Դասարան մտնելը խաղուպար չէ. ուսուցիչների գերակշիռ մասը ստանում է շատ ցածր աշխատավարձ. Սերոբ Խաչատրյան
«Հայաստանում 700 000 դրամ ստանում է 13 ուսուցիչ, բայց նրանք աշխատում են 1.5 դրույքով, որն անթույլատրելի ծանրաբեռնվածություն է, որն անդրադառնում է որակի վրա»,- անդրադառնալով Կառավարության PR-ին՝ «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց կրթության հարցերով փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
«Բացի դրանից, այդ ուսուցիչը նաև դասղեկ ու մեթոդմիավորման նախագահ պետք է լինի, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է: Այդ ուսուցիչը պիտի շփվի ամենաքիչը 30 ծնողի ու աշակերտի հետ, տետր ստուգի, թեմատիկ պլան գրի, և այլն, և այլն… 1 դրույքով աշխատող ուսուցիչն առավելագույնը կարող է մոտենալ 500 000 դրամ աշխատավարձի:
Որոշ առարկաների ուսուցիչներ չեն էլ կարող: Պատմության, մաթեմատիկայի ուսուցիչները, օրինակ, ըստ այդ ծրագրի, չեն կարող այդքան ստանալ, որովհետև չեն ստանում այն լրավճարները, որոնք ստանում են 5 առարկայի գծով ուսուցիչները: Սա խտրական վերաբերմունք է մյուս առարկաների ուսուցիչների հանդեպ:

Դասարան մտնելը խաղուպար չէ: Այս հարցն իշխանություններն իրենց համար դարձրել են սպորտ: Կառավարության ամեն նիստին ասում են՝ մի քանի ուսուցիչ էլ ենք բերել, մինչդեռ խոսքն ամբողջ համակարգի մասին պետք է լինի: Կառավարությունը չպետք է զբաղվի միայն չեմպիոն ուսուցիչներով: «Չեմպիոն» ուսուցիչ արտահայտությունը փոխվարչապետի արած արտահայտությունն է: Մենք հիմա 200 ուսուցիչ ունենք, որոնք ստիպված պետք է թողնեն դպրոցը, որովհետև չեն հաղթահարել ատեստավորումը: Կառավարությունը չպետք է զբաղվի ուժեղ օղակներով, այլ պետք է զբաղվի ավելի շատ՝ թույլ օղակներով:
Հիմնական դպրոցների ուսուցիչների համար, քանի որ ավագ դպրոցում չեն աշխատում, առավել բարդ է կամավոր ատեստավորումը հաղթահարելը: Ավագ դպրոցներում աշխատող ուսուցիչները, բնականաբար, առավել հեշտությամբ են դա հաղթահարում: Լավ է, որ կան բարձր ստացող ուսուցիչներ, բայց իրականությունն այն է, որ ուսուցիչների ճնշող մեծամասնությունը ստանում է բավականին ցածր աշխատավարձ»,- ասաց Սերոբ Խաչատրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:



