Նիկոլը միացված է «արհեստական շնչառության» սարքին, և թող որոշ ընդդիմադիրներ չերկարացնեն նրա քաղաքական կյանքը․ Նաիրա Զոհրաբյան

Ո՞վ բերեց Նիկոլին՝ սա ամենադեստրուկտիվ օրակարգն է, որը գեներացնում է ընդդիմության թևերից մեկը։ Տևական ժամանակ է՝ Նիկոլը միացված է «արհեստական շնչառության» սարքին, և եթե մենք ունենայինք նրա հակառակ կողմը, նա վաղուց արդեն հեռացված կլիներ։ Բայց ցավոք, ժողովուրդը նրան իրական այլընտրանք չի տեսնում, ավելին՝ որոշ ընդդիմադիրներ նրան արհեստական շնչառություն են տալիս։

Նիկոլին բերել և վարչապետի թեկնածու է առաջադրել 45 պատգամավոր, փողոցում էլ ՀՀ քաղաքացիներ էին։ Նիկոլին իշխանության են բերել ԲՀԿ, ՀՅԴ և «Ելք» խմբակցությունները, քանի որ հրապարակում հավաքված մարդիկ պահանջում էին նրան վարչապետի մանդատ տալ։ Եթե, օրինակ, ԲՀԿ-ն առաջադրեր վարչապետի թեկնածու, ՀՀԿ-ն երկու ձեռքով կողմ կքվեարկեր այդ այլընտրանքային թեկնածուին։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Լավագույն ելքը կլիներ, եթե ԲՀԿ-ից, ՀՅԴ-ից կամ այլ ուժից այլընտրանքային թեկնածու առաջադրվեր, որի անունը չէր լինի Նիկոլ Փաշինյան։ ԲՀԿ-ն կարող էր ունենալ սեփական թեկնածուն՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի, այդ քննարկումը եղել է։ ԲՀԿ-ի հայտարարության մեջ Նիկոլ Փաշինյանի անունը չկար, ասվում էր՝ կաջակցենք ժողովրդի թեկնածուին։ Դա սխալ էր, չէր կարելի էմոցիայի և էյֆորիայի ներքո վարչապետի թեկնածու առաջադրել։ Ամբոխը բնազդով որոշում էր կայացնում, սթափ տրամաբանությունը զրոյացվել էր»,- ասաց քաղաքական գործիչը։

Կարդացեք նաև

«Այն ժամանակ մարտնչում էինք արցախյան բանակցային փաթեթի դեմ, իսկ հետո պիտի պարզվեր, որ Սերժ Սարգսյանի բանակցած փաթեթը, ինչպես ասում էր շվեդ փորձագետներից մեկը, դիվանագիտական գլուխգործոց էր։ Մենք ուզում էինք ամեն ինչ և հիմա, հաղթանակի գինն այնպիսին էր, որ ուզում էինք առավելագույնը։ Եթե այդ օրերին վարչապետի այլընտրանքային թեկնածու լիներ, նա միանշանակ ընդունելի էր լինելու ՀՀԿ-ի համար։ Որոշ ընդդիմադիրներ այն օրերին ասում էին՝ լավ է, որ Սերժ Սարգսյանը չգնաց արյունահեղության, այսօր ասում են՝ թող ոստիկանապետին հրահանգեր ճզմել ցուցարարներին։ Իրենք այդ ցուցարարների առաջին շարքերում էին։ Սա հո միջնադար չէ՞»,- նշեց Զոհրաբյանը։

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ տիտղոսային ընդդիմությունը երբեմն հիվանդագին մոտեցում է ցուցաբերում իրենց ուղղված քննադատության նկատմամբ․

«Այս խորհրդարանը մեռել է, նրանից գարշահոտ է գալիս։ Փաշինյանին տված սուր հարցերին ի պատասխան՝ միայն ստի, մանիպուլյացիայի և պոպուլիզմի նոր չափաբաժիններ են տեղում, Փաշինյանը դրա Նոբելյան մրցանակակիրն է։ Նա ընդդիմադիրներին իջեցնում է իր մակարդակի և հաղթում նրանց։ Ընդդիմությունը չհասկացավ, որ որքան էլ վարժվի Նիկոլին հարց տալուն՝ մտածելով, թե խորհրդարանից այդպիսով դիահոտ չի գա, տապալվելու է։ Ինչո՞ւ չկա Նիկոլի հակառակ կողմը, ինչո՞ւ է լուռ, անարձագանք։ Ժողովուրդը տեսնում է, որ այն ընդդիմադիրը, որին ինքը քվե է տվել և գործուղել խորհրդարան, զբաղված է Նիկոլին հիմար հարցեր տալով կամ պատգամավորական օրապահիկը և պարգևավճարը վաստակելով։ Որևէ մեկը չհամարձակվի ժողովրդի գրպանը որևէ բան գցել»:

«Երկիր կազմաքանդող, արժեքային համակարգը խաթարող աղանդների մեջ ամենավտանգավորը նիկոլիզմն է, բայց նրանք ընդամենը 4-5 տոկոս են կազմում։ Մնացածն ընդդիմադիր են, բայց նրանք խիստ դժգոհ են տիտղոսային ընդդիմության վարվելակերպից։ Նիկոլն ամեն ինչ անում է, որ լինի Հայաստանի Երրորդ Հանրապետության վերջին ղեկավարը։ Երբ մեղավորների փնտրտուքը հասնի բարձրակետին, չզարմանաք, որ Նիկոլի փոխարեն՝ պատասխանատվության ենթարկեն նրան որպես վարչապետ կողմ քվեարկած 45 պատգամավորին»,- ամփոփեց Նաիրա Զոհրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս