«Մեխանիզմի պրոբլեմ ունենք՝ ԿԳՄՍ նախարարությունն ինչպես ուզի, այնպես էլ կարող է որոշել». Սերոբ Խաչատրյան
Փետրվարի 28-ին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանելով 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագրքում առկա թերություններին ու սխալներին և դրանք շտկելուն, ասաց, որ ինչպես պայմանավորվել էին, բոլոր պայմանավորվածությունները պահպանված են։
«Կազմվել է ամփոփաթերթ, որում ներառված են եղել բոլոր կարծիքները, առաջարկությունները, այդ ամփոփաթերթում դասագրքի հեղինակը նաև արտացոլել է իր դիրքորոշումը՝ թե դրանցից որոնք են ընդունելի, որոնք՝ ոչ։ Այն ուղարկվել է երրորդ անկախ կարծիքի։ Ստացել ենք նաև անկախ մասնագիտական կարծիքը, որոշ կետերում մասնագետը համաձայնություն է հայտնել հեղինակի դիրքորոշման հետ, որոշ կետերում առաջարկել է վերանայել դրանք։ Մենք դրանք ուղարկել ենք հեղինակին և այժմ սպասում ենք վերջնական արձագանքին»,- նշեց ԿԳՄՍ նախարարը։
Նա նաև տեղեկացրեց՝ ոչ մի դեպքում դասագիրքը շրջանառությունից դուրս չի բերվելու։
168.am–ի հետ զրույցում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ասաց՝ հարցը բարդ է, քանի որ չկա դասագիրքը շրջանառությունից դուրս բերելու կարգ, և այս պրոցեսը կարգավորված չէ։
«Այդ իմաստով որևէ կարգավորում չկա, փաստորեն նախարարությունն այս պահին որոշել է այդ տարբերակը։ Կարծում եմ՝ այս ամենը պետք է կարգավորվի, հստակ կանոնակարգ, թե որ դեպքում դասագիրքը պետք է դուրս բերվի դպրոցներից, գուցե շտկվի, սեպտեմբերին նորից տպվի։ Բայց այստեղ էլ հարց է առաջանում, թե այդ նորից տպվող դասագիրքը ո՞վ պետք է ֆինանսավորի։ Այսինքն՝ անորոշ վիճակ է։ Դրա համար ԿԳՄՍ նախարարությունը կարող է որոշի հանել, կարող է որոշել՝ պահպանել»,- նշեց Սերոբ Խաչատրյանը։
Փորձագետի դիտարկմամբ, որպեսզի այդ ամենը տեղի չունենար, դրա համար պետք է դասագրքերի մրցույթն ավելի լավ կազմակերպվեր, խորը քննարկումներ տեղի ունենային։ Եվ այն մասնագետները, որոնք այսօր բարձրաձայնում են այդ խնդիրները, նրանցից մի քանիսը պետք է մինչև դասագրքի տպվելը՝ տեսնեին այդ դասագիրքը, շտկումներ անեին։
«ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է, որ շտկումներ կլինեն, բայց շտկումներն ինչպե՞ս են լինելու, այսինքն՝ պետք է լրացուցիչ ինչ-որ բան տպվի՞, դրանո՞վ պետք է լինի։ Նախ, պետք է լինեին փորձնական գրքեր, հետո նոր հիմնական գիրքը տպվեր։ Մենք այս հրատարակության փուլում՝ անցած տարվա, շտապել ենք, լավ չենք կազմակերպել պրոցեսը, որի արդյունքում հայտնվել ենք մի իրավիճակում, որից դուրս գալու համար չկա մեխանիզմ»,- հավելեց Սերոբ Խաչատրյանը։
Հարցին՝ իրատեսակա՞ն է, որ նշված շտկումներն անելուց հետո գիրքը նորմալ տեսքի բերվի, Սերոբ Խաչատրյանը պատասխանեց՝ դա արդեն մասնագիտական խնդիր է։
«Հեղինակն արդեն ասել է, թե ինքը որ առաջարկ-դիտողություններն է ընդունում, որոնք՝ ոչ։ Այստեղ նորից եմ ասում՝ մեխանիզմի պրոբլեմ ունենք, և քանի որ մեխանիզմ չկա, ԿԳՄՍ նախարարությունն ինչպես ուզի, այդպես էլ կարող է որոշել։ Նախարարությունը միշտ էլ կարող է ասել, որ դասագրքում սխալներ չկան։ Իսկ ո՞րն է այն սահմանը, որը խախտելու դեպքում դասագիրքը պետք է հանվի շրջանառությունից, նման նորմատիվ չկա, որ, օրինակ, եթե 100 սխալ է՝ կարելի է, իսկ եթե 101 սխալ է՝ չի կարելի։ Այս դաշտը կարգավորված չէ, սա է խնդիրը»,- եզրափակեց Սերոբ Խաչատրյանը։



