Կոչ եմ անում ՀՀ-ին ու Ադրբեջանին՝ համաձայնության հասնել, ավելի վտանգավոր աշխարհի առջև ենք․ Ստոլտենբերգը՝ Երևանում
«Աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»,- այս մասին այսօր Երևանում Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Նա նշեց, որ Հայաստանը վաղուց է ՆԱՏՕ-ի գործընկերը, ուստի ինքը ողջունում է և դրական է գնահատում ՀՀ ներդրումը ՆԱՏՕ-ի առաքելություններին և գործողություններին։
Ստոլտենբերգը հիշեցրեց, որ մոտ 20 տարի է՝ Հայաստանը ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությունների գործընկերներից է, օգնելով անվտանգ և ապահով միջավայր ապահովել Կոսովոյում բնակվող բոլոր համայնքների համար։
«Ես ողջունում եմ Ձեր զինծառայողների մասնակցության ավելացումը վերջին տարիներին։ Այսօրվա հանդիպման ժամանակ քննարկեցինք Հարավային Կովկասում կայունության կարևորությունը։ Սա կարևոր է եվրոատլանտյան անվտանգության համար, քանի որ մենք կանգնած ենք ավելի վտանգավոր աշխարհի առջև։
Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն տևական խաղաղության հասնել տարիների հակամարտությունից հետո, ահա թե ինչու եմ ես երկու երկրներին կոչ անում համաձայնության հասնել, որն ուղի կհարթի հարաբերությունների կարգավորման և տևական խաղաղության համար։
ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և խաղաղ ձգտումներին»,- ասաց Ստոլտենբերգը՝ իր խոսքի մյուս հատվածը նվիրելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությանը։