Հետաքննության մասին հրապարակային խոսել է Ռազմական ոստիկանությունը, հարցերի տակից պիտի դուրս գա ՊՆ խոսնակը

Փետրվարի 12-ին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, թե Հայաստանն իբր նույն օրը ժամը 13:37-ի սահմաններում Զանգելանի շրջանի (Կովսականի) ուղղությամբ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զորքերից մեկ զինծառայող վիրավորվել է:

ՀՀ ՊՆ-ն այդ պահին չէր մեկնաբանել տարածված տեղեկությունը, որին ադրբեջանական կողմն ինչ-որ տեսանյութ էր կցել: Այսինքն, պիտի հասկանային իրավիճակը՝ ինչ է տեղի ունեցել, ու նոր միայն հայտարարություն տարածեին:

Ավելի ուշ պաշտպանական գերատեսչությունը, ավելի ճիշտ՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր.

«Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը ՀայաստանԱդրբեջան պետական սահմանի ԿապանԶանգելան հատվածում ս/թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է: Վերադաս հրամանատարության կողմից գրավոր հրամաններով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ զինծառայողը, իրադրությունը գնահատելով, կարող է և/կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել: Նախնական տեղեկատվությամբ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել: Այս հանգամանքը հաստատվելու պարագայում հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»:

Կարդացեք նաև

Արդեն փետրվարի 13-ին ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ: Ադրբեջանը սա որակել էր` որպես հատուցում կամ պատասխան գործողություն:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր:

Փետրվարի 13-ին 168.amգրել էր, որ Նիկոլ Փաշինյանը Սուրեն Պապիկյանին «պադստավկա» է անում, քանի որ մի կողմից՝ ՀՀ ռազմական ոստիկանությունը կասկածի տեղ է թողնում հայ դիրքապահների հետ կապված, մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցը` «Հայկական ժամանակը», «Ադրբեջանական կողմը հաղորդագրություն է տարածել՝ ընդունելով, որ սադրանքի հեղինակն իր զինծառայողներն են» վերտառությամբ հոդված է հրապարակում, որտեղ, մասնավորապես, նշվում է՝ «…Հայաստանի պաշտպանական գերատեսչության ռազմական ոստիկանությունից արձագանքել էին, թե սկսել են հետաքննություն ու կպատժեն հայ զինծառայողին, եթե այդ փաստը հաստատվի, սակայն, ինչպես հայտնի է, ադրբեջանական կողմին ընդամենը հորինված պատճառներ են պետք սահմանին հերթական սադրանքի համար»:

Նկատել էինք, որ հնարավոր է` Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ ճշմարտություն կա, հատկապես, երբ այդ հատվածում կանոնավոր բանակի զինծառայողները չեն եղել, բայց նույնիսկ այս դեպքում հրապարակային նման հայտարարություններ անել չի կարելի, որից կարող է օգտվել թշնամին, քանի որ սա ներքին դաշտում լուծելու խնդիր է:

Իսկ Ադրբեջանը ոչ միայն օգտագործեց այս փաստը, այլև պաշտոնապես հստակ պահանջ դրեց՝ հետաքննել և պատժել իրենց զինծառայողին վիրավորողին, բայց այն, որ իրենք 4 հայ դիրքապահ են սպանել, հայկական կողմը ոչ ձայն չի հանում, առնվազն, անհամաչափության առումով, այն է՝ 1 վիրավորի դիմաց՝ 4 զոհ, ընդ որում, աշխատել է դիպուկահար՝ հստակ պլանով «Հատուցում»:

Հաշվի առնելով, որ հետաքննության մասին հրապարակային հայտարարությունն արել է ՀՀ ռազմական ոստիկանությունը, 168.am-ը ՀՀ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանից փորձեց պարզել՝ ի՞նչ փուլում է հետաքննությունը և ի՞նչ է այս օրերին պարզվել։ Սակայն նա առաջարկեց դիմել ՀՀ ՊՆ խոսնակին, թեպետ, ինչպես հայտնի է՝ հաղորդագրությունը տարածել է Ռազմական ոստիկանությունը:

«Խնդրում եմ բոլոր հարցերն ուղղեք մամուլի և լրատվության վարչությանը»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ հաղորդագրությունը Ռազմական ոստիկանությունն է տարածել, Աշոտ Զաքարյանը կրկնեց իր խոսքերը, երբ դեռ հարց է՝ որքանո՞վ են այդ ժամանակ հաշվի առել ՊՆ լրատվական ծառայության կարծիքը, ինչո՞ւ չէ՝ ՊՆ ղեկավարության, քանի որ այս հաղորդագրությունից հետո միայն ու միայն ՊՆ-ն թիրախավորվեց, իսկ Ռազմական ոստիկանությունն էլ, կոպիտ ասած, տվյալ դեպքում հարցը գցում է ՊՆ խոսնակի «գրպանը»։ Իհարկե, կան ընթացակարգեր, որ պետք է հաշվի առնել, բայց դեպքից անցել է մոտ մեկ շաբաթ, և Ռազմական ոստիկանությունը պետք է ասելիք ունենա և հրապարակային հաշվետու լինի:

Ի դեպ, փետրվարի 16-ին Անդրանիկ Քոչարյանը Պետրոս Ղազարյանի մոտ անդրադառնալով Ներքին Հանդի վերջին դեպքին, ՊՆ հաղորդագրությանը, որ «Ադրբեջանի պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս/թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է», նշել էր.

«Բանակը կարգավորվում է հրամաններով և կանոնակարգային հարաբերություններով, խախտել չի կարելի: Եվ խախտման դեպքում պետք է գտնել և պատժել մեղավորներին, հակառակ դեպքում դու բանակը կկորցնես, կդարձնես անկանոն գործողությունների գնացող համակարգ, որի արդյունքում կարող է չիմանաս, թե լայնածավալ գործողություններն ինչից սկսվեցին և ինչպես կարող են ավարտվել:

Հիմա էլ, եթե նայում ենք Ներքին Հանդի հետ կապված, լավ է, գոնե որոշ ընդդիմադիր պատգամավորներ գիտակցում են, որ պետք է մեզ համար ճշմարտությունը ճշտենք, և ուզում ենք, որ հակառակորդն էլ ճշտի: Կարևոր խնդիրը մեզ համար հրադադարի ռեժիմի պահպանումն է, որովհետև դրա խախտումը պարզ չէ՝ ում համար ինչ հետևանք կարող է ունենալ»:

168.am-ն այս խնդրին ևս անդրադարձել է՝ նշելով, որ բանակի և անվտանգության դեպքում չպետք է օրենքներ և կանոնակարգեր խախտվեն, և կապ չունի, թե դա որքանով է տեղավորվում գործող իշխանության խաղաղության օրակարգի մեջ: Օրինակ, կա «Պաշտպանության մասին» ՀՀ օրենք, որով հստակ սահմանված են ԶՈՒ խնդիրները՝ «Հայաստանի Հանրապետության վրա հնարավոր զինված հարձակման կանխումը, կասեցումը, լարվածության օջախի չեզոքացումըռազմական գործողությունների իրականացումը, հրադադարի կամ հաշտության պարտադրումը` զինված ուժերի մասնակի կամ լրիվ ծավալմամբ», և և դրանք չպետք է ոտնահարվեն:

Իսկ այն, որ սահմանի բարդ և կարևոր հատվածներում կանգնած են երկրապահի դիրքապահները, ոչ թե կանոնավոր բանակը, ապա այդտեղ ռազմաքաղաքական ղեկավարությանն է, որոնց Ադրբեջանը համարում է վարձկան և պահանջում է հեռացնել դիրքերից:

Այսինքն, ռազմական ոստիկանության հաղորդագրությունը և դիրքապահների ինքնության հրապարակումը նաև այս առումով իր բացասական դերը խաղաց, հատկապես, երբ ՀՀ քաղաքական իշխանությունը չգիտի համարժեք պատասխան տալ ադրբեջանական պահանջներին:

Տեսանյութեր

Լրահոս