Կառավարական օդանավն սկսել է շահագործել Սուքիասյանների ավիաընկերությունը․ «Հետք»
Կառավարական ինքնաթիռը, որն սպասարկում է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին, նախորդ տարվա սեպտեմբերից շահագործում է հայ-մոլդովական «Ֆլայուան Արմենիա» ավիաընկերությունը: Այս մասին գրում է «Հետք»-ը։
Այս ընկերության 29 %-ը պատկանում է իշխանական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին. ընդ որում՝ 20 %-ի տերը Սուքիասյանի կրտսեր եղբայրն է՝ Էդուարդ Սուքիասյանը, իսկ 9 %-ի փայատերը փաստացի Սուքիասյաններին պատկանող «ՍԻԼ Կապիտալ» ՍՊԸ-ն է (փաստաթղթերով ՍՊԸ-ի սեփականատերն այլ անձ է, սակայն խորհրդի նախագահը Էդուարդ Սուքիասյանն է): «Ֆլայուան Արմենիայի» մյուս սեփականատերերի մասին կարող եք կարդալ այստեղ: Միայն ասենք, որ դրա 46 %-ը պատկանում է մոլդովական «Fly One» ավիաընկերությանը:
Ովքե՞ր են նախկինում շահագործել թիվ 1 բորտը
Թիվ 1 բորտը կամ կառավարական (նախկինում՝ նախագահական) օդանավը ՀՀ-ն ձեռք է բերել 2007 թ.: 1998 թ. արտադրության «Airbus A319 ACJ» ինքնաթիռը մեր երկիր էր ներմուծել ՊՆ-ն: 2007-ի դեկտեմբերի 6-ին Կառավարությունը որոշել էր օդանավն ամրացնել ՀՀ նախագահի աշխատակազմին: Բայց քանի որ մեր Հայաստանում չկա երկրի ղեկավարությանը սպասարկող առանձին ավիաջոկատ, պետական այս ինքնաթիռը շահագործման նպատակով հանձնվել էր այն ժամանակ ազգային ավիափոխադրող «Արմավիային»: Բնականաբար, դրա համար ավիաընկերությունը վճարվում էր պետբյուջեից:
Մինչեւ այս ինքնաթիռի ձեռքբերումը նախագահին սպասարկում էր «Տու-134-Ա3» տիպի ինքնաթիռ: Դրա շահագործողը եւս «Արմավիան» էր: 2007-ի դեկտեմբերի 20-ին Կառավարությունը որոշեց «Տու-134»-ը օգտագործման պայմանագրով հանձնել «Արմավիային», որը պետք է իր հաշվին կատարեր օդանավի ու շարժիչների հետագա վերանորոգման, շահագործման եւ ապահովագրական ընկերությունների հետ կապված բոլոր տեսակի ծախսերը: «Արմավիան» այս «Տու-134»-ով պետք է սպասարկեր արտերկիր մեկնող պետական պատվիրակություններին (նախագահի աշխատակազմից, ԱԺ-ից, Կառավարությունից): Ավիաընկերությունը «Տու-134»-ը այդպես շահագործեց մինչեւ 2010 թ.: Այս բորտի հետագա ճակատագրի մասին գրել ենք:
Ինչ վերաբերում է «Airbus A319 ACJ»-ին, ապա «Արմավիան» այն շահագործել է մինչեւ 2013 թ. գարուն, երբ դադարեցրեց իր թռիչքային գործունեությունը: Այդ ընթացքում նախագահական բորտի թռիչքները համարակալվում էին ICAO-ի (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) կողմից «Արմավիային» տրված կոդով՝ RNV-ով: Երկրի ղեկավարին սպասարկող թռիչքները կրում էին RNV4001 կոդը (մինչեւ 2007 թ. նախագահին տեղափոխող «Տու-134»-ի թռիչքները եւս այս կոդով էին):
2013-2014 թթ. նախագահական օդանավը շահագործել է մեկ այլ մասնավոր ընկերություն՝ «Էյր Արմենիան», որն այդ տարիներին քիչ թե շատ բավարար ռեսուրսներ ունեցող միակ ուղեւորափոխադրող ավիաընկերությունն էր Հայաստանում եւ ձգտում էր լրացնել «Արմավիայից» հետո առաջացած բացը: Սրա օրոք էլ ՀՀ նախագահի թռիչքները համակալվում էին որպես ARR4001, որտեղ ARR-ն «Էյր Արմենիայի»՝ ICAO-ից ստացած կոդն էր:
«Էյր Արմենիան» իր թռիչքները դադարեցրեց 2014-ին, եւ խնդիրն այն էր, որ այդ պայմաններում նախագահական օդանավը սպասարկող հայկական ավիաընկերություն չկար, քանի որ 2014-2016 թթ. հայկական երկնքում տեղական ուղեւորափոխադրողներ պարզապես գոյություն չունեին: Ի՞նչ տեղի ունեցավ:
2014-ին թիվ 1 բորտը շահագործման հանձնվեց Քաղավիացիայի գլխավոր վարչությանը (ներկայում՝ Քաղավիացիայի կոմիտե) ենթակա «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ին, որը ուսումնական հաստատություն է: Սակայն ԱՈւԿ-ը ICAO-ից կոդ ստացավ՝ ARY, եւ նախագահին տեղափոխող թռիչքներն սկսեցին համակալվել ARY4001: Օդանավն սպասարկում էր նաեւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների, օրինակ՝ վարչապետին, որի թռիչքները համարակալվում էին իբրեւ ARY4002:
2018-ի մարտին նախագահ Սերժ Սարգսյանը, որը շուտով պետք է դառնար վարչապետ, կարգադրել էր թիվ 1 բորտը հանել նախագահի աշխատակազմի հաշվեկշռից, եւ նույն ամսում Կառավարությունը որոշեց գույքն ամրացնել Քաղավիացիայի գլխավոր վարչությանը:
Այն բանից հետո, երբ Հայաստանը պաշտոնապես դարձավ խորհրդարանական երկիր եւ երկրի ղեկավարի լիազորություններն անցան վարչապետին, ARY4001 կոդով սկսեցին համարակալվել վարչապետին սպասարկող չվերթերը, իսկ նախագահի թռիչքները՝ ARY4002-ով: Այլ բարձրաստիճան պաշտոնյաների (օրինակ՝ ԱԺ նախագահ, ԱԳ նախարար) չվերթերն էլ համարակալվում էին ARY4003:
Սեպտեմբերից կառավարական ինքնաթիռը շահագործում է «Ֆլայուան Արմենիան»
Թռիչքներին առցանց հետեւող կայքերում 2023-ի դեկտեմբերից վարչապետ Փաշինյանի ու նախագահ Խաչատուրյանի արտասահմանյան թռիչքների համակալումները (FIE4001 եւ FIE4002) ցույց են տալիս, որ թիվ 1 բորտը սկսել է շահագործել «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ն, որի 29 %-ը, ինչպես ասվեց վերեւում, Սուքիասյան ընտանիքին է պատկանում: FIE-ն այս ավիաընկերության՝ ICAO-ից ստացած կոդն է:
Ու չնայած վերոնշյալ կայքերում կառավարական բորտի թռիչքներն սկսել են FIE-ով համարակալվել դեկտեմբերից, Քաղավիացիայի կոմիտեից «Հետքը» տեղեկացել է, որ «Ֆլայուան Արմենիան» պետական օդանավի շահագործող է դարձել ավելի շուտ՝ 2023 թ. սեպտեմբերի 8-ից:
Ներկայացնում ենք կառավարական օդանավի թռիչքները, որոնք նախորդ տարվա դեկտեմբերից flightaware.com կայքում նշվում են FIE կոդով:
FIE4001 (Ն. Փաշինյանի ուղեւորությունները)
25.12.2023 – Երեւան-Սանկտ Պետերբուրգ
26.12.2023 – Սանկտ Պետերբուրգ-Երեւան
26.01.2024 – Երեւան-Թբիլիսի
27.01.2024 – Թբիլիսի-Երեւան
02.02.2024 – Երեւան-Ալմաթի
02.02.2024 – Ալմաթի-Երեւան
16.02.2024 – Երեւան-Մյունխեն
18.02.2024 – Մյունխեն-Երեւան
21.02.2024 – Երեւան-Փարիզ
22.02.2024 – Փարիզ-Երեւան
27.02.2024 – Երեւան-Աթենք
27.02.2024 – Աթենք-Երեւան
05.03.2024 – Երեւան-Կահիրե
FIE4002 (Վ. Խաչատուրյանի ուղեւորությունները)
05.02.2024 – Երեւան-Բուդապեշտ
07.02.2024 – Բուդապեշտ-Երեւան
26.02.2024 – Երեւան-Բաղդադ
26.02.2024 – Բաղդադ-Երեւան (օդանավն առանց նախագահի է վերադարձել)
29.02.2024 – Երեւան-Բաղդադ (օդանավը մեկնել է նախագահի հետեւից)
29.02.2024 – Բաղդադ-Էրբիլ
29.02.2024 – Էրբիլ-Երեւան
Չնայած թռիչքներին առցանց հետեւող բոլոր կայքերում կառավարական բորտի թռիչքներն այլեւս համարակալվում են «Ֆլայուան Արմենիայի» FIE կոդով, «Հետքն», այնուամենայնիվ, հարցում էր ուղարկել Քաղավիացիայի կոմիտե՝ հավաստիանալու, որ օդանավի նոր շահագործողը մասամբ Սուքիասյաններին պատկող ավիաընկերությունն է:
Նկատենք, որ Հայաստանում 9 ավիաընկերություն կա, որոնք ուղեւորափոխադրումներ են կատարում: Դրանցից 7-ը ինքնաթիռ է շահագործում, սակայն ներկա իշխանության ընտրությունը, փաստորեն, կանգ է առել «Ֆլայուան Արմենիայի» վրա:
Տեղական մյուս ուղեւորափոխադրողներն են՝
«Արմենիա Էյրվեյզ» – իրանական կապիտալով ընկերություն է
«Էյր Դիլիջանս» – հայ-վրացական ընկերություն է՝ վրացական կապիտալով
«ՆովԷյր» – ամբողջությամբ հայկական ընկերություն է
«Շիրակ Ավիա» – ամբողջությամբ հայկական ընկերություն է
«Ֆլայ Արնա» – պետական մասնակցությամբ հայ-արաբական ընկերություն է, 2024 թ. հունվարից թռիչքներ չի իրականացնում
«Հայկական ավիաուղիներ» – սեփականատերերը տարբեր ազգությունների ներկայացուցիչներ են՝ հայեր, բուլղարացի, թուրք, որոնք առնչություն ունեն ռուսական բիզնեսի հետ, որի հիմնադիրը թուրք է: