Պատերազմի ժամանակ Վրաստանը փակել է օդային և ցամաքային ուղիները ՌԴ-ից Հայաստան զենքով բեռնված ինքնաթիռների համար. օրինակա՞ն, թե՞ Ադրբեջանին չնեղացնելու քայլ

«Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային կոնֆերանսի ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ օրը մի քանի անգամ Ռուսաստանից Հայաստան զենքով բեռնված ինքնաթիռներ են թռչել: Իսկ մեր հարևան Վրաստանը, ըստ Ալիևի, անսալով իր խնդրանքին, փակել է օդային և ցամաքային ուղիները՝ արգելելով Հայաստան զենք բերող ռուսական ինքնաթիռների անցումը:

«Մենք խնդրեցինք մեր վրացի ընկերներին՝ փակել օդային տարածքը, և նրանք դա արեցին: Մենք խնդրեցինք փակել նաև ցամաքային ճանապարհը, որը կարող էր օգտագործվել Ռուսաստանից Հայաստան զենքի տեղափոխման համար՝ Վրաստանի տարածքով: Եվ նրանք կատարեցին նաև դա: Մենք շնորհակալ ենք նրանցից»,- ասել է Ալիևը և շարունակել, որ նման խնդրանքով դիմել է նաև մերձկասպյան բոլոր երկրներին, սակայն այս անգամ Ադրբեջանին մերժել են:

«Մենք նամակ ենք ուղարկել Ղազախստան, Թուրքմենստան և Իրան: Ցավոք, այդ ինքնաթիռներն օգտագործեցին այդ երկրների տարածքը Հայաստան մուտք գործելիս: Այդպես է եղել, և մենք չպետք է թաքցնենք դա»,- շեշտել է Ադրբեջանի ղեկավարը:

Հիշեցնենք, որ 2020-ի օգոստոսի 12-ին Իլհամ Ալիևը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ հուլիսի 17-ից առ այդ պահը Ռուսաստանից Հայաստան ռազմական նշանակության բեռների մատակարարման ինտենսիվությունն անհանգստություն և լուրջ հարցեր է առաջացնում Ադրբեջանի հանրությունում:

«Իլհամ Ալիևը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներից հետո (նկատի ունի հուլիսյան մարտերը.- Մ.Պ. ) Ռուսաստանից Հայաստան (Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի օդային տարածքով) մատակարարված ռազմական նշանակության բեռների ծավալը գերազանցել է 400 տոննան և ընդգծել է, որ իր հեռախոսազանգի հիմնական նպատակն այդ հարցը պարզաբանելն է»,- նշվում էր Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության համապատասխան հաղորդագրության մեջ:

Պուտին-Ալիև հեռախոսազրույցից հետո՝ 2020 օգոստոսի 22-ին, Մոսկվա է մեկնում Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որտեղ օգոստոսի 23-ին հանդիպում է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չափազանց ուշագրավ հայտարարություն է արել Մոսկվայում՝ ասելով, որ Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցությունը (ՌՏՀ) աննախադեպ մակարդակում է, և, որ աշխարհում ոչ մի պետություն չի կարող ՌՏՀ-ի մակարդակով համեմատվել Երևանի և Մոսկվայի հետ:

Տոնոյան-Շոյգու հանդիպումից հետո «Интерфакс»-ին Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունից ուշագրավ տեղեկություն էին հայտնել, այն է՝ ՌԴ-ն պատրաստ է Հայաստանի հետ քննարկել «Սու-30ՍՄ» «4+» սերնդի կործանիչների նոր խմբաքանակի մատակարարումը:

Մոսկվայում Դավիթ Տոնոյանի հետ հանդիպումից հետո՝ օգոստոսի 25-ին, Սերգեյ Շոյգուն աշխատանքային այցով մեկնել էր Բաքու, իսկ օգոստոսի 26-ին պաշտոնական այցով Մոսկվա էր ժամանել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Ի դեպ, ռուս քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել էր, որ Ռուսաստանը զենք է մատակարարում ոչ թե Փաշինյանին, այլ Հայաստանին, իսկ 400 տոննան բալանսի համար է:

Ադրբեջանական կողմը բուռն էր արձագանքել նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի և ՌԴ ՊՆ Սերգեյ
Շոյգուի հանդիպման  ժամանակ արված հայտարարություններին:

Շոյգուն Կարապետյանի հետ հանդիպման ավարտին դաշույն էր նվիրել նրան և, խորհրդանշական նվերը հանձնելով, ասել էր. «Կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինություն մատակարարելու գործընթացը մեկնարկած է»:

Ալիևն «անտրամաբանական» էր որակել ՌԴ-ի` Հայաստանին զենք մատակարարելու հայտարարությունները:

«Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը չի զինի Հայաստանին: Մենք այդ հարցը հասցրել ենք ռուսական կողմին: Դա մեզ անհանգստացնում է: Հայաստանի զինումը չի տեղավորվում որևէ տրամաբանության մեջ: Մենք առայժմ դա չենք տեսնում: Բայց ռուսական կողմից կան որոշ հայտարարություններ: Օրեր առաջ ՌԴ պաշտպանության նախարարը ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ ասաց, որ սկսվել է ռուսական զենքը Հայաստան մատակարարելու գործընթացը: Սա շատ մտահոգիչ է»,- նշել էր Ալիևը։

Եթե հաշվի առնենք բանակի այսօրվա վիճակը և ԶՈՒ ռազմատեխնիկական կարողությունները, ըստ էության, կարող ենք ասել, որ Ալիևի ցանկությունները կատարում է Նիկոլ Փաշինյանը: Այս հարցին մանրամասն մի քանի անգամ անդրադարձել ենք, սա այլ քննարկման թեմա է:

Վերադառնալով Վրաստանի՝ պատերազմի օրերին ՌԴ-ից Հայաստան զենքով բեռնված ինքնաթիռների համար օդային և ցամաքային տարածքը փակելու քայլին, հիշեցնենք, որ 2020-ի հոկտեմբերի 3-ին Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին հայտարարել էր.

«Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների պատճառով Վրաստանի կառավարությունը ժամանակավորապես դադարեցրել է երկու երկրների ուղղությամբ ցամաքային և օդային երթուղիներով իր տարածքով ռազմական նշանակության բեռների տեղափոխման թույլտվության տրամադրումը։ Այդ մասին կողմերն արդեն տեղեկացված են»:

Վախթանգ Գոմելաուրին հավելել էր, թե ինչ վերաբերում է քաղաքացիական բեռների տեղափոխմանը, ապա այդ ուղղությամբ Վրաստանն ամբողջությամբ կատարում է իր ստանձնած միջազգային պարտավորությունները:

Հայկական և ոչ հայկական լրատվամիջոցները, փորձագիտական շրջանակները, սակայն, պնդում էին, որ Վրաստանի տարածքով «քաղաքացիական/հումանիտար բեռների» տեղափոխման անվան տակ հակառակորդն իրականացնում էր սպառազինության համալրում մի շարք երկրներից, այդ թվում՝ պատերազմին ուղղակիորեն ներգրավված Թուրքիայից, ինչպես նաև՝ Իսրայելից, Ուկրաինայից։

Մասնավորապես, «Կոմերսանտ» պարբերականը, 2020-ի հոկտեմբերի 16-ին, վկայակոչելով ռուսական ռազմադիվանագիտական շրջանակները, գրել էր, որ Թուրքիան Ադրբեջան սպառազինություն է մատակարարում Վրաստանի օդային տարածքով:

Իսկ ըստ «Հետքի»՝ ադրբեջանական ռազմաօդային ուժերի բեռնատար «Իլ-76»-ը (գրանցման համարը՝ 4K-78131) պարբերական թռիչքներ է իրականացրել դեպի Թուրքիա (Բաքու-Անկարա-Թեքիրդաղի ավիաբազա), ինչպես նաև իսրայելական Էյլաթ և ուկրաինական Լվով:

Պարբերականը հրապարակումներից մեկում հայտնել էր նաև, որ հոկտեմբերի 4-ից հետո նշված ինքնաթիռը չվերթեր չի իրականացրել, սակայն հոկտեմբերի վերջին տասնօրյակում կրկին սկսել է օդ բարձրանալ: Ադրբեջանի օդային կապը, մասնավորապես, Թուրքիայի, Իսրայելի, Ուկրաինայի ու Աֆղանստանի հետ ապահովել են «Silk Way Airlines», «Silk Way West Airlines» քաղաքացիական բեռնափոխադրողների և այդ երկրի ազգային օպերատոր «Azerbaijan Airlines»-ի ուղևորատար օդանավերը։

«Հետքը» նշել էր նաև, որ հոկտեմբերի 29-31-ը ռազմական «Իլ-76»-ը Վրաստանի երկնքով դեպի Թուրքիա է թռել 4 անգամ:

Վրացական կողմը հորդորել էր հայ հանրությանը չհավատալ այս տեղեկություններին:

«Ինչպես գիտեք, Ղարաբաղում էսկալացիայի սկզբից Վրաստանի տարածքով՝ ցամաքային և օդային ճանապարհներով, ռազմական բեռների փոխադրումն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ՝ Հայաստանի համար դադարեցվել է։ Եվս մեկ անգամ ուզում ենք հայտարարել, որ Վրաստանի տարածքով ռազմական տարանցում չի իրականացվում։

Վրաստանի ունեցած փաստաթղթերի համաձայն՝ չվերթերը, որոնք իրականացվում են Վրաստանի օդային տարածքում, միայն մարդասիրական, քաղաքացիական բնույթի են և լիովին համապատասխանում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) չափանիշներին:

Վրաստանը կրկին շարունակում է հստակ կատարել իր միջազգային պարտականությունները, մարդասիրական և քաղաքացիական, այդ թվում՝ կոմերցիոն բեռների անցկացման առումով: Նշվածն իրականացվում է միջազգային իրավունքի նորմերին, այդ թվում՝ ICAO-ի կանոնակարգերին համապատասխան:

Կոնկրետ փոխադրողի ու բեռի սեփականատիրոջ պատասխանատվությունն է՝ լիովին ենթարկվել միջազգային իրավունքի նորմերին և չչարաշահել մարդասիրական միջանցքները: Խախտում հայտնաբերելու և ծանրակշիռ ապացույց ունենալու դեպքում Վրաստանը համարժեք կարձագանքի, խախտողները պատասխանատվության կենթարկվեն միջազգային իրավունքին համապատասխան, այդ թվում՝ ICAO-ի առջև»,- «Օրբելի» կենտրոնի փոխանցմամբ, 2020-ի հոկտեմբերին հայտարարել էր երկրի արտգործնախարարի տեղակալ Լաշա Դարսալիան:

«Օրբելի» կենտրոնի տեղեկացմամբ, 2006թ. մարտի 31-ին Սոչիում Ռուսաստանն ու Վրաստանը Վրաստանի տարածքից ռուսական ռազմաբազաների դուրսբերման մասին համաձայնագրի հետ ստորագրել էին նաև «Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի միջև Վրաստանի տարածքով ռազմական բեռների և անձնակազմի տեղափոխման կազմակերպման մասին» համաձայնագիր:

Վրաստանի խորհրդարանն այդ երկու փաստաթուղթը վավերացրել էր 2007թ. ապրիլի 13-ին:

Համաձայնագրով կողմերը պայմանավորվել էին, որ Ռուսաստանը Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ ՀՌՕ 102-րդ ռազմաբազայի նյութատեխնիկական ապահովման համար կարող է օգտագործել Վրաստանի տարածքը՝ օդային, ցամաքային (այդ թվում՝ երկաթգիծը), ինչպես նաև նավահանգիստները: Ռուսաստանը Վրաստանի հետ համաձայնեցնելով՝ կարող էր Հայաստանի իր ռազմաբազայի համար տեղափոխել զինտեխնիկա, անձնակազմ: Ռուսաստանին արգելվում էր Վրաստանով տեղափոխել զանգվածային ոչնչացման, քիմիական, կենսաբանական զենքեր կամ դրանց բաղադրիչներ:

2008թ. վրաց-ռուսական պատերազմից հետո թեև համաձայնագիրը ֆորմալ առումով կար, բայց այն չէր օգտագործվում:

2011թ. վրացական կողմը համաձայնագրի ժամկետը (5 տարի) լրանալուց 6 ամիս առաջ խորհրդարանում որոշեց առոչինչ ճանաչել համաձայնագիրը:

2011թ. նոյեմբերի 1-ից փաստաթուղթն այլևս ուժ չունի:

Այսինքն, Վրաստանի օդային, ցամաքային տարածքը 2008թ. պատերազմից հետո փակ է ռուսական կողմի ռազմական փոխադրումների համար:

Խնդիրն այն է, որ վրացական կողմի պարզաբանումները և հերքումներն այդպես էլ համոզիչ չդարձան հայկական մեդիայի և հասարակության համար։

Բայց Վրաստանը մեր հարևանն է, և ՀՀ-ին առաջարկվում է նոր որակի համագործակցություն հարևանների հետ: Մասնավորապես, Ադրբեջանն արտաքին քաղաքական օրակարգում անընդհատ տաք է պահում Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի միջև եռակողմ համագործակցության հնարավորությունների հարցը՝ առաջարկելով ՀՀ-ին ընդունել այս իրողությունը:

Ի դեպ, ապրիլի 29-30-ը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին: Թերևս, այս հարցը ՀՀ ղեկավարության հետ հանդիպումներում չի շրջանցվի:

Տեսանյութեր

Լրահոս