ՊՆ-ն պատասխան չի գտնում Սուրեն Պապիկյանի հայտարարությանն առնչվող հարցերին

Փետրվարի 7-ին (ժամը 11:11) 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պաշտպանության ոլորտին առնչվող հայեցակարգերի, պաշտպանության բարեփոխումների ճանապարհային քարտեզի շրջափուլերի վերաբերյալ. դրանք հենց նախարար Սուրեն Պապիկյանի պատասխանելու հարցերն էին, իհարկե, հաշվի առնելով նաև ներքին ընթացակարգերը:

Հիշեցրել էինք, որ 2022 թվականի փետրվարին ԱԺ-Կառավարության հարցուպատասխանի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ արդեն 2021-ին պաշտպանական գերատեսչությունում հաստատվել է բարեփոխումների իրականացման ճանապարհային քարտեզը, որի տրամաբանության մեջ մշակվել է պաշտպանությանն առնչվող նոր հայեցակարգ՝ պատրաստ շրջանառության, սակայն այն բովանդակային առումով Պապիկյանի համար ոչ ամբողջությամբ է ընդունելի եղել:

«Պետք է հստակություն, հակիրճ բովանդակություն: Աշխատանքը բավականին լավն է, բայց ես՝ որպես գերատեսչության ղեկավար, այդ աշխատանքով բավարարված չեմ և հետ եմ ուղարկել վերախմբագրման: Աշխատանքի արդյունքներն առաջիկայում կամփոփվեն, այն գաղտնի չէ, հնարավոր է մասնակցել քննարկումներին, մեր գերատեսչությունը բաց է», ասել էր պաշտպանության նախարարը:

Հավելենք, որ 2021-ի փետրվարի վերջին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում այն ժամանակ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտնել էր, որ «Հայաստանում ռազմական բարեփոխումները ոչ միայն ծրագրվում են, այլ նաև անցկացվում են, ընդ որում, այս գործընթացին ամենայն անմիջականորեն ներգրավված են մեր ռուս գործընկերները»:

Կարդացեք նաև

Իսկ 2024 թվականի փետրվարին էլ Հանրային ռադիոյին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞վ կպայմանավորեք առայժմ Հայաստանի Զինված ուժերի ռեֆորմների հայեցակարգի բացակայությունը, պատասխանել էր.

«2022թ. հունվարին այդ հայեցակարգը պատրաստ էր, բայց 2022թ.-ի ձմռանը տեղի ունեցան իրադարձություններ, որոնք ակնհայտ դարձրին, որ այդ հայեցակարգով չենք կարող առաջ գնալ, և մենք հիմա պետք է ոչ միայն ունենանք հայեցակարգ, այլ պետք է հասկանալ նաև, թե այդ հայեցակարգի իրագործումը որքանով է իրատեսական, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Մենք պետք է հասկանանք՝ ում հետ իրատեսորեն կարող ենք ունենալ ռազմատեխնիկական և պաշտպանական բնույթի հարաբերություններ։ Այդ խնդիրը նախկինում հեշտ էր, որովհետև այդ հարցը չկար, և հայեցակարգ ստեղծելու մեջ էլ բարդություն չկար։ Նախկինում մեր պաշտպանական ոլորտի հարաբերությունների 95-97 տոկոսը Ռուսաստանի Դաշնության հետ էր, հիմա այդպես չի կարող լինել և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներով։ Հիմա պետք է հասկանանք՝ այս հայեցակարգի մեջ ի՞նչ հարաբերություններ ենք ունենում Հնդկաստանի հետ»:

Պաշտպանության նախարարության գործը հեշտացնելու նպատակով այս տեղեկատվական էքսկուրսից հետո և դրա հիման վրա մեր գրավոր հարցման մեջ հետևյալ հարցադրումներն էինք արել.

1. Առաջին, քանի՞ հայեցակարգ է մշակվել իշխանափոխությունից հետո, ի՞նչ վերախմբագրման մասին էր խոսում 2022 թվականին ԱԺ-ում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ինչն իրեն չէր բավարարել: Երկրորդ, Նոր հայեցակարգի մշակմանը, որի մասին խոսում էր երկրի ղեկավարը, ի՞նչ երկրների փորձագետներ են մասնակցել, մասնակցում, ի՞նչ երկրի փորձ ենք ընդօրինակում, ի՞նչ փուլում է գործընթացը: Երրորդ, այս համատեքստում նախատեսվո՞ւմ են կառուցվածքային փոփոխություններ ՊՆ-ում, ԳՇ-ում, ԶՈՒ-երում: Ի դեպ, իշխանության ներկայացուցիչներն արդեն իսկ խոսում են ՊՆ-ում կառուցվածքային փոփոխությունների մասին։ 

2. Հանրային ռադիոյին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը խոսել էր նաև համապարփակ պաշտպանության և անվտանգության մասին հայեցակարգից և ասել, որ Անվտանգության խորհրդում է դա քննարկվել և հաստատվել է: Խնդրում ենք մանրամասնել՝ ինչի՞ մասին է խոսքը, և ի՞նչ մասնակցություն է ունեցել ՊՆ-ն այս գործընթացում:

3. ՀՀ պաշտպանության նախարարը և երկրի վարչապետը խոսում են ռազմարդյունաբերության ոլորտում գործող հայրենական պատվերների մեծացման մասին՝ բանակի կարիքների լրացման համատեքստում: Քանի տոկոսով են բանակի կարիքները բավարարում տեղական արտադրողները: Տեղեկություններ կան, որ փամփուշտներն անգամ Հնդկաստանից են ներմուծել, ինչո՞ւ: Այս համատեքստում կխնդրեի անդրադառնալ «Կալաշնիկով ԱԿ-103» ինքնաձիգների հավաքման արտադրամասի աշխատանքի տեմպերին:

Այսօր մարտի 7-ն է, և ՀՀ պաշտպանության նախարարությունը դեռ չի պատասխանել մեր գրավոր հարցմանը: Այսինքն, ըստ էության, օրենք է խախտել։ 

Տեղեկատվություն ստանալու հարցման կարգը կանոնակարգված է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով, որի մասին հստակ նշված է նաև ՊՆ կայքում, որտեղ հստակ նշված է՝ «եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը»:

Հանուն արդարության նշեմ, որ պետական այն գերատեսչությունները, որոնց հետ պարբերաբար առնչվում եմ գրավոր հարցում ուղարկելու առումով՝ ռազմական գործերի և թեմաների համատեքստում, միայն ՀՀ պաշտպանության նախարարությունն է, որ 5-օրյա ժամկետում տեղեկացնում է լրացուցիչ ժամանակի անհրաժեշտության մասին:

Սակայն մեկ ամսում, փաստորեն, Սուրեն Պապիկյանը չի բարեհաճել ծանոթանալ հարցերին, կամ ծանոթացել է և չի բարեհաճել իրեն վերաբերող հարցերի պատասխանը հստակ փոխանցել, կամ էլ՝ պատասխան չեն գտել: Բայց սա մեզ քիչ է հետաքրքրում, կա փաստ՝ 1 ամիս է անցել, և չենք ստացել մեր հարցման պատասխանը:

Երրորդ, ՊՆ-ում կառուցվածքային փոփոխությունների մասին մեր հարցադրումներին զուգահեռ, երբ դեռ նոր կադրային փոփոխություններ չէին եղել, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտնել է, որ փոխվելու է բանակի կառավարման տրամաբանությունը, կառուցվածքային և կադրային փոփոխություններ են լինելու: Այսինքն, այն, ինչ մենք մեր գրավոր հարցադրման մեջ հարցրել էինք փետրվարի 7-ին, Անդրանիկ Քոչարյանը փետրվարի 6-ին, ըստ էության, հաստատել է: Եվ սա առաջին դեպքը չէ, երբ իշխանության ներկայացուցիչներն ասում են այն, ինչի մասին ՊՆ-ում լռում են, առնվազն կարող էր Սուրեն Պապիկյանը նրանց էլ «լռեցնել»:

Բացի փետրվարի 7-ի հարցումից, 168.am-ը ՀՀ պաշտպանության նախարարություն գրավոր հարցում է ուղարկել փետրվարի 27-ին, որտեղ հարցրել էինք փետրվարի 12-ին ՀՀ ռազմական ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ Ներքին Հանդում հայ դիրքապահների կրակել-չկրակելու հետ կապված հետաքննության մասին, քանի որ մոտ մեկ շաբաթ մեզ չհաջողվեց այդ հարցի պատասխանը ստանալ բանավոր: Այս հարցումից անցել է մոտ 10 օր, իսկ մարտի 5-ին ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը բանավոր պատասխանել է այս հարցին՝ նշելով, որ հետաքննությունը շարունակվում է: Ի՞նչ որակում տալ նման գործելաոճին, որից տուժում է մեր մասնագիտական աշխատանքը: Շարունակելով՝ նշենք, որ մարտի 2-ին ևս մեկ գրավոր հարցում ենք ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ հիմնված փորձագետ Արեգ Քոչինյանի և ԱԽՔ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունների վրա:

