ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԱՆԸՆԴՀԱՏ ՑՆՑՈՒՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ՝ ՓՈՐՁԵԼՈՎ ԱԶԳԱՅԻՆՆ ԱՐՄԱՏԱԽԻԼ ԱՆԵԼ. ԱՐՄԱՏՆԵՐ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴԸ, ԱԶԳԸ ՈՉ ՄԻ ԱՐԺԵՔ ՉԻ ԿԱՐՈՂ ՍՏԵՂԾԵԼ. ՍԵՐՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը կրթության հարցերով փորձագետ Սերոբ Խաչատրյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Աշխարհում չկա դպրոց, որտեղ աշխարհայացքային կամ գաղափարական տարրեր չկան: Այս առումով մենք հիմա ծանր վիճակում ենք: Իշխանությունները փորձում են նոր տեսություն ամրագրել դպրոցում, որոնց արդյունքն արմատախիլ լինելն է: Սա հնարավոր է միայն մի դեպքում՝ երբ երկրում հաստատվի դիկտատուրա, այսինքն՝ ուսուցիչներին պարտադրել՝ չխոսել Արարատի մասին: Արարատը եղել և մնում է հայ ժողովրդի սիմվոլներից մեկը, և որևէ կերպ որևէ մեկին չի հաջողվելու Արարատը հանել մեր սիմվոլների միջից, այնքան որ խորն է մեզանում նստած: Մեր ուսուցիչները հիմնականում այս դժվարին պայմաններում անգամ աշխատում են մեր պատմությունը ներկայացնել, ավանդույթները պահել: Այնպես չէ, որ իշխանություններն ինչ ասում են, անմիջապես կատարվում է: Իմ գնահատմամբ՝ դպրոցներում հիմա կա լուռ դիմադրություն: Էս տեսակի լուծումները որևէ արդյունքի չեն բերելու:
- Երբ 44-օրյա պատերազմի պարտությունից հետո իշխանության կողմից ասվում է՝ Արցախը Հայաստան չէ, դա մի նպատակ ունի՝ իրենց պարտությունը ռացիոնալիզացնելու: Հասարակությունը չի կարող դա ընդունել: Սա օպորտունիստական մոտեցում է: Ցավոք, որոշ մարդիկ կայուն արժեքային կողմնորոշում չունեն: Նման մարդիկ մինչև 2018 թվականը քաղաքական այլ ճամբարում էին, 2018թ.-ից՝ այս, վաղը կլինեն այլ ճամբարում: Այս քամելեոնական վարքագիծը կարճաժամկետ հաջողություն է բերում:
- Ազգայինի, ավանդականի դեմ պաշտոնական այդ քարոզչությունը կա, բայց կարծում եմ, դպրոցներում ուսուցիչները կկարողանան պահել մեր ազգայինը, և ուսուցիչներն Արցախի մասին միշտ կխոսեն մեր դպրոցներում: Այս իմաստով մեր ուսուցչական կազմը բավական ամուր է և դիմադրում է:
- Ինչո՞ւ ենք մենք առհասարակ հակադրում Արարատն ու Արագածը: Ինձ հիմա ամենաշատը դա է մտահոգում, ինչո՞ւ ենք մենք մարդկանց իրար դեմ հանում: Թողեք՝ իրենց ծնողներից, ազգից եկած ավանդույթներով կողմնորոշվեն…

- Այստեղ հաճախ սխալ պատկերացում ունեն Եվրոպայի մասին: Եվրոպայի հասարակությունը շատ բազմազան է: Շատ երկրներում, օրինակ, լիբերալների վարկանիշը սկսել է նվազել, փոխարենը՝ ամրացել են պահպանողականների դիրքերը: Հիմա ես վախենում եմ մեր երկրում կատարվողից, որ փորձում են ազգայինն արմատախիլ անել: Մարդու համար ամենակարևորն արմատներն են: Արմատներ չունեցող մարդը ոչ մի արժեք չի կարող ստեղծել:
- Այո՛, քննադատական մտածողությունը լավ բան է, բայց կան որոշակի հարցեր, որոնք պետք է լինեն աքսիոմատիկ: Այսօրվա վտանգն այն է, որ մեզ առաջարկում են կասկածել աքսիոմատիկ հարցերում, և դա վտանգավոր է: Ցեղասպանության ու Արարատի հարցերն այն հարցերը չեն, որոնց առնչությամբ կասկած պետք է գցեն հասարակության մեջ: Դրանք հենասյուներ են, որոնք պետք է աքսիոմատիկ արժեք ունենան, և դա այդպես է բոլոր նորմալ հասարակություններում: Այս կերպ մարդուն ուզում են դուրս մղել գոյաբանական հարցերից ու տանել դեպի մանր, կենցաղային հարցեր: Տեղի է ունենում հասարակության ապաքաղաքականացում, ատոմիզացում, հասարակությունը սկսում է մտածել կենցաղային հարցերի շուրջ՝ բանկեր, վարկեր և այլն: Մեր հասարակությունը ես կբնորոշեի՝ որպես ադեմիկ: Կան քաղաքական ակտիվ խմբեր, իսկ ժողովրդի մնացած մասը թաղված է կենցաղի մեջ, ու դա տեղի է ունենում այն պատճառով, որ մարդիկ տասնամյակներ շարունակ դաստիարակվել են այլ արժեքներով, ու հիմա ասում են՝ դա սխալ է, ու մարդիկ մտածում են՝ լավ, դա մեր խելքի բանը չէ, անցնենք մեր մանր հարցերին:
- Դպրոցներում ուսուցիչների ու աշակերտների մեծ մասի համար անընդունելի են Եկեղեցու դեմ հարձակումները: Այն, ինչ տեղի է ունենում հիմա, անընդունելի է, որովհետև ունենք հասարակություն, որի մեծ մասը հավատացյալ է, և անգամ, եթե հավատացյալ չէ, գիտի, որ Եկեղեցին մեր ազգի պատմության մեջ մեծ, առանցքային դեր ունի: Ի՞նչ իմաստ ունի անընդհատ ցնցել հասարակությանը, անընդհատ նոր ձևեր փնտրել՝ ինչ անել, որ իրենք հաջողեն, քաղաքական իրենց շոուն ստացվի… Եկեղեցուն զուտ հավատի տեսանկյունից չպետք է դիտարկենք, այլ նաև՝ սոցիալ-հոգեբանական: Նասիմ Թալեբն էր ասում՝ եթե մի բան հազարամյակներ գոյատևել է, դու, լինելով ավելի կարճ կենսագրություն ունեցող կառույց, չես կարող նրան խաղից դուրս թողնել: Սա Լինդի օրենքն է: Մեր եկեղեցին ավելի քան 1700 տարի գործել է ու հաստատ մի այդքան էլ գործելու է, չի կարող 8 տարվա որևէ իշխանություն այն սասանել:
- Հասարակությանն այնքան են դեգրադացրել, որ նա չի ուզում լսել ոչ մի արժեքային խոսք: Նայեք այսօրվա մեր Ազգային ժողովին: Այսօր կառավարելիության լավագույն ձևը մարդկանց ուշադրության կենտրոնում մնալն է: Այսօրվա իշխանությունն այդ խնդիրն է լուծում, ամեն ինչ անում է, որ մարդկանց ուշադրության կենտրոնում մնա:
- 2018-ի հեղափոխության առաջին իսկ օրերից մեկնարկած «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումն ի սկզբանե զգուշացման շարժում էր՝ զգուշացե՛ք, խելոք մնացե՛ք, այնպես չանեք, որ նոր Հայաստանն ավարտվի նոր Հայրապետով: Շատ բան փոխվեց 2020թ.-ից (44-օրյա պատերազմում դաժան պարտությունից հետո,- հեղ.) հետո և՛ եկեղեցու մասով, և՛ բուհերի: 2018-ին իշխանության գալով, նախապես հայտարարում էին, որ ռեկտորներին պետք է ընտրեն բուհերը, բայց երբ 2020թ.-ից հետո պահանջեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ամեն բան փոխվեց: ՔՊ-ն միջամտում է բուհերի աշխատանքներին, հսկողությունն ուժեղացրեցին, որովհետև իրենց դիրքերը թուլացան: Իսկ երբ 2023թ. Արցախը ճանաչեցին Ադրբեջանի մաս, Եկեղեցին դեմ հանդես եկավ: Իսկ մենք գիտենք, որ ըստ «Կովկասյան բարոմետրի» չափումների՝ Եկեղեցին բավականին բարձր վարկանիշ ունի, ու դա չի կարող չանհանգստացնել իշխանությանը:

- Եկեղեցին սկզբունքային դիրքորոշում է հայտնել, ի՞նչն է վատ այստեղ: Ինչի՞ ենք անընդհատ համեմատություն անում անցյալի, նախկին ժամանակների հետ, թե՝ բա նախկինում ինչի՞ նման հայտարարություններ չէիք անում…
- Ասֆալտն ու ուսուցիչների աշխատավարձերի բարձրացումները լավ բան են, բայց դա չի նշանակում՝ համակարգային զարգացում: Փող դնելը լավ է, բայց պետք է հասկանալ, հաշվարկել՝ դա ինչ արդյունք է տալու: Կարևորն արդյունքն է՝ ի՞նչ արժեք ես ստեղծում, ի՞նչ արդյունք են ունենում:
- Իշխանությունների կողմից դպրոցների միավորման խնդիր է դրված: Դրա արդյունքում փոքր գյուղերում դպրոցներ չեն լինի, աշակերտները կգնան կողքի գյուղեր, գյուղերը կդատարկվեն… Հասկանում եմ՝ մի կողմից՝ 5 հոգանոց դպրոցում որակ ապահովելը դժվար է, բայց մյուս կողմից՝ գյուղում դպրոց լինելը հույս է, չափազանց կարևոր է դպրոցի առկայությունը: Սեպտեմբերի 1 է լինում, բնակիչները ոգևորվում են… Դպրոցը մշակութային միջավայրի մաս է: Իշխանությունների այս որոշումը ռիսկային է, որովհետև դպրոց չունեցող գյուղերը կդատարկվեն: Բացի դրանից, կառաջանան լոգիստիկ և հոգեբանական խնդիրներ: Ժամանակին ՀՀ Կրթության և գիտության նախկին փոխնախարար Դավիթ Սահակյանի (պաշտոնավարել է 2016թ. դեկտեմբերից մինչև 2018թ. մայիսի 3-ը,- հեղ.) կողմից առաջարկվում էր 1-4 դասարանները պահել գյուղի դպրոցում, 5-րդ դասարանից հետո նոր տանել մեծ դպրոցներ: Իմ կարծիքով՝ սա լավ առաջարկ էր. և դպրոցները կգործեին, և, ի վերջո, մարդկանց աշխատանքով ապահովելու խնդիրը չէր առաջանա, մարդիկ անաշխատանք չէին մնա: Այսօրվա իշխանությունների ծրագրով՝ մենք ունենք դպրոցներ, որոնք փակման ենթակա են, բայց շատ լավ դպրոցներ են, և պարզապես ափսոս է դրանք փակելը: Պետք է յուրաքանչյուր դպրոցի նկատմամբ անհատական մոտեցում ցուցաբերել:
- Հայաստանում 700 000 դրամ ստանում է 13 ուսուցիչ: Բայց նրանք աշխատում են 1.5 դրույքով, որն անթույլատրելի ծանրաբեռնվածություն է, որն անդրադառնում է որակի վրա: Բացի դրանից, այդ ուսուցիչը նաև դասղեկ ու մեթոդմիավորման նախագահ պետք է լինի, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է: Այդ ուսուցիչը պիտի շփվի ամենաքիչը 30 ծնողի ու աշակերտի հետ, տետր ստուգի, թեմատիկ պլան գրի, և այլն, և այլն… 1 դրույքով աշխատող ուսուցիչն առավելագույնը կարող է մոտենալ 500 000 դրամ աշխատավարձի: Որոշ առարկաների ուսուցիչներ չեն էլ կարող: Պատմության, մաթեմատիկայի ուսուցիչները, օրինակ, ըստ այդ ծրագրի, չեն կարող այդքան ստանալ, որովհետև չեն ստանում այն լրավճարները, որոնք ստանում են 5 առարկայի գծով ուսուցիչները: Սա խտրական վերաբերմունք է մյուս առարկաների ուսուցիչների հանդեպ: Այս հարցն իշխանություններն իրենց համար դարձրել են սպորտ: Կառավարության ամեն նիստին ասում են՝ մի քանի ուսուցիչ էլ ենք բերել, մինչդեռ խոսքն ամբողջ համակարգի մասին պետք է լինի: Կառավարությունը չպետք է զբաղվի միայն չեմպիոն ուսուցիչներով: «Չեմպիոն» ուսուցիչ արտահայտությունը փոխվարչապետի արած արտահայտությունն է: Մենք հիմա 200 ուսուցիչ ունենք, որոնք ստիպված պետք է թողնեն դպրոցը, որովհետև չեն հաղթահարել ատեստավորումը: Կառավարությունը չպետք է զբաղվի ուժեղ օղակներով, այլ պետք է զբաղվի ավելի շատ՝ թույլ օղակներով: Հիմնական դպրոցների ուսուցիչների համար, քանի որ ավագ դպրոցում չեն աշխատում, առավել բարդ է կամավոր ատեստավորումը հաղթահարելը: Ավագ դպրոցներում աշխատող ուսուցիչները, բնականաբար, առավել հեշտությամբ են դա հաղթահարում: Լավ է, որ կան բարձր ստացող ուսուցիչներ, բայց իրականությունն այն է, որ ուսուցիչների ճնշող մեծամասնությունը ստանում է բավականին ցածր աշխատավարձ:

- Սոցիալական ցանցերի պատճառով աշխարհում մեծ թվով զոհեր կան, ընդ որում՝ երեխաներ: Բոլոր երկրներում կան դատական գործեր, որոնցում սոցիալական ցանցերի պատճառով երեխաներ են մահացել, ինքնասպան եղել: Երեխաների էմոցիոնալ առողջության վրա սոցիալական ցանցերը շատ բացասական ազդեցություն են ունենում: Այդ հարցը պետք է մեզանում էլ կարգավորվի, սահմանափակվի, արգելվի անչափահասների մուտքը սոցիալական ցանցեր: Դա ոչ միայն ծանր՝ մահվան դեպքերի է հանգեցնում, այլև անդրադառնում է երեխաների կրթության որակի, հոգեբանական վիճակի վրա: Ֆրանսիայի նախագահ Մակրոնն էր նույնիսկ վերջերս հոգեբանների հետ հանդիպել, և որոշել են Ֆրանսիայում ևս սահմանափակել սոցիալական ցանցերը: Այդ աստիճանի խնդիրը հրատապ է աշխարհում: Պետք է հասկանալ՝ ինչպես պետք է վերահսկել սոցիալական ցանցերը: Հայաստանում Facebook-ը, TikTok-ը դարձել են քաղաքական հարթակներ: Մեր երկրում սրտիկներով են առաջնորդվում, մինչդեռ պետք է առաջնորդվել սրտացավությամբ: Մենք դանդաղ ենք շարժվում: Միայն Երևանում կա հեռախոսներն արգելելու որոշում, մնացած տեղերում դա թողնված է դպրոցների հույսին:
Հիշեցնենք. Սերոբ Խաչատրյանը նախօրեին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր այդ կարևորագույն խնդրին և գրել. «Աշխարհի բազմաթիվ երկրներ կոնկրետ քայլեր են անում մինչև 15-16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր արգելելու կամ սահմանափակելու ուղղությամբ։ Կան շատ հիմնավոր ապացույցներ, որ սոցիալական ցանցերը ահռելի վնաս են հասցնում երեխաներին, կրթության գործընթացին։ Աշխարհի շատ երկրներում մարդիկ դատի են տալիս սոցիալական ցանցերի տերերին՝ իրենց երեխաների մոտ կախվածություն առաջացնելու համար։ Վերջերս անցկացված հարցման արդյունքներով, Z սերնդի (1997-2011թթ. ծնվածներ) ներկայացուցիչների զգալի մասն ասել է, որ երանի սոցիալական ցանցերը ստեղծված չլինեին։
Եվ այս իրավիճակում Հ1-ով և Հայաստանի այլ հեռուստաալիքներով ամիսներ շարունակ գովազդ է գնում. ԱԲ-ով ստեղծված երեխաները հայտնի դերասան Գարիկ Պապոյանի նվագակցությամբ երգում են՝ թող լինի միշտ Facebook-ը, թող լինի միշտ TikTok-ը։ Այլապես, ո՞ւմ է պետք մեր ապրելը։ Կա՞ աշխարհում մեկ այլ երկիր, որի Հանրային ալիքը սոցիալական ցանցերի գովազդ է անում։ Հասկանալի է, որ մենք վերջիններից մեկն ենք պայքարելու սմարթֆոնների և սոցիալական ցանցերի դեմ։ Բայց գոնե գովազդ մի արեք»։
- Դասագրքերի գրեթե բոլոր առարկաների մրցույթներն ավարտված են, բայց ունենք դասագրքեր, որոնք առ այսօր չկան: 9-10-րդ դասարանների «Հայոց պատմության» դասագրքերը մինչ օրս չկան: Քսերոքսներով ու այլ եղանակներով են դասերն անում: Եղած դասագրքերն էլ են խնդրահարույց: Կան սխալներով ու անճշտություններով լեցուն դասագրքեր: Տարբեր խնդիրների մասին է կառավարությունն ասում, թե ինչու չեն հասցրել դասագրքերն ավարտին հասցնել, բայց դա դպրոցի և աշակերտի խնդիրը չէ, պետք էր հասցնել:
- Սեպտեմբերից մարզպետարանները մնում են խաղից դուրս վիճակում, դպրոցներն անցնում են նախարարության ենթակայության տակ, մնում է միայն վարչատնտեսական մասը: Կառավարման հարցը նույնպես շատ կարևոր է: Քաղաքական հարցը տնօրեն նշանակելիս առկա է: Շատ տեղերում կոնֆլիկտ կա վարչատնտեսական համակարգողների ու տնօրենների միջև: Վարչատնտեսականների մեծ մասը դպրոցի մարդ չէ, բիզնեսից ու այլ ոլորտներից են գալիս: Այս բաժանումն արհեստական է: Ստացվում է, որ մեկ հիմնարկն ունի երկու ղեկավար: Այնինչ մեկ հոգի պետք է պատասխան տա:

- Այսօր շատ բան արվում է ուշադրություն գրավելու համար: Ժաննա Անդրեասյանին ու մյուս պաշտոնատար անձանց նկատողություն անել դպրոցի անորակ կախիչի կամ ցնցուղի համար կարելի էր առանց տեսախցիկների: Դա ավելի արդյունավետ կլիներ, բայց էդ ամեն ինչն արվում է շոուի համար և նաև իշխանական մոբի տրամադրությունը բարձր պահելու համար: Այդ տեսակի տեսարաններից մոբը ոգևորվում է և ասում են՝ հալալ է մեր վարչապետին, վերջապես մեկը ձեռքը խփեց սեղանին… Բայց ես կարծում եմ, որ շատ ավելի ճիշտ է՝ նման խնդիրները լուծել տեսախցիկներից դուրս, որովհետև հիշում եմ՝ երբ դպրոցներից մեկում կախիչը կոտրվեց, Քաղաքաշինության կոմիտեի արդեն նախկին նախագահ Արմեն Ղուլարյանը՝ տարիքով մարդ, կռացավ ու վերցրեց: Անթույլատրելի է մարդկանց դնել նման հոգեբանական վիճակում:
- Քաղաքականությունը Հայաստանում դարձել է շոու: Ռեյտինգ ապահովում են ոչ թե գաղափարները, այլ շոուն:
Ինչպե՞ս է անդրադառնում Նիկոլ Փաշինյանի, այլ ՔՊ-ականների գռեհիկ, փողոցային բառապաշարով խոսույթը դպրոցի, դպրոցականների վրա: Երբ, օրինակ, Ֆեյսբուքում Փաշինյանը գրում է, թե պատրաստ է իր սեռական օրգանը ցույց տալ կաթողիկոսին:
- Շատ վատ է անդրադառնում աշակերտների վրա այն հանրային խոսույթը, որն այսօր գեներացնում է իշխանությունը: Երեխաներն այդ խոսույթը տեղափոխում են դպրոց. միմյանց, ուսուցիչների հետ այդ լեզվով են խոսում: Ժամանակին եղած բարոյական արգելքները հանվել են, ու դա շատ վատ է անդրադառնում դպրոցի վրա: Անլրջանում է ամեն ինչ:
- Կրթվելու անհրաժեշտությունը քննարկման ենթակա չէ: Լենինն էլ, Հին Հունաստանում էլ ասել են՝ բոլորս պետք է կրթվենք: Հարցը մեթոդներն են:
Մանրամասները՝ տեսանյութում։



