Հրաժարական չտվողը

Ընդամենը մի քանի օր առաջ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը քիչ էր մնում երդվեր, որ չի պատրաստվում հրաժարական տալ։ Բայց 10 օր էլ չանցած՝ հրաժարական տվեց։

«Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չեմ ծառայելու Ձեզ»,- ֆեյսբուքյան իր էջում սրտաճմլիկ մի գրություն էր թողել էկոնոմիկայի արդեն նախկին նախարարը։

«Այս 3-ից ավելի տարվա ընթացքում աշխատել եմ անմնացորդ նվիրվածությամբ, լցված սիրով Հայաստանի յուրաքանչյուր բնակչի նկատմամբ։ Աշխատել եմ շաբաթական առնվազն վեց օր, միջինում առավոտվա 8-ից երեկոյան 9-ը, երեք տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 15-16 օգտագործված արձակուրդային օրերով։ Իմ աշխատանքի յուրաքանչյուր օրը ապրել եմ օր առաջ հզոր Հայաստան ունենալու գերիշխող մղումով։ Եղել եմ վճռական, ազնիվ ու նվիրված հայրենիքին։ 2020 թ. համեմատ 2023թ. Հայաստանի ՀՆԱ-ն ԱՄՆ դոլարով աճել է մոտ 100 տոկոսով, իսկ ՀՀ դրամով` մոտ 50 տոկոսով։ Հայաստանը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով այս ընթացքում 112-րդ տեղից բարձրացել է 86-րդը։ Մենք այս ցուցանիշով առաջին անգամ անցել ենք Ադրբեջանին, Բելառուսին, բազմաթիվ այլ երկրներին։

Էկոնոմիկայի նախարարության բյուջետավորված ծրագրերը 2019-ի 12.5 մլրդ դրամից աճել են 91 մլրդ դրամի` 2024թ. համար։ Կտրուկ աճել է աշխատանքի արտադրողականությունը, ներդրումների ծավալը, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը։

Կարդացեք նաև

Երբ 2020 թ. նոյեմբերի 20-ին ստանձնում էի նախարարի պաշտոնը, մեծ էր հավանականությունը, որ մի քանի օր կամ ամիս կմնամ այդտեղ. իշխանափոխության հավանականությունը շատ մեծ էր։ Այս ժամանակահատվածում բազմաթիվ անհամաձայնությունների պատճառով բազմիցս ուզեցել եմ լքել այս աշխատանքը, սակայն ստորադասել եմ իմ անձը, որպեսզի առավելագույնի հասցնեմ իմ ծառայության արժեքը իմ երկրին»,- գրել էր Վահան Քերոբյանը։

Եվ վերջում, պաշտոնից ազատվելուց հետո պարտադիր դարձած շնորհակալությունը Նիկոլ Փաշինյանին՝ «երկրին ծառայելու այս հնարավորության համար»։

Թե ի՞նչը ստիպեց Վահան Քերոբյանին հրաժարական չտալու վերաբերյալ իր բազմաթիվ պնդումներից ու հայտարարություններից հետո հրաժարական տալ, կարելի է միայն ենթադրել։ Ըստ էության, այն ուղղակիորեն կապ ունի նախարարությունում տեղի ունեցած վերջին բացահայտումների հետո։

Ամեն դեպքում էկոնոմիկայի նախարարի հրաժարականը համընկավ ինտենսիվ այգիների ծրագրում Քննչական կոմիտեի կողմից արված նոր բացահայտումների հետ, որոնց շրջանակներում պետությանը պատճառվել են միլիոնավոր դրամների հասնող վնասներ։ ՔԿ հայտարարության համաձայն, էկոնոմիկայի նախարարության հետ շահառուներից միայն մեկի կնքած պայմանագրով, պետական բյուջեից փոխանցվել է 58,5 մլն դրամ, որը հափշտակվել է։

Չարաշահումների այս շղթան առաջիկայում ամենայն հավանականությամբ կերկարի։ Չի բացառվում, որ այն հասնի ընդհուպ նախկին նախարարին։ Սակայն այդ մասին չէ, որ ուզում ենք խոսել։ Վահան Քերոբյանի նկարագրած ցնցող ձեռքբերումների մասին ենք ուզում խոսել։

Վերջին երեք տարիներից առնվազն երկուսում Հայաստանում իսկապես բարձր տնտեսական աճեր են գրանցվել։ Բայց այդ աճերի հետ ի՞նչ կապ ունեն Վահան Քերոբյանն ու կառավարությունը։ Դրանք աճեր են, որոնք կապված են ռուս-ուկրաինական հակամարտության ու Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների հետ։

Դրա արդյունքն է, որ մարդկային ու կապիտալի հսկայական հոսքեր եկան Հայաստան՝ էական ազդեցություն թողնելով այն տնտեսական ցուցանիշների վրա, որոնցով վերջին երկու տարիներին այդքան հպարտանում էին Վահան Քերոբյանն ու կառավարությունը։ Երկու տարում եկած միայն տրանսֆերտային հոսքերը կազմել են գրեթե 11 մլրդ դոլար։

Դրանք համարժեք են եղել այդ երկու տարիների մեր պետական բյուջեների եկամուտներին։

Դժվար չէ պատկերացնել, թե այդ գումարներն ինչպիսի ազդեցություն են ունեցել Հայաստանում արձանագրված բարձր տնտեսության աճերի, նաև որոշ ոլորտներում ձևավորված բարձր շահույթների վրա։

Արտաքին պահանջարկի շնորհիվ են նաև տնտեսության մի շարք ոլորտներում արձանագրված աճերը։ Դրանցում էկոնոմիկայի նախարարի ու կառավարության դերակատարությունը, եթե նույնիսկ կա, ապա չնչին է։

Այդ դերակատարությունը պիտի արտահայտվեր եղած ռեսուրսները ներքին տնտեսական կարողությունների զարգացմանն ու ընդլայնմանն ուղղելը, բայց դա էլ չկարողացան անել։ Ու հիմա, երբ ընձեռված անսահման հնարավորությունները սկսել են նահանջել, տնտեսությունը կանգնած է լուրջ ռիսկերի ու հետընթացի առաջ։ Դա հետո ավելի տեսանելի կլինի։

Վահան Քերոբյանի աշխատանքի արդյունքը երևում է արդյունաբերության այն ցուցանիշներում, որոնք տեսնում ենք վերջին տարիներին և հատկապես անցած տարի՝ իր ասած՝ արձանագրվող տնտեսական բարձր աճերի պայմաններում։ Անցած տարվա մինչև վերջին երկու ամիսը, արդյունաբերությունը գտնվում էր անկումային վիճակում։ Նոյեմբեր-դեկտեմբերին ոսկեգործության ճյուղում տեղի ունեցած «հրաշիքից» ու արտադրության ծավալները 13-14 անգամով ավելանալուց հետո, արդյունաբերությունը մի կերպ դուրս եկավ անկումից, նույնիսկ աճ գրանցեց։ Բայց դա աճ չէր, աճպարարություն էր։ Նման աճերով չէ, որ արդյունաբերությունը պիտի զարգանա։ Եթե հանենք դրսից ապրանքներ բերել-տանելը, իրական աճեր, առավել ևս՝ զարգացումներ, արդյունաբերության մեջ չկան։ Ընդհակառակը՝ բազմաթիվ առանցքային ճյուղերում արտադրության ծավալները նվազել են։

Ու դեռ այսքանից հետո, Վահան Քերոբյանն աշխատանքի արտադրողականության կտրուկ աճերից է խոսում։

Արտադրողականության այդ աճերը երևում են նաև գյուղատնտեսության ոլորտում, որը ևս գտնվում էր էկոնոմիկայի նախարարի ենթակայության տակ։

Վերջին երեք տարիներին գյուղատնտեսությունը բացառապես անկում է գրանցել։ Թեև դրանից առաջ էլ այդպես էր։ Գյուղմթերքների արտադրության ծավալները նվազել են, այն էլ՝ միլիարդավոր դրամների բյուջետային միջոցներ ուղղելուց հետո։

Ի՞նչ են եղել այդ գումարները, ո՞ւր են գնացել, ինչքանո՞վ են նպաստել ոլորտի զարգացումներին ու արտադրության ծավալների աճերին, չի երևում։

Միլիարդները վատնել են։

Սա է Վահան Քերոբյանի ու այս կառավարության աշխատանքի արդյունքը, որը տեսել ենք վերջին տարիներին տնտեսության երկու առանցքային ոլորտներում՝ արդյունաբերության ու գյուղատնտեսության մեջ։ Այսպես է լինում, որ «համաշխարհային» մակարդակի աճեր արձանագրող երկրի էկոնոմիկայի նախարարը հանկարծ ինքնակամ հրաժարական է տալիս, կամ պարտադրում են հրաժարական տալ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս