ՊՆ-ում մարտի 5-ի ԳՇ պետի ճեպազրույցը նո՞ր են տեսել, կամ՝ ինչպես չպետք է աշխատել
Փետրվարի 19-ին 168.am-ը հեռախոսազանգի միջոցով ՀՀ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանից փորձել էր տեղեկություն ստանալ՝ ի՞նչ փուլում է Ներքին Հանդում հայ դիրքապահների կրակել-չկրակելու հետ կապված հետաքննությունը, և ի՞նչ է պարզվել: Նա, սակայն, առաջարկել էր դիմել ՀՀ ՊՆ խոսնակին՝ «բոլոր հարցերն ուղղեք մամուլի և լրատվության վարչությանը», թեպետ, ինչպես հայտնի է՝ հաղորդագրությունը տարածել է Ռազմական ոստիկանությունը:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, թե Հայաստանն իբր նույն օրը ժամը 13:37-ի սահմաններում Զանգելանի շրջանի (Կովսականի) ուղղությամբ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զորքերից մեկ զինծառայող վիրավորվել է:
ՀՀ ՊՆ-ն այդ պահին չէր մեկնաբանել տարածված տեղեկությունը, որին ադրբեջանական կողմն ինչ-որ տեսանյութ էր կցել: Այսինքն, պիտի հասկանային իրավիճակը՝ ինչ է տեղի ունեցել, ու նոր միայն հայտարարություն տարածեին:
Ավելի ուշ պաշտպանական գերատեսչությունը, ավելի ճիշտ՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր.
«Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս/թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է: Վերադաս հրամանատարության կողմից գրավոր հրամաններով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ զինծառայողը, իրադրությունը գնահատելով, կարող է և/կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել: Նախնական տեղեկատվությամբ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել: Այս հանգամանքը հաստատվելու պարագայում հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»:
Ռազմական ոստիկանության պետի հետ զրույցից հետո մոտ մեկ շաբաթ փորձել ենք այս պարզ հարցի առնչությամբ բանավոր պարզաբանում ստանալ, և քանի որ մեզ չհաջողվեց այդ հարցի պատասխանը ստանալ բանավոր, փետրվարի 27-ին գրավոր հարցում ենք ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ հետաքրքրվելով՝ ի՞նչ փուլում է հետաքննությունը, ի՞նչ է պարզվել, կրակ բացած հայ դիրքապահն Ադրբեջանի կրակոցից զոհվածների մե՞ջ է, թե՞ ոչ:
Գրավոր հարցումն ուղարկելուց մոտ 1 շաբաթ հետո՝ մարտի 5-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն անդրադարձել էր այս հարցին՝ նշելով, որ հետաքննությունը դեռ ավարտին չի հասցվել, իսկ ՊՆ-ն մեր հարցմանը դեռ չէր էլ պատասխանել:
Բայց պատմությունը սրանով չի ավարտվում. ՀՀ պաշտպանության նախարարությունը մեր այս գրավոր հարցմանը պատասխանել է այսօր՝ մարտի 18-ին, այսինքն՝ հարցումն ուղարկելուց մոտ 20 օր հետո, որտեղ նշել է, որ մարտի 5-ին ԳՇ պետն այդ հարցին արդեն պատասխանել է:
Հետաքրքիր է՝ մարտի 5-ի ԳՇ պետի ճեպազրույցին ՊՆ-ում ե՞րբ են ծանոթացել, որ դրանից միայն 13 օր հետո են որոշել ուղարկել մեր հարցմանն ի պատասխան իրենց գրությունը՝ հղում տալով գեներալ Ասրյանին: Ավելին, այն աստիճան փնթի գործելաոճ են դրսևորել, որ գրության մեջ չեն գրել, թե ո՞ր օրն ուղարկված մեր հարցմանն են պատասխանում: ՊՆ գլխավոր քարտուղարը ստորագրելուց առաջ չի՞ տեսել…
168.am-ը գրել էր, որ Սուրեն Պապիկյանը և նրա ղեկավարած պաշտպանության նախարարությունը թույլ է տվել օրենքի խախտում և մեկ գրավոր հարցման՝ ուղարկված փետրվարի 7-ին, ընդհանրապես չի պատասխանել, թեպետ այն չէր մերժվել, և մեզնից լրացուցիչ ժամանակ էին խնդրել: Իսկ սա ենթադրում է պատասխանատվություն և տուգանք:
Հավելենք, որ ՀՀ պաշտպանության նախարարություն հարցում ենք ուղարկել նաև մարտի 2-ին և մարտի 14-ին: Պատշաճ պատասխան գրություն ստանալու լավատեսական հիմքեր այսքանից հետո չկան, չենք կարող ասել, թե այս ոչ պատշաճ և փնթի գործելաոճին երբ վերջ կդրվի:
Եթե մի ժամանակ գոնե 30-օրյա ժամկետում պատասխանում էին հարցումներին, որոնց, իհարկե, հնարավոր էր 5-օրյա ժամկետում էլ պատասխանել, ապա հիմա արդեն թույլ են տրվում օրենքի խախտումներ, ինչի պատճառով խնդիրներ են ստեղծում ՊՆ մամուլի քարտուղար-լրագրողներ հարաբերություններում, իսկ առաջնային պատասխանատուն այստեղ ՊՆ խոսնակը չէ, պատասխանատուներն այլ անձինք են: Ի վերջո, ցանկացած կառույցում առկա խնդրի առաջին պատասխանատուն ղեկավարն է, որն առնվազն չի կանչում և փորձում հասկանալ՝ ինչու է նման ոչ պատշաճ գործելաոճ դրսևորվում:
Թվում է՝ մանրուք է, բայց նման դեպքերը թույլ են տալիս ենթադրելու, որ երկրի անվտանգությանը ևս նման կերպ են մոտենում: