ՀԱՊԿ-ից Փաշինյանին ասացին՝ դե գնա՛ Ալիևից ուզի կադաստրի թուղթդ. Ալիևը վախենում է՝ Արցախի անիվը կարող է հետ պտտվել. ՀՀ իշխանությունները հաշվետու են Իրանին. Արմեն Բադալյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Այն, որ Բրյուսելը ոչինչ չէր տալու` Նիկոլ Փաշինյանը գիտեր մինչև գնալը։ Մինչև բրյուսելյան հանդիպումն արդեն տարբեր պաշտոնյաներ՝ ԱԳՆ փոխնախարարը, Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանը, հայտարարություններ հնչեցրեցին, որ զուտ տնտեսական հարցեր են քննարկելու։ Գնալուց մի քանի օր առաջ հրապարակվեցին Gallup International-ի հարցման արդյունքները, ըստ որի՝ 8 տոկոս վարկանիշ ունեցող վարչապետը չի կարող տարածքներ հանձնել։
- Բրյուսելյան հանդիպումից հետո երկու փաստ արձանագրվեց. առաջին՝ շատ փոքր գումար տրամադրելու խոստում տրվեց։ Երկրորդ փաստն այն է, որ հայտարարության մեջ տեքստ կար, որը Փաշինյանին աջակցելու խոստում էր պարզապես։ («Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները բարձր են գնահատել 2018 թվականից ի վեր ժողովրդավարության և արդարադատության ոլորտներում բարեփոխումներում, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի արձանագրած էական առաջընթացը, և հանձնառություն են հայտնել շարունակել գործընկերությունը և աջակցել Հայաստանին՝ հաշվի առնելով, որ այն շարունակում է ամրապնդել ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը մեր ընդհանուր արժեքներին և սկզբունքներին համահունչ»):
- Վիզայի ազատականացում, ԵՄ անդամակցություն՝ թեկնածուի կարգավիճակով, տնտեսության՝ շուկայի բացում, ներդրումներ, այս հարցերի մասին խոսք չկա, համենայն դեպս, հայտարարությունում որևէ խոսք չկար այդ մասին, եթե նման խոսք լիներ, դա կնշանակեր, որ Արևմուտքը լուրջ աջակցություն ցուցաբերելու ցանկություն ունի։
- Եթե Արևմուտքը 1 մլրդ եվրո ունենար Հայաստանին տալու համար, ապա դրանով արկեր կառներ Ուկրաինային տալու համար։ Արևմուտքը, որի համար Ուկրաինան է կարևոր, տեսնում է, որ պարտվում է Ուկրաինայում։
- Արևմուտքից Հայաստանում տարեկան 3-4 մլրդ դոլար ներդրում պետք է կատարեն, որպեսզի Հայաստանը Ռուսաստանից կախում չունենա։ Դրա հնարավորությունն էլ Արևմուտքում չունեն փաստորեն։
- Ռուսաստանը հասկացավ, որ Արևմուտքը Հայաստանը վերցնելու ռեսուրս չունի, ունի ռեսուրս պարզապես Հայաստանը պահելու համար։
- Հայաստանի քաղաքական և լրատվական դաշտի վրա ահռելի ազդեցություն ունի ԱՄՆ-ը և զրո ազդեցություն՝ ՌԴ-ն։
- Պետք է հստակ տարբերություն դնել արևմտամետների և հակառուսականների միջև։ Արևմտամետները նրանք են, ովքեր իրապես պաշտպանում են արևմտյան արժեքները։ Եթե չեն խոսում մարդու իրավունքների ոտնահարման, խոսքի ազատության, կարծիքի արտահայտման իրավունքի ոտնահարման, դատական համակարգում առկա խնդիրների, քաղբանտարկյալների մասին, ապա դրանք ոչ թե արևմտամետ են, այլ պարզապես հակառուսներ են։ Իրական արևմտամետները քննադատում են այս իշխանությունների արտաքին քաղաքականությունը, որը հակառուսականություն է պարզապես։
- Նկատելի է 2 երևույթ՝ Հայաստանի անվտանգության համար պայքարը սկսել է Ֆրանսիան, որն ուզում է իր ձեռքն առնել Հայաստանը, որին դուրս են մղել Աֆրիկայից։ Հայաստանի անվտանգության համակարգը լուռ վերցրեց Իրանի Իսլամական Հանրապետությունը (ԻԻՀ), և այն, որ Զանգեզուրի միջանցքը մինչև հիմա բացված չէ, դա Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ/ КСИР) շնորհիվ է։ Ուշադրություն պետք է դարձնել, որ ՀՀ իշխանությունների ներկայացուցիչներն Արևմուտք գնալուց առաջ կամ հետո գնում են Թեհրան և հաշվետվություն են ներկայացնում։ Այսինքն՝ փաստացի հաշվետու են Իրանին։
- Եթե Տավուշի 4 բնակավայրերը տան Ադրբեջանին, դժվար է ասել, թե Իրանն ինչպես կարձագանքի դրան, գուցե հենց ռազմական գործողություններո՞վ։
- Իրանը պրոքսի տարբերակով է աշխատում և անմիջականորեն ռազմական գործողությունների չի մասնակցում։
- Հիմա սպասողական իրավիճակում ենք, դա ձգվելու է այնքան, մինչև ուկրաինական ռազմաճակատում ավարտվեն գործողությունները։
- Արևմուտքն աջակցում է Փաշինյանին, բայց անհրաժեշտ գումարով աջակցություն չի լինելու։ Դա հասկանում են ՔՊ-ում և նոր տերեր են փնտրում։ Փաշինյանի շրջապատում բացասական տրամադրություններ կան:
- Չի բացառվում՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների հանգուցալուծումից հետո Հայաստանում իշխանափոխություն լինի, որից հետո Ռուսաստանը դաժան հաշվեհարդար կտեսնի պատերազմի ժամանակ իրեն դավաճանողների հետ։ Դա լավ հասկանում են Փաշինյանը և նրա շրջապատը։
- Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տրամաբանական չէ։ Ընդդիմությանը փոխելու նպատակ չկա։ Արևմուտքին եթե պետք լիներ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, կանցկացներ։ Իրենք կարող են զոհաբերել նաև այս իշխանություններին, ինչպես Սահակաշվիլիին զոհաբերեցին։ Սահակաշվիլին Վրաստանում շատ ավելին էր արել երկիրն արևմտյան արժեքներով տանելու ուղղությամբ։ Հայաստանի իշխանություններն անգամ Սահակաշվիլիի կատարած գործի 1 տոկոսը չեն արել։ Փաշինյանին պարզապես որպես գործիք՝ օգտագործում են։ Իսկ գործիքի վստահելու կամ չվստահելու խնդիր չկա, ուղղակի օգտագործում են: Քանի դեռ Ուկրաինայում հարցերը չեն լուծվել, Հայաստանում իշխանափոխության հարց չի դրվի և չի լուծվի։
- Արևմուտքը ցույց տվեց, որ Հայաստանը վերցնելու ցանկություն և ռեսուրս չունի։
- Այս ընթացքում Վրաստանը վարեց միակ գրագետ քաղաքականությունը՝ Արևմուտքին ցույց տալով, որ ինքը ԵՄ անդամության թեկնածու է, բայց առաջնորդվում է իր երկրի շահերով։ Սա նաև մեսիջ էր Ռուսաստանին։