Մասնավորապես, փետրվարի 25-ին Հանրային հեռուստաընկերության եթերում (33:32-ից) փորձագետ Արեգ Քոչինյանը հայտարարել է, որ ԱՄՆ-ից և Ֆրանսիայից 5-10 խորհրդական են ժամանել Զինված ուժեր: Ի դեպ, Երևանում Ֆրանսիայի պաշտպանության նախարարը ևս նման ակնարկ էր արել: Եվ մենք փորձել ենք ՊՆ-ից իմանալ՝ ի՞նչ նպատակով են եկել այս խորհրդականները, արևմտյան ուրիշ ի՞նչ երկրներից է նախատեսվում խորհրդական-հրահանգիչների այցեր և ներգրավվածություն Զինված ուժերում բարեփոխումների գործընթացին, եթե փորձագետի ասածը համապատասխանում է իրականությանը:

Նույն Պետրոս Ղազարյանի մոտ մարտի 1-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը 96 %-ից հասել է 10 %-ից ավելի քիչ թվի, և, որ սա ՌԴ-ի ընտրությունն էր։ Նա նշել է նաև, որ 2021 թվականին կնքված պայմանագրերի շրջանակում ՌԴ-ն չի մատակարարել գնված զենքը, որը կազմում է մոտ 250 միլիոն: Եվ քանի որ իշխանությունները հրապարակային հայտարարություններ են անում, բայցև անտեսում կարևոր փաստերը, ըստ այդմ՝ պաշտպանական գերատեսչությունից մարտի 2-ին գրավոր հարցմամբ փորձել ենք նաև պարզել՝ այս պահի դրությամբ ՀՀ ԶՈւ զինանոցի քանի՞ տոկոսն է կազմում ռուսական սպառազինությունը, և ի՞նչ է արվում դրանց արդիականացման ուղղությամբ: Չի բացառվում, որ վերջին հարցումն արժանանա փետրվարի 7-ի հարցման ճակատագրին, կամ էլ՝ լավագույն դեպքում՝ իշխանամերձ շրջանակների կողմից հայտնած տեղեկությունների հաստատումը կհամարվի հրապարակման համար ոչ ենթակա:

Ի դեպ, մարտի 5-ին Արմեն Գրիգորյանի՝ զենքի մասին հայտարարությունների մասին լրագրողների հարցերին ի պատասխան՝ ԳՇ պետը հենց նմանօրինակ պատասխան է տվել, երբ փորձել են պարզել, թե ՌԴ-ից զենքի մատակարարման հետ կապված ի՞նչ խնդիրներ կան, և արդյոք ճի՞շտ է, որ պատերազմից հետո Ռուսաստանը զենքի մատակարարման իր պարտավորությունները չի կատարում:

«Ես՝ որպես զինվորական մարդ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, ես իրավունք չունեմ այս միջավայրում ձեր հարցին պատասխանելու»,- շեշտել է Ասրյանը՝ հորդորելով գրավոր հարցում ուղարկել, ինչը, ինչպես նշեցինք, արել ենք նախքան Էդվարդ Ասրյանի հորդորը:

Գործող իշխանությունների օրոք լրջագույն խնդիր կա. բանավոր հարցերը հորդորում են գրավոր ուղարկել, լրատվամիջոցները, տվյալ դեպքում՝ մենք, հարգում ենք պահանջը և ուղարկում, բայց մեր հարցադրումները մնում են անպատասխան։

Ի դեպ, անտեսվել և անարձագանք են մնացել՝ բանակի վերաբերյալ հարցազրույցների շարք անելու մեր դիմումները: Իհարկե, չենք կարող անտեսել ՊՆ խոսնակի վերջին տարիների ահռելի աշխատանքը, ինչի շնորհիվ լրատվամիջոցները ժամանակ առ ժամանակ մարտական դիրքեր, զորամասեր և ամրացված շրջաններ են այցելում, կազմակերպվում են փակ հանդիպումներ, և 2023 թվականի դեկտեմբերին այսքան տարի հետո լրագրողները փակ հանդիպում ունեցան նաև պաշտպանության նախարարի հետ: Բայց առկա են նաև վերը նշված փաստերը, որոնք պետք է որ մտահոգեն Սուրեն Պապիկյանին՝ սկսած հարցումների խնդրից՝ մինչև այն, որ իշխանության շատ ներկայացուցիչներ կատարում են իր «գործառույթը»:

Տեսանյութեր

Լրահոս