Հուլիսյան մարտերից և 44-օրյայից առաջ Փաշինյանի՝ «տատիկի գործած կարմիր շորով պարը» Թուրքիայի և Իրանի առաջ

Մոտ մեկ ամիս առաջ 168.amանդրադարձել էր Վրաստանի՝ Հայաստանի համար ֆրանսիական զենքի մատակարարման գործում տարանցիկություն ապահովելու հնարավոր պատճառներին:

Մասնավորապես, վրաց քաղաքական գործիչ Լևան Պիրվելին էլ «Minval.az»-ի հետ հարցազրույցում բացել էր Վրաստանի որոշման մոտիվացիան՝ Հայաստանին մատակարարվող ֆրանսիական զենքի համար «տրամադրել» իր տարածքը:

«Վրաստանը դրան համաձայնել է, որպեսզի ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ կստանա, որովհետև ԵՄ-ն և հավաքական Արևմուտքը փաստացի սպառնում էր Վրաստանում հեղափոխություն «սարքել»: Եվ դա տեղի կունենար, եթե Վրաստանը չստանար ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ: Ուստի այս ռիսկերից խուսափելու համար Վրաստանը ստիպված էր համաձայնել «ռազմական տարանցիկությանը» Հայաստանի համար»:

Հիշեցնենք, որ 2023 թվականի նոյեմբերին Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին էլ ասել էր, որ պետություններն իրավունք ունեն ձեռք բերել սովորական զենք ու զինամթերք, որն արգելված չէ միջազգային պայմանագրերով։

Կարդացեք նաև

«Վրաստանի դիրքորոշումն այն է, որ երկու երկրներին էլ հնարավորություն ընձեռվի հավասար պայմաններով օգտվելու մեր տարանցման գործառույթից»,- շեշտել էր նա:

Չմոռանանք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Վրաստանը փակել էր օդային և ցամաքային ուղիները ՌԴ-ից Հայաստան զենքով բեռնված ինքնաթիռների համար, ինչը հաստատել էր նաև ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը: Ընդ որում, «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային կոնֆերանսի ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ օրը մի քանի անգամ Ռուսաստանից Հայաստան զենքով բեռնված ինքնաթիռներ են թռչել, իսկ հարևան Վրաստանը, ըստ Ալիևի, անսալով իր խնդրանքին, փակել է օդային և ցամաքային ուղիները՝ արգելելով Հայաստան զենք բերող ռուսական ինքնաթիռների անցումը:

«Մենք խնդրեցինք մեր վրացի ընկերներին՝ փակել օդային տարածքը, և նրանք դա արեցին: Մենք խնդրեցինք փակել նաև ցամաքային ճանապարհը, որը կարող էր օգտագործվել Ռուսաստանից Հայաստան զենքի տեղափոխման համար՝ Վրաստանի տարածքով: Եվ նրանք կատարեցին նաև դա: Մենք շնորհակալ ենք նրանցից»,- ասել էր Ալիևը:

Հայաստանի հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդմանը տված հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ակնարկել է, թե Հայաստանը պետք է հարց տա նաև, թե հարևան Վրաստանն ինչպե՞ս է ընկալում պատմական արդարության վերականգնում ասվածը:

«Մենք անընդհատ ասում ենք՝ Ադրբեջանը ոնց է ընկալում, Թուրքիան ոնց է ընկալում, իսկ ինչի՞ հարց չենք տալիս՝ Վրաստանը ո՞նց է ընկալում: Ինչի՞ մենք մեզ հարց չենք տալիս՝ ինչո՞ւ Վրաստանը պաշտպանական ոլորտի խորը հարաբերություններ ունի՝ Ադրբեջանի և Թուրքիայի, և ոչ թե՝ Հայաստանի հետ: Կապ կարո՞ղ է սա ունենալ այն ուղերձների հետ, որոնք մենք հղել ենք, որոնք մենք դրել ենք մեր պետության հիմքում,- շեշտել է Փաշինյանը և շարունակել,- Այսինքն՝ մենք հռչակում ենք, ասում ենք, որ հիմա բանակն ուժեղացնում ենք և գնանք իրագործենք մեր հռչակագրի դրույթները: Եթե մենք այսպես ենք ասում, սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է, որ մեր հարևանները դաշինք են ձևավորելու մեզ ոչնչացնելու համար, որովհետև մենք հռչակել ենք, որ առնվազն մենք իրենց հետ թեմա ունենք: Երկրորդ պահը՝ այն, ինչ ես ասում եմ, իմ ասած այս խոսույթի զարգացումը և ընկալումը ժողովրդի շրջանում, դա Հայաստանն ուժեղացնելո՞ւ է, թե՞ թուլացնելու է: Միանշանակ Հայաստանն ուժեղացնելու է, որովհետև եթե մենք հենվում ենք այս խոսույթի վրա և սա ընտրում ենք որպես երկարաժամկետ ռազմավարություն, մենք զենք ձեռք բերելիս էլ խնդիր չենք ունենա կամ քիչ խնդիր կունենանք, կամ մենք զենք ներմուծելիս էլ քիչ խնդիր կունենանք, որովհետև բոլորը կընկալեն, որ այդ զենքը մենք չենք բերում իր համար… Պատկերացնո՞ւմ եք՝ մենք ուրիշի տարածքով զենք ենք բերում, մարդը պիտի մտածի՝ լավ, այս զենքը թողնեմ անցնի, սա գնում է, ինձ վրա հարձակվում է, ինչի՞ թողնեմ ես»:

Ինչո՞ւ պիտի Հայաստանը հարձակվի Վրաստանի վրա, կամ սպառնալիք հանդիսանա: Իսկ կարո՞ղ ենք Փաշինյանի ասածից ենթադրել, որ Վրաստանը թուրք-ադրբեջանական տանդեմի հետ պայմանավորվածության արդյունքում սահմանել է՝ երբ, որտեղից, ինչ սպառազինություն և ինչ քանակի է թույլ տալու, որ իր տարածքով Հայաստան հասնի: Այս ամենը Փաշինյանն ասում էր Անկախության հռչակագիրը փոխելու, ցլերին բարկացնել-չբարկացնելու, տատիկի գործած կարմիր շորի մասին պատմության, բանակի լեգիտիմ և ոչ լեգիտիմ խնդիրների համատեքստում և այլն:

Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանն իշխանափոխությունից հետո, և անգամ հուլիսյան մարտերից առաջ, դրանից հետո կամ 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ ցլերին չբարկացնելու մասին չէր մտածում, երբ նրան փաստարկված նախազգուշացվում էր, մասնավորապես, Թուրքիայի հետ կապված: Հիշեցնենք մի քանի փաստ՝ ըստ ժամանակագրության:

2020 թվականի հունիսի 12-ին այդ ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը Նիկոլ Փաշինյանին, իսկ մի քանի օր անց՝ նաև Անվտանգության խորհրդին զգուշացրել է՝ «Այլևս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան»:

Այս մասին Օնիկ Գասպարյանը խոսել էր նաև 2020 թվականի օգոստոսի 21-ի ԱԽ նիստում, ինչը հետո հաստատել էր նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Մասնավորապես, 2021 թվականի ապրիլի 16-ին factor.amի հետ զրույցում վերծանելով ԱԽ-ի՝ 21.08.2020 թ. նիստի արձանագրությունը, Արմեն Գրիգորյանն ասել էր.

