆ-ը հանդիպումներ կազմակերպում էր, ինչ-որ կերպ զբաղվում գործընթացով, այնուամենայնիվ կողմերին կոչ էր անում բանակցել ուղիղ, սա ուղերձ էր ոչ միայն Ռուսաստանին գործընթացից դուրս բերելու, այլև իսկապես ուղիղ բանակցելու համար, քանի որ Արևմուտքը նույնիսկ միջնորդական պատասխանատվություն չի ցանկանում ստանձնել։

Նրա կարծիքով, Արևմուտքին ձեռնտու է, որ կողմերը բանակցեն և ըստ իրենց ներկայիս ներուժի ու հմտությունների՝ կարգավորեն իրենց միջև եղած բոլոր հարցերը։ «Միջնորդական պատասխանատվություն չի ցանկանում ստանձնել և չի ստանձնում, սակայն հայ-ռուսական հարաբերությունները, դրանցում առկա երաշխիքների մեխանիզմը քննադատվում է, ՌԴ-ն դուրս է բերվում ռեգիոնից, չնայած ռեգիոնում ՌԴ ակտիվ ազդեցության փուլում կողմերի միջև որոշակի քաղաքական հավասարակշռություն եղել է, և ՌԴ-ն դա պահել է։

Իսկ ներկայումս տպավորություն է, թե սկսվող արևմտյան ազդեցության փուլում, հատկապես՝ այն դեպքում, երբ ՀՀ-ն փորձում է շրջադարձ անել, Արևմուտքը պետք է լուրջ երաշխիքներ տրամադրեր ՀՀ-ին կամ միանար բանակցային սեղանին, սակայն որևէ նման բան տեղի չի ունենում իրականում։ Թեև հայտարարությունները կան, թվացյալ աջակցությունը կա»,- ասաց Խրամչիխինը։

Նրա կարծիքով, այս փուլը լավագույնս բոլորին ցույց է տալիս, թե ինչպիսին էր ռուսական միջնորդությունը, որից բողոքները շատ էին, սակայն այն հարաբերական իրավիճակը ռեգիոնում պահպանում էր։

«Իսկ ներկայումս ոչ տարաձայնություններն է հաջողվում լուծել, ոչ սահմանային իրավիճակն է տևականորեն հանդարտվում, ոչ էլ անվտանգության երաշխիքներ կան կամ միջնորդ»,- նկատեց նա։

Նրա խոսքով՝ քաղաքականության մեջ հայտարարությունները կարևոր են, սակայն սա այն դեպքն է, երբ պետք է իրավիճակի մասին դատողություններ անել միմիայն իրադարձություններով, զարգացումներով։

«Իսկ իրականությունն այն է, որ Ադրբեջանը շարունակում է ակտիվ խաղարկել իր ուժային բաղադրիչը, ճնշումների մեխանիզմը, ու Արևմուտքն այդ հարցում որևէ լուրջ զսպման գործողության պատրաստակամություն չունի։ Սա, կարծում եմ, պայմանավորված է նաև պաշտոնական Երևանի քաղաքականությամբ կամ դրա թուլությամբ»,- նկատեց նա։

Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակին, ապա, Խրամչիխինի գնահատմամբ՝  այս հակամարտությունը դեռ լարվածության ներուժ ունի։

Նրա որակմամբ, այդ ներուժը ձևավորվում է նաև Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական թեժ մրցակցությամբ։

«Ուստի ամեն սցենար էլ հնարավոր է»,- նկատեց նա։

Տեսանյութեր

Լրահոս