Մեծ գործարքի որոնումներում. Պուտինն ու Թրամփը շարունակում են ուղիղ երկխոսությունը
Տևական դադարից հետո տեղի ունեցավ Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների ղեկավարներ Պուտինի ու Թրամփի հերթական հեռախոսազրույցը։ Սա երկու առաջնորդների միջև 15-րդ հեռախոսազրույցն էր 2025 թվականի հունվարին Թրամփի` Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել է, որ մեկ ժամ տևած զրույցը «կառուցողական էր և անկեղծ»:
Ուշակովը ներկայացրել է զրույցի բովանդակությունը, ասելով՝ երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել Միացյալ Նահանգների նախագահի բանագնացներ Սթիֆ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքների շուրջ:
«Նաև Պուտինը Թրամփին ներկայացրել է պատերազմում տեղի ունեցողի «օբյեկտիվ և հանգամանալից վերլուծություն» ու վստահեցրել է, որ Կրեմլի «մտքում անգամ չկան ագրեսիվ պլաններ Եվրոպայի նկատմամբ»,- նշել է ՌԴ նախագահի օգնականը:
«Հաշվի առնելով շահարկումները եվրոպական պետությունների դեմ Ռուսաստանի իբր ունեցած թշնամական մտադրությունների վերաբերյալ, ընդգծվել է, որ մեր մտքում անգամ չկան որևէ ագրեսիվ պլաններ Եվրոպայի նկատմամբ»,- ասել է Ուշակովը: Բացի այդ, ըստ նրա, Պուտինը «նշել է Մելանյա Թրամփի ջանքերը՝ ռուսաստանցի և ուկրաինացի երեխաներին վերադարձնելու ընտանիքներ», և «դրական է գնահատել ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը»:
Ռուսաստանի նախագահը նաև գնահատել է մարտական գործողությունների գոտում տիրող իրավիճակը և ռուսական բանակի առաջխաղացման, նրա նպատակներին ու խնդիրներին հասնելու հեռանկարները։ Ուշակովի խոսքով՝ զրույցի ընթացքում նրանք ուրվագծել են, թե «ինչ կարող են իրատեսորեն անել ամերիկացիները ռազմական գործողություններն արագ ավարտելու համար»։
Ուշակովի վստահեցմամբ, նախագահների հեռախոսազրույցը դրական է անցել, և երկու երկրների նախագահները «պայմանավորվել են կապի մեջ մնալ ու անհրաժեշտության դեպքում օպերատիվ կերպով զանգահարել միմյանց»:
Նշենք, որ Միացյալ Նահանգների նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները սեպտեմբերի 5-6-ն այցելեցին Մոսկվա և Կիև, բանակցեցին Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հետ: Ուկրաինայի մայրաքաղաքում նրանք հայտարարեցին բանակցային եռակողմ ձևաչափին վերադառնալու անհրաժեշտության մասին, ինչը ո՛չ Կիևը, ո՛չ Մոսկվան չբացառեցին:
Հարկ է մեջբերել նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հարցազրույցը, որում նա նշել է՝ Ռուսաստանը կհասնի իր նպատակներին ռազմական ճանապարհով, այս պահին ուկրաինական հակամարտության վերաբերյալ «գաղտնի բանակցություններ» չեն ընթանում։
Նա նշել է, որ «դիվանագիտական ճակատում ներկայումս ոչինչ չի կատարվում»:
Սերգեյ Լավրովի խոսքով՝ ամեն ինչ ծավալվում է ռազմական ճակատում, որտեղ ռուսական զորքերը «հետևողական և կայուն առաջխաղացում» են իրականացնում:
168.am–ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ հեռախոսազրույցը տեղի է ունենում միջազգային հարաբերությունների համակարգային ճգնաժամի ֆոնին, որտեղ արևմտյան լիբերալ հեգեմոնիան բախվում է անվտանգության անբաժանելիության սկզբունքին։
Եվ, ըստ նրա, Թրամփի վարչակազմը, հակված լինելով գործնական հաշվարկների և ամերիկյան ռեսուրսների արդյունավետ բաշխման, փորձում է գտնել ճանապարհներ՝ արագ ավարտելու այս հակամարտությունը՝ առանց ԱՄՆ հեղինակության կորստի։
Վերլուծաբանը համարում է, որ հեռախոսազրույցը ցույց է տալիս Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահների միջև ընթացող կուլիսային, պրագմատիկ առևտրի բուն էությունը, որտեղ Վաշինգտոնն ու Մոսկվան փաստացի փորձում են գտնել ուկրաինական խնդրի «բանաձևը»:
«Թրամփի թիմը, հասկանալով, որ Կիևին անվերջ բյուջետային դոտացիաներ տալ հնարավոր չէ, փորձում է շարունակել Մոսկվայի հետ աշխատանքը հնարավոր գործարքի շուրջ՝ փորձելով ստանալ ինչ-որ արդյունք, որը Սպիտակ տունը կներկայացնի որպես հաղթանակ:
Իր հերթին, Պուտինն այս զրույցներով հստակ գծում է կարմիր գծերը՝ պահանջելով, որ ցանկացած համաձայնություն կառուցվի ոչ թե արևմտյան պատրանքների, այլ ստեղծված կոշտ իրողությունների՝ ռուսական բանակի առաջխաղացման և տարածքային իրականության վրա: Ակնհայտ է նաև մեկ այլ հանգամանք, որ կողմերը դեռ չունեն այդ բանաձևը և գտնվում են այն գտնելու բարդ բանակցությունների ճանապարհին։
Սակայն գլոբալ առումով այս շփումներն արտացոլում են դեպի բազմաբևեռություն անցման անխուսափելիությունը, որտեղ Վաշինգտոնն ու Մոսկվան ստիպված են ուղիղ երկխոսություն վարել համաշխարհային անվտանգության ճարտարապետության վերաձևման շուրջ»,- ասաց նա, շարունակելով, որ ուկրաինական ճգնաժամը վաղուց դադարել է լինել զուտ տեղային հակամարտություն․ այն գլոբալ հակամարտության հանգույց է, որտեղ որոշվում է, թե ինչպիսին է լինելու աշխարհը։
Նրա կարծիքով, սեպտեմբերի 5-6-ին Մոսկվայում և Կիևում եռակողմ ձևաչափ վերադառնալու մասին հայտարարությունները հենց այս նոր, ուժերի իրական բալանսի վրա հիմնված իրատեսական դիվանագիտության արտացոլումն են։
Հարավային Կովկասի համար, վերլուծաբանի կարծիքով, այս գլոբալ աշխարհաքաղաքական տեղաշարժերն ունեն ուղղակի և համակարգային նշանակություն այն ֆոնին, երբ Երևանն ու Բաքուն ձգտում են հեռավորություն պահպանել Մոսկվայից, իսկ Հայաստանը հայտարարել է եվրաինտեգրացիայի մասին։
«Սակայն, ըստ իս, տարածաշրջանային դերակատարների այս մանևրները, այդ թվում՝ Բաքվի բազմավեկտոր և Երևանի նոր քաղաքականությունը բախվում են իրողությանը, որ Կովկասի աշխարհագրական և լոգիստիկ իրողությունները թույլ չեն տալիս արմատապես խզել կապերը Մոսկվայից՝ առանց կրիտիկական ռիսկերի բախվելու։ Արևմուտքի փորձերը՝ դուրս մղել Ռուսաստանին տարածաշրջանից, հաճախ ստեղծում են ինքնավարության պատրանք, որը, սակայն, չի համապատասխանում ուժերի իրական վիճակին։
Հետևաբար, Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ընթացող այս երկխոսությունն անխուսափելիորեն ազդելու է Հարավային Կովկասի ճարտարապետության վրա, քանի որ գլխավոր տերությունների միջև փոխըմբռնումն ի վերջո ազդելու է նաև Հարավային Կովկասի և Երևանի ու Բաքվի տրամադրությունների վրա։ Հարավային Կովկասում Ռուսաստանի ռազմավարական ներկայությունը և ենթակառուցվածքային լծակներն այնքան խորն են ներհյուսված տարածաշրջանի ճարտարապետությանը, որ Մոսկվային դուրս մղելու արևմտյան հավակնությունները մասամբ ազդեցություն թողնում են, սակայն ստեղծում ռիսկեր ռեգիոնալ երկրների համար։
Այս իրողությունն առավել ակնառու է դառնում ԱՄՆ-ի և անձամբ Թրամփի վարչակազմի գործնական մոտեցումներում, որոնք գլոբալ ճգնաժամերը հանգուցալուծելիս նախընտրում են ուղիղ երկխոսություն վարել Մոսկվայի հետ՝ փաստացի հաշվի նստելով նրա կենսական շահերի հետ»,- ասաց վերլուծաբանը, շարունակելով, որ բազմաբևեռ միջավայրը Կովկասում չի նշանակում անվտանգության վակուում կամ միակողմանի արևմտյան հովանավորություն, այլ պահանջում է հարաբերությունների հավասարակշռում։ Նրա համոզմամբ, երկարաժամկետ կայունությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ տեղական դերակատարները գիտակցեն, որ իրական ինքնիշխանությունը ձեռք չի բերվում արտաքին ուժերի մրցակցության վրա խաղալով, այլ տարածաշրջանային անվտանգային համակարգի և Մոսկվայի օրինական շահերի նկատմամբ առողջ մոտեցում պահպանելով։