«Օնիկ Գասպարյանը ոչ թե ասում է, որ Թուրքիան կարող է Ադրբեջանին աջակցել, մեր հրապարակած թղթում էլ դա երևում է… Օնիկ Գասպարյանի հիմնական միտքը եղել է, որ Թուրքիան, հնարավոր է՝ արևմտյան ուղղությամբ հարձակվի (ի դեպ, Արմեն Գրիգորյանը սկզբում ասում է՝ արևելյան ուղղությամբ, հետո երևի հիշում է, որ Թուրքիան ՀՀ-ի արևմուտքում է։– Մ.Պ.):

2023 թվականի հունիսի 28-ին ԳՇ նախկին պետը պարզաբանել էր օգոստոսյան նիստում իր ելույթի այդ հատվածը, որն ավելի վաղ ԱԽ քարտուղարի «թեթև ձեռքով» տարընթերցումների առիթ էր տվել, քանի որ ԱԽ-ն գաղտնազերծել էր իրեն հարմար հատվածների ձայնագրությունը, եթե չասենք՝ այն աղավաղված էր ներկայացրել:

«Ինչ վերաբերում է պատերազմից առաջ անվտանգության խորհրդի նիստում իմ կողմից զեկուզված «ՈՉ ՄԻ ՔԱՅԼ ԵՏ» սկզբունքով պաշտպանությունը կազմակերպելու հարցին, ապա պետք է հաշվի առնենք, որ անվտանգության խորհրդին ներկայացված յուրաքանչյուր զեկույց նախապատրաստվել է տվյալ նիստի օրակարգի հարցերին համահունչ և չի կարող բովանդակային առումով արտահայտել անվտանգության համակարգի հիմնախնդիրներին վերաբերող բոլոր հարցերը: Օբյեկտիվ եզրահանգումներ անելու համար պետք է ուսումնասիրել տարբեր ձևաչափի քննարկումների ընթացքում ներկայացված զեկույցները` ամբողջական պատկեր կազմելու համար: Մասնավորապես իմ զեկույցում նշել եմ, որ ըստ կատարված օպերատիվ-մարտավարական հաշվարկների՝ արևելյան և հյուսիս-արևելյան օպերացիոն ուղղություններում ուժերի և միջոցների հարաբերակցությունն առանց Թուրքիայի գործոնի հաշվառման հնարավորություն է ընձեռում մարտ վարել «ոչ մի քայլ ետ» սկզբունքով…

Դա ենթադրում է դիրքային պաշտպանության կիրառում, երբ տարածքի կորուստը համարվում է անթույլատրելի և տեղանքի տեղամասերը և կարևոր օբյեկտները պահվում են ջանքերի առավելագույն լարումով` պատճառելով հակառակորդին առավելագույն կորուստներ: Դա չի նշանակում, որ կարելի է մարտ վարել անժամկետ, քանի որ զորքերի կարողությունները սահմանափակվում են կրակային խոցման միջոցների, հրթիռների և զինամթերքի ու նյութատեխնիկական այլ պաշարների առկայությամբ»,- նշել էր Օնիկ Գասպարյանն իր հայտարարության մեջ:

Ի դեպ, ԱԽ-ի՝ 21.08.2020-ի նիստի ժամանակ իր ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.

«Հաջորդ գործոնը, որն արձանագրված է Ազգային անվտանգության ռազմավարության մեջ և շատ արագ արտահայտվեց, Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությունն է մեր տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում: Կարծում եմ, որ Թուրքիայի ապակայունացնող և ապակառուցողական գործունեությունն էական անհանգստություններ և մտահոգություններ է առաջացնում՝ ինչպես Մերձավոր Արևելքի, այնպես էլ՝ Եվրասիական տարածաշրջանի, այնպես էլ՝ Եվրոպական տարածաշրջանի մեր գործընկերների մոտ:

Սա մի օրակարգ է, որն արդեն իսկ ձևավորված է, և այդ օրակարգում մեր անելիքները նույնպես կարևորագույն քննարկման առարկա պիտի դառնան Անվտանգության խորհրդում, կառավարությունում, Արտաքին գործերի նախարարությունում, և սրա հետ կապված հարցեր նույնպես մենք կքննարկենք այսօրվա նիստում:

Ընդհանուր առմամբ՝ ամենակարևոր արձանագրումը, որ մենք պիտի անենք, հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի է սպասարկել անվտանգային իր մարտահրավերները»:

Այս միտքը Փաշինյանը կրկնել էր նաև 44-օրյա պատերազմից հետո: Մասնավորապես 2020 թվականի նոյեմբերի 16-ին ԱԺ-ում Փաշինյանը նաև շեշտել էր.

«2020թ. ամռանը մեր գնահատականն այն է եղել, որ մենք կարող ենք բավական հաջող դիմակայել Ադրբեջանին, նաև մենք հասկացել ենք, որ կան ռիսկեր Թուրքիայի և ահաբեկիչների կողմից պրոցեսին ներգրավվելու»:

Իսկ ի՞նչ է անում իրականում Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի ամռանը, այդ թվում՝ 44-օրյա պատերազմից մեկ ամիս առաջ ԳՇ պետի սառը հաշվարկի հիման վրա զգուշացումներից հետո, որի հետ, ի դեպ, ըստ էության, համաձայնել էր:

Նա ԱԽ 2020 թվականի օգոստոսի 21-ի նիստից հետո՝ օգոստոսի 28-ին, Սարդարապատում է հանձնում հուլիսյան մարտերի մասնակիցներին ՀՀ նախագահի հրամանագրով տրվող շքանշանները, այդ թվում՝ Ազգային հերոսի կոչմանն արժանացածներին շնորհվող Հայրենիքի շքանշանը: Այլ համատեքստում Սարդարապատի մասին հետո Նիկոլ Փաշինյանը հիշել էր նաև պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 3-ին: Իսկ 2020 թվականի նոյեմբերի 29-ի գրառման մեջ Փաշինյանը, թերևս, ակամա խոստովանել էր, որ 2020-ի ամռանը թուրք-ադրբեջանական զորավարժությունների ժամանակ գիտեր՝ պատերազմ է սկսվելու:

«Որևէ փուլում, այդ թվում՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների շրջանում, գնայի թուրքերին ասեի՝ եկեք առանց պատերազմի լուծենք հարցը, պիտի ասեին՝ կոնկրետ ժամանակացույց տուր, երբ ես տարածքները հանձնում»,- գրել էր Փաշինյանը:

Հիշեցնենք, որ 2020 թվականին հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Քյուրդամիրում, Գյանջայում և Եվլախում անցկացվեցին Թուրքիայի և Ադրբեջանի ՌՕՈւ համատեղ վարժանքներ, իսկ օգոստոսի 1-5-ը Նախիջևանում և Բաքվում՝ համատեղ ցամաքային վարժանքներ, որին մասնակցեցին երկու երկրների զինված ուժերի ՀՕՊ և զենիթահրթիռային ստորաբաժանումները:

Ավելի ուշ հայտնի էր, որ թուրք-ադրբեջանական զորավարժությունները երկարացվել են: Ի դեպ, 2020-ի հուլիսին razm.info-ն գրել էր, որ Ադրբեջանը Բայրաքթարներ է տեղակայել Նախիջևանում:

«Բայրաքթարների՝ մեզ հայտնի մշտական տեղակայման վայրերից առաջինը Եվլախի օդանավակայանն է, որտեղ տեղակայված է նաև Ադրբեջանի ԶՈւ ԱԹՍ-ների կենտրոններից մեկը»,- հայտնել էր մասնագիտացված կայքը:

«Ռազմինֆո»-ն, դատելով բաց աղբյուրների և արբանյակային լուսանկարների վերլուծությունից, գրել էր նաև՝ Նախիջևանի միջազգային օդանավակայանի հարևանությամբ տեղակայված աերոդրոմն արդեն իսկ շահագործվում էր ու ավարտուն վիճակում էր նախքան 2020թ․ պատերազմը:

Ի դեպ, 2023 թվականի հունիսի 27-ին Քննիչ հանձնաժողովում Փաշինյանի հարցուպատասխանի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը հայտնել էր, որ «ՀՀ ԶՈւ-երը 0046 դիրեկտիվի համաձայն՝ մաս-մաս բերվում էր առաջին աստիճանի պատրաստականության, որի համար հիմք է հանդիսացել ռադիոկլանման միջոցով սեպտեմբերի 25-ին ստացված F-16-ի օդաչուների խոսակցությունն առ այն, որ վաղն ինչ-որ կարևոր բանի պիտի մասնակցեն»:

Թուրքիայի ներգրավվածության հարցը 2020 թվականի պատերազմին, որի մասին 44-օրյայի օրերին ահազանգում էր Փաշինյանը՝ փորձելով գրավել ՆԱՏՕ-ի ուշադրությունը, քննարկվել էր նաև օգոստոսի 1-ին քննիչ հանձնաժողովում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարցաքննության ժամանակ:

Դավիթ Տոնոյանն ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքին, որ Թուրքիայի ներգրավվածությունն իրականացվում էր ոչ թե նախիջևանյան ուղղությամբ, ոչ թե Հայաստանի սահմանի ուղղությամբ, այլ, այսպես ասած, ձիու քայլով՝ արցախյան թատերաբեմում:

«Այսպիսի հաշվարկ մեր կողմից չի եղել, թերի է եղել, մենք չէինք հաշվարկել այդպիսի բան, որ Թուրքիայի ԶՈւ-ն անմիջապես կարող է հայտնվել արցախյան թատերաբեմից ընդամենը 45 կմ, 25 կմ հեռավորության վրա՝ իրականացնելով թռիչքներ»,- շարունակել էր պաշտպանության նախկին նախարարը:

Իսկ թե ինչու Թուրքիայի մասնակցությունը չի կանխատեսվել ռազմական գործողություներին (թեև Օնիկ Գասպարյանը զգուշացրել էր), Տոնոյանն ասել էր, որ սպառնալիքները գնահատելիս հաշվի են առել նաև դաշնակցային հարաբերությունները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ին ՀՀ մասնակցությունը:

Քննիչ հանձնաժողովում Դավիթ Տոնոյանն ասել էր նաև, որ պատերազմին նախորդող ժամանակաշրջանում` նախիջևանյան զորավարժությունների ընթացքում, թուրքական F16-երի վերաբազավորումը դեպի Գյանջա (Գանձակ) քաղաք հուշում էր, որ այդ ամենը վարժանքի նպատակով չէ։

«Երբ ամեն օր գրեթե 4 ինքնաթիռ անընդհատ` 4, 5, 6 ժամվա մեջ գտնվում էին օդում և ժամանակ առ ժամանակ հայտնվում էին 45-25 կմ հեռավորության վրա, անգամ այնպիսի մոտեցումներ էին լինում, որ ստիպում էին ՊԲ ՀՕՊ-ին միանալ, ավելացնում էին մեր մտահոգությունները։ Երբ F16-երը ռոտացիայի ենթարկվեցին` ոչ միայն օդաչուների, այլև ինքնաթիռների ռոտացիա էր, դա նշանակում էր համարյա թե մշտական ներկայություն կամ ռազմական գործողությունների սկսման լուրջ ազդակ»,- մանրամասնել էր նա՝ հայտնելով, որ երկու խումբ հանդիպումներ էր անցկացրել նաև F16-ի կիրառելիությունը չեզոքացնելու նպատակով` Հայաստանի դաշնակից ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ, 3 հանդիպում էլ ունեցել էր իր ռուս պաշտոնակցի հետ:

Ի դեպ, 2021 թվականի հունվարի 25-ին «Մեդիամաքսին» տված հարցազրույցում էլ Դավիթ Տոնոյանն անդրադարձել էր հուլիսյան մարտերից հետո Փաշինյանի՝ Թուրքիային սադրելու վերևում մեր բերած փաստերին:

Հակադարձմանը՝ որքանո՞վ եք համարժեք համարում Տավուշում հուլիսյան մարտերի PR-արշավը, որը չէր կարող հավելյալ անհանգստություն չպատճառել Ադրբեջանին և Թուրքիային, Տոնոյանն արձագանքել էր.

«Ձեր նշած «PR-կամպանիան» ու Ադրբեջանին և Թուրքիային «լրացուցիչ անհանգստությունը» վերջին բաներն էին, որ մեզ՝ Զինված ուժերի ներկայացուցիչներիս, հետաքրքրում էին։ Ռազմական նպատակների հասնելու տեսանկյունից ԶՈՒ գործողությունները եղել են գրեթե անթերի: Բայց մեզ համար անսպասելի էր Ալիևի և ադրբեջանական էլիտայի անհավասարակշիռ կեցվածքը, որին գումարվեցին Թուրքիայի բավականին կոշտ «եղբայրական» հավաստիացումները Հայաստանին պատժելու վերաբերյալ՝ «տարածաշրջանային իրողություններին չտիրապետելու և իրավիճակն ապակայունացնելու» համար»:

Այսինքն, ամեն դեպքում, Թուրքիայի ներգրավվածությունն Արցախում 2020 թվականի պատերազմին այնքան էլ անկանխատեսելի չէր նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի համար: Եվ բնական է, նաև գերագույն հրամանատար Նիկոլ Փաշինյանի համար, որին ամեն ինչ զեկուցվել է, բայց դա չի խանգարել, որ Փաշինյանը «տատիկի գործած կարմիր շորը հագնի» և կանգնի Թուրքիայի առաջ:

Ավելին, նա իշխանափոխությունից հետո այդպես նաև հարևան Իրանի առաջ է «կանգնել»: Բավական է հիշել 2 փաստ:

2018-ի հոկտեմբերին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ով արդեն հասցրել էր հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, ասել էր.

«Կարծում եմ, որ ներկայիս հանգամանքներն ընդգծում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ փոխադարձ համաձայնության հասնելու կարևորությունը, քանի որ, եթե դա տեղի ունենա, կբացվի հայ-ադրբեջանական սահմանը: Թուրքիայի հետ սահմանը, կարծում եմ, ևս կբացվի: Եվ կարծում եմ, որ Վրաստանի հետ սահմանը կարող է ավելի քիչ անհանգստություն առաջացնել այն առումով, թե ինչ ճնշում կգործադրեն նրանց նկատմամբ ռուսները: Իրանի հետ սահմանը լուրջ խնդիր կլինի, որովհետև, ինչպես ես բացատրեցի վարչապետին, մենք ցանկանում ենք առավելագույն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ, քանի որ այն չի հրաժարվել միջուկային զենք ստեղծելու ջանքերից»:

Սրանից հետո գրեթե անմիջապես Փաշինյանն ԱԺ-ում չէր բացառել հայ-իրանական սահմանի փակման հնարավորությունը, թե «հայ-իրանական սահմանը դե ֆակտո ամեն պահի կարող է փակվել՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների և աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով»:

Իսկ 2019-ին էլ ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել Իսրայելում դեսպանություն բացելու նախագծին:

44-օրյա պատերազմից հետո էլ և մինչ այսօր հարևաններին չբարկացնելու կոչ անող Փաշինյանն Իրանին դուր չեկող քայլեր է արել և անում: Իսկ վերջերս հարցազրույցներից մեկում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը ՀՀ իշխանություններին առաջարկել էր մտածել Իրան-Ռուսաստան-Հայաստան ռազմական դաշինքի մասին և 3-րդ երկրների մուտքը չապահովել տարածաշրջան, առանց այն էլ հավաքական Արևմուտքը, ՆԱՏՕ-ն տարածաշրջանում ներկայացված է Թուրքիայի տեսքով:

Տեսանյութեր

Լրահոս