- Արևմուտքին օդի-ջրի պես պետք է խաղաղություն տարածաշրջանում, թեկուզ տարածքներ հանձնելու գնով, դրան պատրաստ է նաև Հայաստանը, բայց ոչ Ադրբեջանը և Թուրքիան, որն Ադրբեջանին ասում է՝ մի՛ շտապիր խաղաղության պայմանագիր կնքել։ Եթե արևմտյան առաջարկած տարբերակով պայմանագիր կնքվի, դա նշանակում է ձեռնոց նետել Ռուսաստանին։ Ադրբեջանը սա լավ է հասկանում, դրա համար խաղաղության պայմանագիր չի կնքելու, եթե կնքի՝ նշանակում է՝ դեմ դուրս գալ Ռուսաստանին, կատարել Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Փաշինյանն էլ շատ լավ հասկանում է, որ խաղաղություն չի լինի, անգամ, եթե տա Տավուշի բնակավայրերը, գիտի, որ հետո էլ նոր պահանջներ են դնելու։
- Եթե Արևմուտքը պարտվի Ուկրաինայում, այս տարածաշրջանում այլևս անելիք չունի։ Ուկրաինայում զարգացումներից է կախված Հայաստանի ճակատագիրը։
- Ռուսաստանի համար Հարավային Կովկասն իր ազդեցության տարածքն է, որտեղ ուրիշ երկիր չպետք է մտնի։ Ռուսաստանն ունի երկու լծակ Ադրբեջանի վրա՝ ՌԴ-ում ապրող ադրբեջանցիները, 4 մլն միգրանտներին Բաքու հետ ուղարկելու դեպքում Ալիևը լուրջ խնդիրների առաջ կկանգնի։ Երկրորդ, որ կարող է Հայաստան գալ մի իշխանություն, որն անհրաժեշտ զենք-զինամթերք ձեռք բերելով՝ կարող է վերադարձնել կորցրածը, այսինքն՝ Արցախի անիվը հետ կպտտվի։
- Արևմուտքի տարբերակը հակառուսական և հակաիրանյան տարբերակ է։
- Այն պահին, երբ Փաշինյանը 2022 թվականին Սյունիք բերեց եվրոպական դիտորդներին, արդեն նշանակում էր, որ ռուսական կողմի հետ կապը խզելու մտադրություն ունի։ Պուտինը երբեք չի ներում դավաճանությունը, իսկ իրենք հայտարարել են, որ Փաշինյանը և իր իշխանությունը դավաճաններ են։
- ՀԱՊԿ-ի քարտուղարության պատասխանը Հայաստանին բրյուսելյան հանդիպումից մեկ օր առաջ պատահական չէր: ՀԱՊԿ-ը Հայաստանում իր պատասխանատվության գոտին համարում է երկրի ինքնիշխան տարածքը՝ կարգավորված պետական սահմանների շրջանակներում: Փաշինյանին այդպիսով ՀԱՊԿ-ից ասացին՝ ասում էիր՝ կադաստրի թուղթ չունեք, դե գնա՛ Ալիևից ուզի Հայաստանի կադաստրի թուղթը, դե գնա՛ ու բե՛ր:
- Ռուսաստանը պետք է պատասխան տա, թե ինչպես եղավ, որ սեպտեմբերի 19-ին խաղաղապահները մեկ գիշերվա ընթացքում դարձան դիտորդներ։ Ռուսական կողմը շատ լավ գիտեր, որ Ադրբեջանը հարձակվում է, բայց որ Արցախից բոլորը հեռացան, ինչպես նաև Ռուբեն Վարդանյանի կալանավորումը, դրանք Ռուսաստանի կողմից մեծ բացթողումներ էին։ Ռուբեն Վարդանյանին 2024թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի ներկայացնելու հարցը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել Ադրբեջանի համար։ Պետք է հասկանալ, թե ով է այդ գործընթացի թիկունքում կանգնած: Կասկած չկա, որ Ադրբեջանում գտնվող ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ բոլորին էլ, վաղ թե ուշ, ազատ կարձակեն, Ռուբեն Վարդանյանին՝ շատ ավելի շուտ։
- ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին Նիկոլ Փաշինյանը թույլ չի տա ազատ արձակվել, մինչև Ուկրաինայում պատերազմը չավարտվի, Հայաստանում փոփոխություններ չլինեն, նրան թույլ չեն տա ազատ արձակվել:
Մանրամասները՝ տեսանյութում: