Փաստ է՝ իշխանությունն ունի 15-17%. պետք է իշխանափոխություն լինի. Վիգեն Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն ու նրա վարչախումբը, ըստ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի, պարբերաբար սեղանին նետում են 2021 թվականին ընտրություններում մեծամասնություն ստանալու խաղաքարտը՝ որպես լեգիտիմության մանդատ, մինչդեռ դա վիճելի հանգամանք է:

«Այդ պահի դրությամբ, եթե նույնիսկ հաշվի չառնենք մանիպուլյացիաները, խախտումները՝ հատկապես բանակի մասնակցության հետ կապված, այդ պահին հանրությունը խոր դեպրեսիայի մեջ էր,  աշխատում էր հիմնական մեկ օրակարգ՝ «միայն խաղաղություն լինի՝ ցանկացած գնով,- «Գելլափ»-ի հրավիրած ասուլիսում հիշեցրեց  քաղտեխնոլոգը՝ նկատելով, որ հենց դրանից օգտվեց Նիկոլ Փաշինյանը, քանի որ փորձեց բավարարել այդ պահանջարկը,- Ավելին՝ քանի որ ընդդիմությունն այդ պահին չառաջարկեց այլընտրանքային իրական խաղաղության հայեցակարգ, և միայն խոսույթում նշվում էր կապիտուլյացիայի և դավաճանության մասին, դա թույլ տվեց Փաշինյանին մինչև հիմա ասել, որ տեսեք՝ ես խաղաղության կոնցեպտ եմ տալիս, սրանք ռևանշիտ են, և այլն, թեպետ փաստերը հակառակի մասին են վկայում. Հայաստանը երբեք այսքան պատերազմական գործողություններում չի եղել, այսպիսի կորուստներ չի ունեցել»:

Նրա խոսքով՝ այն ուժերը, որոնք կկարողանան քիչ թե շատ իրատեսական, այլընտրանքային խաղաղության կոնցեպտ ներկայացնել, նրանք իրավունք կունենան մարդկանց փողոց դուրս հանել, գործողությունների կոչ անել:

«Փաստը մնում է փաստ, որ իշխանությունն ունի 15-17 տոկոս,- նշեց քաղտեխնոլոգը՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ելքը համարելով իշխանափոխությունը, համախմբումը, իրական դաշնակիցների որոնումը,- Պետք է գա նոր ուժ, որը շանս է, որը պետք է գա նոր կոնցեպտով՝ կոնսոլիդացնի, հարաբերություններ սկսի ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական խաղացողների հետ»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս