Ատեստացիայի գործընթացի շրջանակում ինչպե՞ս է կատարվում արդյունքների հաշվարկը. Սուրեն Պապիկյանը խուսափել է պատասխանել
Մենք պարբերաբար անդրադառնում ենք ՀՀ զինված ուժերում ատեստացիայի գործընթացին: Վերջին անգամ արձանագրել ենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ներկայացրած՝ 2024թ. ատեստավորվածների թիվը և կատարողականի զեկույցում արձանագրվածը տարբեր են, և տեղեկացրել, որ նոյեմբերի 7-ին գրավոր հարցում ենք ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարին, կարելի է ասել, մասնագիտական հարցադրումներով՝
- Ինչո՞վ են տարբերվում մարտական պատրաստման (ՄՊ) կամ պատրաստության շրջանակում իրականացվող անձնակազմի ֆիզպատրաստության ստուգարքները ատեստավորումից: Եվ եթե ատեստավորման չափանիշներն առավել խիստ են, բարդ, այդ դեպքում ինչո՞ւ դրանք չեն մտցվում հենց ՄՊ-ում: Եվ եթե, օրինակ, ատեստավորումից հետո ՄՊ-ի ստուգարքից կտրվում է բարձր վարձատրվողը, իր հավելավճարը կամ բարձր աշխատավարձը պահպանվո՞ւմ է:
- Ատեստավորման գործընթացի շրջանակում ո՞ր փուլից են հիմնականում կտրվում ատեստավորման մասնակիցները՝ ֆիզպատրաստությա՞ն, կրակային պատրաստությա՞ն, թե՞ տեսական քննության, և ինչպե՞ս է կատարվում հաշվարկը բոլոր փուլերի արդյունքում (Նիկոլ Փաշինյանի վերևում հիշատակված գրառման տակ օգտատերերից մեկը գրել է՝ «եթե 5, 4 և 3 գնահատական է ատեստացիայի մասնակից զինծառայողը ստանում, 3-ով են անցկացնում»):

Մոտ երկու շաբաթ հետո ՀՀ պաշտպանության նախարարությունը պատասխան գրություն է ուղարկել, որում նշվում է.
«Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված 2025 թվականի նոյեմբերի 7-ի Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ ՀՀ զինված ուժերում ֆիզիկական պատրաստության բոլոր ստուգարքներն (ատեստավորում, ամփոփիչ, հսկողական, ավարտական քննություններ) անցկացվում են նույն կարգով՝ ՀՀ պաշտպանության նախարարի 2021 թվականի ապրիլի 14-ի N 322 հրամանով գործողության դրված «ՀՀ ԶՈՒ ֆիզիկական պատրաստության հրահանգ»-ի պահանջների համաձայն: Երկրորդ հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ ատեստավորումը չանցած զինծառայողների հիմնական մասն անբավարար են գնահատվել ֆիզիկական պատրաստությունից»:
Նշենք, որ ատեստացիայի գործող գործընթացը ՀՀ զինված ուժերում ներդրվել է Սուրեն Պապիկյանի պաշտպանության նախարար նշանակվելուց հետո:
Ինչ վերաբերում է հարցման պատասխանի բովանդակությանը, ապա պետք է արձանագրել՝ այն լիարժեք չէ, եթե չասենք՝ շրջանցվել են բարձրացված կարևոր հարցերը, այդ թվում՝ ատեստավորման գործընթացի շրջանակում գնահատականների հաշվարկին առնչվող, ինչի հետ կապված բազմաթիվ դժգոհություններ կան: Կարո՞ղ ենք ենթադրել, որ Պաշտպանության նախարարը համաձայն է դժգոհությունների առկայության և դրանց հիմնավոր լինելու հետ (օրինակ, եթե 5, 4 և 3 գնահատական է ատեստացիայի մասնակից զինծառայողը ստանում, 3-ով են անցկացնում), քանի որ դրանք չեն հերքվել, ավելին, չի նշվել, որ կա հաշվարկի հստակ կարգ:
Ի դեպ, Պաշտպանության նախարարի պատասխանից կարելի է նկատել նաև, որ ատեստացիայի գործընթացի շրջանակում ֆիզիկական պատրաստության պահանջների մեջ առանձնահատուկ բան չկա: Այսինքն, ինչպես նշել են՝ ֆիզիկական պատրաստության բոլոր ստուգարքները նույն պահանջների հիման վրա են: Սա նշանակում է, որ նույն պահանջներն են նաև կրակային պատրաստության դեպքում, և այլն, ըստ էության: Բայց ի՞նչ է ստացվում՝ մի դեպքում ֆիզպատրաստության ստուգարքի կամ քննության ժամանակ գրանցված արդյունքների դեպքում այլ վարձատրությո՞ւն է, իսկ երբ դա ատեստավորման գործընթացի շրջանակում է՝ ա՞յլ, եթե բավարար գնահատական է ստացել զինծառայողը: Սա՝ առաջին:
Երկրորդ, Պաշտպանության նախարարն իր պատասխանում հաստատել է այն պնդումները, որ միայն ֆիզիկական պատրաստության մակարդակի պատճառով զինծառայողը կամ զինվորականը կարող է չհանձնել ատեստավորումը: Իսկ հնարավոր է՝ տվյալ զինվորականը լավ մասնագետ է, բայց առողջական ինչ-ինչ խնդիրներից ելնելով՝ չի կարող ապահովել ֆիզիկական պատրաստության բավարար մակարդակ: Ավելին, հնարավոր է՝ ֆիզիկական բարձր պատրաստվածությունն այս կամ այն զինծառայողին այդքան էլ անհրաժեշտ չէ՝ որպես մասնագետի, այսինքն, դրա դերը որոշիչ չէ մասնագիտական գործունեության համատեքստում: Այն, ինչի վրա մշտապես ուշադրություն ենք հրավիրել՝ օրինակ, ի՞նչ է տալիս գեներալների շարային կամ ֆիզիկական պատրաստության ստուգումը բանակի մարտունակության բարձրացման առումով, կամ՝ զինվորական հաստիքի «վրա նստած» մեկ այլ մասնագետի, ում ֆիզիկական պատրաստությունը զգալի դերակատարում չունի իր մասնագիտացման հարցում: Այսինքն, հնարավո՞ր է, որ մենք մասնագետների ենք կորցնում, որոնք կարող են ավելի քիչ աշխատավարձ ստանալ, քան ոչ այնքան լավ մասնագետը, ով ֆիզիկական պատրաստության բարձր մակարդակ է ապահովում:
Արդյո՞ք այս նրբությունները չպետք է հաշվի առնել, հատկապես, երբ դեռ 2018 թվականից հայտարարում ենք, որ ժամանակն է ունենալ տարածաշրջանի ամենաինտելեկտուալ բանակը, երբ «մարտունակ» բանակ ունենալ այլևս չենք ձգտում: Իսկ այն, որ որոշ զինվորականների աշխատավարձերը բարձրանում են, շատ լավ է, խոսքն այն մասին է, որ պետք է բացառել անհավասար պայմանները, որպեսզի «ուղեղային» մասնագետը չտուժի: Այո, ընդդիմությունը, ըստ էության, ՊՆ նախագծերին կողմ կամ ձեռնպահ է քվեարկել հիմնականում, մենք նաև սա ենք արձանագրում, բայցև այն, որ բազմիցս առաջարկվել է բարձրացնել բազային դրամական բավարարման և հավելավճարների ընդհանուր մակարդակը, որպեսզի ատեստացիան հանձնողի և չհանձնողի աշխատավարձերի միջև «տարածությունը» մեծ չլինի:

