Ի՞նչ է թաքնված հայ-ֆրանսիական «ռազմավարական սիրավեպի» հետևում. Մարկեդոնովի անդրադարձը
Ռուս քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի Ֆրանսիա կատարած երկօրյա այցին:
Նա գրում է, որ սեպտեմբերի 9-ին սկսվեց Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիա, և տեղին կլինի գրել հերթական այցի մասին, նախորդ դիվանագիտական ուղևորությունը Փարիզ տեղի էր ունեցել 2026 թվականի մարտին։ Մարկեդոնովը հիշեցնում է, որ 2023 թվականի նոյեմբերից մինչև 2025 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում Հայաստանի կառավարության ղեկավարը Ֆրանսիա է այցելել ընդհանուր առմամբ 7 անգամ։
Նոր ուղևորության պաշտոնական պատրվակն, ըստ Մարկեդոնովի, տիեզերքի ռազմավարական զարգացման հարցերով միջազգային գագաթնաժողովին մասնակցելու հրավերն էր։
«Առաջին հայացքից Հայաստանը և տիեզերական ոլորտը հեռավոր հասկացություններ են։ Բայց ամեն ինչ այդքան էլ պարզ չէ։ Հանրապետության իշխանությունները 2026-2031 թվականների զարգացման՝ վերջերս հաստատված կառավարական ծրագրում ամրագրել են ազգային տիեզերական հնարավորությունների զարգացումը, որպես առանձին ռազմավարական նպատակ։ «Հնգամյակի» ընթացքում երկիրը նախատեսում է ստանալ և շահագործման հանձնել առնվազն երեք արբանյակ. երկուսը՝ Երկրի դիտարկման, և մեկը՝ հեռահաղորդակցային։
Սակայն միայն տիեզերքով չէ: Փաշինյանի այս այցը Փարիզ-Երևան գծով շատ սերտ քաղաքական փոխգործակցության ամրապնդման հերթական դրվագն է։ Ելիսեյան պալատում բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի վարչապետի և Ֆրանսիայի նախագահի միջև։ ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն՝ նրանք քննարկել են հայ-ֆրանսիական ռազմավարական համագործակցության հեռանկարները։
Փաշինյանը հավատարիմ մնաց իրեն՝ տեսանյութ պատրաստելով տելեգրամյան ալիքի համար Ելիսեյան պալատ ժամանելու մասին։ Նոր նկարազարդում Վալերստայնի տեսական կառույցներին: Թե՞, այնուամենայնիվ, Ուոլթի։
Ֆրանսիան աչքի առաջ վերածվում է փաշինյանական «իրական Հայաստանի» գլխավոր հովանավորներից մեկի։ 2026 թվականի մայիսին Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ստորագրվել էր ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր։
Հետաքրքրական մանրամասն. Հինգերորդ Հանրապետության նախագահը Երևան էր այցելել գրեթե սինխրոն կերպով ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի անցկացման հետ, որն իր ոչ փոքր դերն էր խաղացել ռուս-հայկական հարաբերությունների ճգնաժամի խորացման գործում։
ՀՀ կառավարության 2026-2031 թթ. ծրագրում դրված է այնպիսի նպատակ, ինչպիսին է Երևանի և Փարիզի միջև երկկողմ փոխգործակցության ծավալների մեծացումը»,- վերլուծում է Մարկեդոնովը, շարունակելով, որ փաստացի ֆրանսիական ռազմական աջակցության մեծ մասը Հայաստանին կառուցվում է հենց առևտրային հիմքի վրա, այլ ոչ թե հանդիսանում անհատույց «նվեր»:
Նրա գնահատմամբ, մատակարարվող համակարգերն օգտակար են, բայց իրենցով չեն փոխում տարածաշրջանային ռազմական հավասարակշռությունը, Ֆրանսիան Հայաստանին ռազմական պաշտպանության երաշխիքներ չի տվել։
«Նույնիսկ 2026 թվականի մայիսին ստորագրված ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի կամ երկկողմ պաշտպանական պայմանագրի անալոգը չէ։ Ֆրանսիան ռազմական երաշխավորի դերի համար չափազանց անհարմար աշխարհագրություն ունի։ Ֆրանսիայի և Հայաստանի միջև հազարավոր կիլոմետրեր են, իսկ բուն Հայաստանը ելք չունի դեպի ծով»,- արձանագրում է Մարկեդոնովը:
Շարունակելով՝ Մարկեդոնովը գրում է նաև երկկողմ տնտեսական հարաբերությունների մասին, դրանք նույնպես շատ ավելի փոքր անվանելով, քան սպասումներն են։ «Հենց Ֆրանսիայի Ֆիննախի տվյալներով՝ 2025 թվականին Ֆրանսիան Հայաստանի միայն 14-րդ առևտրային գործընկերն էր։ Նույնիսկ Ֆրանսիայի ԱԳՆ-ն ընդունում է շատ սերտ քաղաքական հարաբերությունների և Հայաստանում շատ ավելի համեստ տնտեսական կապերի միջև եղած խզումը։
Ֆրանսիայի քաղաքական կշիռը հայ հասարակական ընկալման մեջ նկատելիորեն բարձր է Հայաստանում նրա իրական տնտեսական կշռից։ Առանձնահատուկ ուշադրությամբ պետք է վերաբերվել «ֆրանսիական օգնության հարյուրավոր միլիոն եվրոների» մասին հաղորդագրություններին։
Մակրոնը 2026 թվականի մայիսին հայտարարել էր, որ Հայաստանում AFD-ի (Ֆրանսիական զարգացման գործակալության) գործունեության ծավալը գերազանցել է 800 միլիոն եվրոն։ Սակայն այդ կառույցի գործունեության մոտ 90%-ը բաժին է ընկնում վարկերին, որոնք ստացողները պետք է վերադարձնեն, իսկ դրամաշնորհները կազմում են ընդամենը մոտ 10%-ը։ Հետևաբար, գործակալության գործունեությունը չի կարելի մեկնաբանել որպես ալտրուիստական քայլ Երևանի համար»,- գրում է Մարկեդոնովը:
Ռուս վերլուծաբանը մեջբերում է հայազգի ֆրանսիական լրագրող և միջազգայնագետ-քաղաքագետ Տիգրան Եգավյանի հարցազրույցի հատվածը «Le Figaro» հայտնի հրատարակությանը. «Եվրոպական միությունը մտադիր չէ ընդունել Հայաստանին՝ ոչ միջնաժամկետ, ոչ էլ երկարաժամկետ հեռանկարում։ Սա երևակայության պտուղ է։
Սակայն ԵՄ-ն շահագրգռված է օգտագործել Հայաստանը Ռուսաստանի հետ նոր առճակատման մեջ»։ «Ֆրանսիան և հատկապես նրա նախագահը ձգտում են ամրապնդել իրենց առաջնորդությունը Եվրամիությունում։ Լեգիտիմ նպատակ! Հարցը միայն այն է, թե որտեղ է այստեղ օգուտը Հայաստանի համար՝ լինի դա «իրական» թե «պատմական»»,- այսպես է ավարտել թեմային անդրադարձը Սերգեյ Մարկեդոնովը:

