Լոգիկա կա՞… Թուրքիան ու Ադրբեջանն ուզում են քեզ ոչնչացնեն, դու ուզում ես նրանց հետ ախպերություն անես, ու մեղադրում ես Ռուսաստանին, որ լավ հարաբերություն ունի նույն Թուրքիայի և Ադրբեջանի հետ. Հայկ Խալաթյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Ռուսաստանաբնակ հայերի կյանքը, չէի ասի, թե ծայրահեղ վատ է, բայց որոշակի փոփոխություն կա։ Իհարկե, 44-օրյա պատերազմի պարտությունից հետո հայերը Ռուսաստանում ճնշված, ընկճված են զգում իրենց։ Ադրբեջանցիներն ամեն տեղ փորձում են ցույց տալ, որ իրենք հաղթած են։ Բայց մեդալը երկու երես ունի։ Երբ նայում ենք քրեական խրոնիկան, տեսնում ենք, որ ադրբեջանական հանցավոր խմբավորումների նկատմամբ բավականին անհանդուրժողական վերաբերմունք կա Ռուսաստանում։ Նկատելի է, որ ռուսները քրիստոնեական ժողվուրդներին յուրային են համարում։
- Ադրբեջանական համայնքը Ռուսաստանում շատ կազմակերպված և ակտիվ է։
- Այն դիրքորոշումները, որոնցով հանդես է գալիս Ռուսաստանի հայկական համայնքը, այնքան էլ չի համընկնում Հայաստանի ներկայիս իշխանությունների դիրքորոշման հետ։ Այս պրոբլեմը կա նաև ամերիկյան ու եվրոպական հայ համայնքների հետ։
- ՀՀ իշխանությունները, ոչնչացնելով բոլոր կառույցներն ու հեղինակություններին Հայաստանում, հիմա էլ անցել են Սփյուռքին, որովհետև Սփյուռքի կառույցները շատ բացասական վերաբերմունք ունեն թե՛ Արցախի, թե՛ Ցեղասպանության հարցի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների, Փաշինյանի դիրքորոշման վերաբերյալ։ Հայաստանի իշխանությունները մտավախություն ունեն, որ իրենց վարած քաղաքականությանը դեմ հանդես եկող Սփյուռքը կարող է միջամտել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։ Դրա համար էլ քայքայում են այն։
- Ես չեմ տեսնում Ռուսաստանի կողմից Հայաստանում հեղաշրջում անելու քայլեր։
- Մոսկվայում չէին պատկերացնում, որ Հայաստանում իշխանության կարող է գալ մեկը, ով կհանձնի Արցախն ու կուրանա Ցեղասպանության փաստը։
- Հայաստանն իր գործողություններով ու հայտարարություններով ամեն ինչ անում է, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը չօգնի Հայաստանին, և դա էլ են շրջում Ռուսաստանի դեմ, որովհետև ցանկացած էսկալացիայի դեպքում Հայաստանում բնակչության մի ստվար մասը մեղադրելու է Ռուսաստանին։
- Ռուսաստանը կարող է շատ երկար սպասել, բայց հետո գնալ ծայրահեղ միջոցների։ Ռուսաստանում փափուկ ուժի քաղաքականությունը թույլ է գործում, դա իրենք էլ են ընդունում։
- Ռուսաստանում հասարակ մարդն իր վրա չի զգում արևմտյան սանկցիաների ազդեցությունը․ Ռուսաստանում ամեն ինչ կա։
- Հայաստանի իշխանությունները խոսում են սուվերենությունից, բայց երբեք Հայաստանի սուվերենությունն այսքան ցածր մակարդակի վրա չի եղել։
- Ռուսաստանն այս պահին Հայաստանին գազը վաճառում է շատ էժան գնով, որովհետև դաշնակից ենք։ Հիմա եթե ՀԱՊԿ-ից դուրս պետք է գանք, դաշնակցային հարաբերությունները խզենք, ինչո՞ւ պիտի Ռուսաստանն էժան գազ տա մեզ։ Մեր ժողովուրդը պետք է ինքը որոշի՝ պատրա՞ստ է դրան։
- Եթե անգամ Ուկրաինան հաղթի այդ պատերազմում, նա այլևս չի վերականգնվելու ո՛չ տնտեսապես, ո՛չ դեմոգրաֆիկ առումով։
- Հայաստանի իշխանությունները մարդկանց հիմա էլ խաբում են եվրաինտեգրման մասին սուտ խոստումներով, որ այդ կերպ շահագրգռեն, գան, մասնակցեն սահմանադրական հանրաքվեին։
- ՀԱՊԿ-ից դուրս գալու ռազմավարական որոշումն ընդունված է։ Այլ հարց է՝ ի՞նչ ճանապարհով են դրան հասնելու։ Այս իշխանությունների համար առաջնայինն իրենց իշխանությունը պահպանելն է։
- Մեր հիմնական շուկան ռուսականն է։ Հեքիաթ է, որ մենք կկարողանանք այն փոխարինել այլ շուկայով։ 5 տարի վրացիները ռուս-վրացական պատերազմից հետո չէին կարողանում իրենց ապրանքները վաճառել Ռուսաստանում, բա ինչո՞ւ չկարողացան նույն գինին, այլ ապրանքներ վաճառել Եվրոպայում։ Ռուսաստանը վրացական ապրանքների վրա դրած էմբարգոն հանեց միայն 2012թ․։
Ի դեպ, օրերս Ռուսաստանի գինեգործների ասոցիացիան դիմել է ՌԴ Պետդումային՝ 200%-ով բարձրացնել ոչ բարեկամական երկրներից գինիների ներմուծման տուրքը:
- ՆԱՏՕ-ն դեռ չի պատրաստվում Ուկրաինա զորք ուղարկել: Եթե առանց էմոցիաների ենք նայում իրավիճակին, ստացվում է՝ Արևմուտքը պատրաստ է մինչև վերջին ուկրաինացին կռվել Ռուսաստանի հետ, հետո որոշել կամ կռվել Ուկրաինայի կողմից, կամ պայմանագիր կնքել, բայց քանի դեռ դա տեղի չի ունեցել, ոչ մի քայլ թույլ չեն տալիս անել։
- Եթե Ռուսաստանը վատ դաշնակից է, ուրեմն դու պետք է գտնես ավելի լավ դաշնակից՝ Թուրքիայի և Ադրբեջանի դեմ, որոնք քեզ ուզում են ոչնչացնեն, ոչ թե նրանց հետ ախպերություն անես։ Բա էդ դեպքում ինչո՞ւ ես մեղադրում Ռուսաստանին, որ նրանք լավ հարաբերություն ունեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ։
- Եթե դու դժգոհ ես ռուսներից, ինչո՞ւ ես անում քայլեր, որոնք նրան քեզ թշնամի են դարձնելու։
- Աշխարհում կան երկրներ, որոնք առաջնորդվում են ոչ թե իրենց երկրների շահերով, այլ օտար երկրներից եկած ցուցումներով։ Այլ հարց է, թե ինչ է լինում այդ երկրների հետ։
- Հավաքական Արևմուտքը շատ լավ հասկանում է՝ ինչ է սպասվում Հայաստանին այս հակառուսական քաղաքականությունը շարունակելու դեպքում, բայց իրենց ապահովագրել են, և վաղը, եթե աղետ լինի, կասեն՝ բայց մենք ձեզ ասում էինք, չէ՞, մի՛ շտապեք, ՀԱՊԿ-ից դուրս մի՛ եկեք։
- Պետք չէ սպասել, որ որևէ այլ երկիր լինելու է ավելի հայամետ, քան պետք է լինի Հայաստանի իշխանությունն ու ժողովուրդը։ Եթե դու մեղադրում ես ռուսական կողմին, տարօրինակ է ակնկալել, որ որքան էլ քննադատությունն արդար է, ռուսական կողմը քո փոխարեն ավելի հայ պիտի լինի։
- Դու այն ժամանակ ծաղրեցիր Ռուսաստանին, հիմա էլ Ռուսաստանն է ասում՝ եկե՛ք, ինձ համոզե՛ք, փաստաթո՛ւղթ բերեք, որ Պուտինը գա Հայաստան։
- Շատ փորձագետներ ասում էին՝ Հռոմի ստատուտի վավերացման դեպքում դու խնդիրներ ես ունենալու թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի հետ, որովհետև պարզ է, Պուտինին ձերբակալել չես կարող, բայց չձերբակալելով էլ՝ խնդիր ես ունենալու Արևմուտքի հետ։
- Ադրբեջանը ցույց տվեց, որ մի կողմից՝ հիանալի հարաբերություններ ունի Ուկրաինայի հետ, մյուս կողմից՝ Ռուսաստանին կասի՝ տեսա՞ր՝ մենակ իմ դիրքորոշման պատճառով Զելենսկին չգնաց Հայաստան։
- Բաքուն շատ վիրտուոզ դիվանագիտական քայլ կատարեց․թաղեց Մինսկի խումբը և հասավ նրան, որ Հայաստանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Հետո, երբ եկավ ժամանակը, կրկին թեքվեց դեպի ռուսական հարթակ։ Մոռացե՞լ եք՝ իսկ ո՞վ էր Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու միջնորդը… այո, Մակրոնը։
- ՀՀ գործող իշխանությունները վախենում են, որ Ռուսաստանը կարող է գնալ կտրուկ քայլերի, առաջացնել սոցիալ-տնտեսական խնդիրներ, որոնք կարող են երկրում ներքաղաքական դժգոհություն առաջացնել։
- Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ հայ հասարակությունն ասելու է՝ հա, իսկ ինչի՞ պիտի ռուս սահմանապահները լինեն «Զվարթնոցում»։ Դրա համար էլ ռուսական 102-րդ ռազմաբազայի, սահմանապահների դեմ պայքարը դրանից է սկսում, բայց չէ՞ որ «Զվարթնոցից» հետո նաև հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահների դուրս գալու խնդիրն է առաջ գալու։
- Հայաստանի իշխանությունն այնպիսի վտանգավոր խաղի մեջ է մտել, որ ոչ ոք չի պատկերացնում՝ եթե անգամ որոշում ընդունեն, օրինակ, ռուսական 102-րդ ռազմաբազան հանելու վերաբերյալ, դա ինչպե՞ս են իրագործելու։
Մանրամասները՝ տեսանյութում։