Սուրեն Պապիկյանի պարզ թվաբանության դեմ՝ նաև պարզ տրամաբանությամբ. Ո՞ւմ միջոցով է իշխանությունը լավություն անում մայրերին

Նոյեմբերի 24-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները:

Խոսքը պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման մասին է:

Այսինքն, շարքային կազմի համար 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը նախատեսվում է 2026 թվականի հունվարի 7-ից մեկնարկելիք ձմեռային զորակոչից կրճատել 6 ամսով՝ սահմանելով 18-ամսյա ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն՝ պայմանագրայինների թվաքանակի աճի հաշվին:

Բնականաբար, Պապիկյանը հերքելու համար պնդումները, թե սա նախընտրական քայլ է, հղում է արել Կառավարության 2021-2026 թվականների ծրագրին, և ակնարկել, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման հնարավոր էր գնալ միայն 2026 թվականի հունվարից, թեպետ ավելի վաղ հայտարարվել էր, որ նման քայլի գնալու են գալիք տարվա ամառային զորակոչից:

Կարդացեք նաև

Նշենք նաև՝ երբ 2024 թվականի հոկտեմբերի 31-ին ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիշեցրել էր ժամկետային ծառայության կրճատման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի խոստման մասին, ՀՀ պաշտպանության նախարարն արձագանքել էր, թե «զինծառայության ժամկետի կրճատման կարող են գնալ, բայց պետք է հաշվի առնել ներկա իրավիճակը և ելնել երկրի անվտանգության առաջնահերթություններից»:

Այսօր՝ մեկ տարի անց, Սուրեն Պապիկյանը պնդել է՝ հաշվարկներ են արել, անվտանգային խնդիր չի լինելու: Նա չի համաձայնել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստին ներկա ընդդիմադիր պատգամավորների հետ, որ 2026թ. հունվարից պարտադիր զինծառայության ժամկետի կրճատումը հանգեցնելու է բանակի թվաքանակի կրճատման:

«Տեղի է ունենալու հետևյալը. 1,5 տարի հետո 2 զորակոչ զորացրվելու է: Եվ իրականության հետ կապ չունի այն, որ բանակը կրճատվում է: Եվս 1.5 տարի հետո մենք նույն թվաքանակով մարդկանց զորակոչելու ենք բանակ, ուղղակի իրենք ծառայելու են 1.5 տարի: Պատկերացրի՞ք: 1.5 տարի հետո զորացրվելու է երկու զորակոչի այն հատվածը, որը պայմանագիր չի կնքել: Դրանից ևս 1.5 տարի հետո բոլոր 4 զորակոչերը կրկին գտնվելու են բանակում՝ պարզապես 1.5 տարի ծառայելով: Որ խրոխտ ասում եք՝ բանակը կրճատում են, ախր թվաբանություն է էդ անտերը, բարդ չի»,- հայտարարել է Պապիկյանը՝ հավելելով, որ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների և դրանից դուրս պայմանագրայինների թիվը թույլ է տալիս գնալ նման որոշման:

Իսկ այն, որ պայմանագրայինների կողմից նաև պայմանագրերը խզելու դեպքեր են լինում, Պապիկյանը չի հերքել, բայցև վստահեցրել է՝ 2025 թվականի կտրվածքով առկա է գնացող-եկողների դրական բալանս՝ 1000-ը գերազանցող:

Այդ դեպքում ինչո՞ւ միանգամից պարտադիր զինծառայության ժամկետը չդարձնել 1 տարի՝ ընդդիմադիր պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարն արձագանքել է՝ դրա համար անհրաժեշտ է, որ այլ հարցեր լուծվեն, հիմա դրա ժամանակը չի: Այսինքն, ամեն դեպքում, թվաքանակի հետ կապված և անվտանգային այլ հարցեր առաջացնում է ժամկետային ծառայության կրճատումը:

Հիմա 18-ամսյա զինծառայության դեպքում, որը նախատեսված է 2026 թվականի հունվարից, Պապիկյանը, ինչպես նշեցինք, պնդում է, որ խնդիրների չեն բախվելու, քանի որ բանակը չի կրճատվում, պայմանագրայինների թվաքանակը բավարար է:

Սակայն հարցն այն է, որ այս առաջարկի ընդդիմախոսները հակադարձում են, որ մարդկային ռեսուրսի հետ կապված խնդիրն իրեն զգացնել է տալու հատկապես առաջիկա 1-1.5 տարվա ընթացքում, ինչի մասին Պաշտպանության նախարարը չի խոսում, և անընդհատ նշում է, թե ինչ պատկեր ենք ունենալու 1.5 տարի հետո:

Ավելին, Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում հայտարարել է, որ եթե 2025 թվականին վարժական հավաքներին մասնակցել է 16.000 պահեստազորային, ապա 2026 թվականին նախատեսել են, որ վարժական հավաքներին մասնակցող պահեստազորայինների թիվը միջինում լինի 20.000. «մարդ կա՝ 45 տարեկան է, և երբեք վարժական հավաքի չի մասնակցել, սա աննորմալ երևույթ է, մենք փորձում ենք վարժական հավաքին մասնակցությունը դարձնել նորմալ»:

Սրանից բացի, Պապիկյանն ակնարկել է՝ «մեր կարգը թույլ է տալիս ոչ միայն 14-օրյա, այլև 20-օրյա մարտական հերթապահություն»:

Պատկերացրեցի՞ք, ինչպես կասեր պաշտպանության նախարարը:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ զինծառայության ժամկետի կրճատումը, ամեն դեպքում, հանգեցնելու է 4-6 հազարով ժամկետայինների թվի կրճատման, ինչի մասին նշում են մասնագետները, և ինչը փորձում է թաքցնել իշխանությունը:

Իսկ այն, որ 1.5 տարի հետո ինչ-ինչ խնդիրներ կհարթվեն, չպետք է մոռանանք սահմանագծման և սահմանազատման գործընթացի մասին, որի արդյունքում զինված ուժերը ևս որոշակի քանակի դիրքերից դուրս են գալու, ձևավորվելու է սահման, որի պաշտպանությունն իրականացնելու են սահմանապահները:

Ներկա պահին, սակայն, ստացվում է մոտավոր նման իրավիճակ՝ պարզ լեզվով ասած, մայրերի սրտով կրճատում են ապագա զինվոր որդիների զինծառայության ժամկետը, դրա փոխարեն՝ ամուսինները, արդեն զինծառայություն անցած որդիները կանչվելու են 25-օրյա վարժական հավաքների, որից խուսափելու դեպքում պատիժները խստացվել են, և դեռ հարց է՝ որքանով կարող են այս պլանը կատարել:

Բնականաբար, բոլորը պետք է մասնակցեն երկրի պաշտպանությանը, բայց խոսքն այս դեպքում այլ բանի մասին է, որը, իհարկե, իշխանությունները քաղաքացիներին չեն բացատրի:

Չնայած այստեղ էլ Փաշինյանի իշխանությունը «լուսավոր» կետ կգտնի, օրինակ, ինչպես Սուրեն Պապիկյանն է ասել Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովի նիստում՝ «շատ կարևոր է, որ ԶՈւ հիմնական հատվածը ոչ թե զբաղվի մարտական հերթապահությամբ, երբեմն՝ պահակությամբ, այլ զբաղվի մարտական պատրաստությամբ և բարձրացնի իր կարողությունները»:

Մարտական պատրաստվածությամբ զբաղվելն լավ բան է, այլ հարց է՝ ինչպե՞ս կարող է միջազգային մարտական զորավարժություններին չմասնակցող զինծառայողը, սպան ունենալ բարձր պատրաստվածություն, որի ժամանակ է, որ կարող է «շոշափել» ժամանակակից պատերազմի վարման մեթոդները:

Բայց ՀՀ-ում քաղաքական պահանջ կա՝ ՀՀ-ին մարտունակ բանակ պետք չէ, այն չի տեղավորվում խաղաղության օրակարգում, ուստի նշվածն ակտուալ չէ:

Եվ գուցե փորձելով խուսափել հերթական նման դիտարկումից, Սուրեն Պապիկյանը լրատվամիջոցների հետ հանդիպմանը նշել է.

«Մարտունակությունն ու պաշտպանունակությունը դրանք եզրույթներ են, միմյանց չեն հակասում, պարզապես պաշտպանունակությունն արտացոլում է մեր երկրի սուվերեն տարածքը պաշտպանելը, ինչն ավելի լավ ու ճիշտ տերմին է»:

Ինչպես ասում են՝ хотели как лучше, а получилось как всегда…

Տեսանյութեր

Լրահոս