Ալլո, ԲԴԽ նախագահ, տանը մարդ կա՞. կա՛մ վերհիշե՛ք Ձեր գործառույթները, կա՛մ գնացեք վախ բռնողի մոտ, կա՛մ հեռացեք
Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) օրենքով սահմանված կարգով ունի դատավորների անկախությունն ու անձեռնմխելիությունը պաշտպանելու հիմնական գործառույթներից մեկը։
ՀՀ Սահմանադրությամբ և «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով ԲԴԽ-ին վերապահված են հետևյալ լիազորություններն այս ուղղությամբ՝
- Անկախության երաշխավորում. ԲԴԽ-ն հանդիսանում է դատավորների և դատարանների անկախության հիմնական երաշխավորը։
- Անձեռնմխելիության պաշտպանություն. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու համար անհրաժեշտ է ԲԴԽ-ի համաձայնությունը։ Խորհուրդն այս հարցում գնահատում է ներկայացված միջնորդության հիմնավորվածությունը՝ բացառելու դատավորի նկատմամբ արտաքին կամ անօրինական ճնշումները։
- Աջակցություն և արձագանք. Եթե դատավորի անկախությանը կամ գործունեությանը վտանգ է սպառնում (օրինակ՝ անհիմն թիրախավորման կամ միջամտության փորձերի դեպքում), ԲԴԽ-ն կարող է հանդես գալ հայտարարություններով կամ ձեռնարկել անհրաժեշտ իրավական քայլեր՝ պաշտպանելու դատավորի հեղինակությունն ու անկախ կարգավիճակը։
Վերջին կետի վրա հատկապես հրավիրում ենք ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանի ուշադրությունը. թող մի հատ էլ կարդա, միգուցե մոռացել է, չգիտի, կամ եթե գիտի, ու դրանից ոչ մի հետևություն չի անում, թող գնա վախ բռնողի մոտ:
Վերջին ամիսներին Նիկոլ Փաշինյանն ամենաաներևակայելի սպառնալիքներն ու լուտանքներն է թափում դատավորների գլխին, վիրավորում նրանց, բայց դատավորների անկախությունը երաշխավորող մարմնի գլուխն անդրդվելի է. ո՛չ տեսել է. ո՛չ լսել. Գոնե մի հատ ձայն հանի, իմանանք՝ ամեն դեպքում կա:
Ներկայացնում ենք Փաշինյանի որոշ հայտարարություններից որոշները.
- «Ում քսակը ավելի հաստ ա, ցանկացած գործով կգնա կարդարանա դատարանում, ցանկացած գործով: Խնդիր չունեն, ասենք՝ դիակի վրա կարող ա մարդկանց բռնես, գնան հետո բան անեն, արդարանան, դուրս գան, և այլն, և այլն: Բա էդ ա, որ ասում եմ՝ եռագլուխ մաֆիայի դեմ ենք պայքարում էս ութ տարի ա»…
- «Գնացեք պարզեք՝ դատավորներից ով՝ ում փեսան է»…
- «Մարդիկ հայտարարում են քաղաքական հետապնդումների մասին, ես՝ չհետապնդումների մասին։ Մարդիկ կան, ես չեմ հասկանում, լավ, ես չեմ կարող հավատալ, որ ինչ-որ մարդիկ պատասխանատվությունից խուսափել են, որովհետև դատական համակարգն արդար է, հակառակը խուսափել են, որովհետև կոռուպցիոն կապերը շարունակում են մնալ։ Հայտնի նախկինից եկած ընտանիքներ կան, որի անդամները դատավորներ են՝ խնամիներ են, ծանոթ են, բարեկամ են, ինչո՞ւ են դատավոր, որովհետև սահմանադրական պաշտպանության ներքո են, որովհետև նրանց հեռացնելու օրինական ճանապարհ քաղաքական իշխանությունը չունի»…
- «Գնացեք ու էդ դատավորների ունեցվածքը ստուգեք, բոլորի հետևից գնալու ենք՝ իրանց, զոքանչների, քենիների…»…
- «Գործող բոլոր դատավորներին պետք է տալ դատավորի պաշտոնակատարի կարգավիճակ և գործարկել բարեվարքության խորը ստուգման գործընթաց։ Նրանք, ովքեր չեն անցնի այդ բարեվարքության ստուգումը, պարզապես չեն վերանշանակվի»…
- «Ի՞նչ ա նշանակում՝ բռնել և արդարացնել Գագիկ Ծառուկյանին ընտրակաշառքի գործով։ Որևէ մեկն ուզում է ասել, որ որևէ մեկը նրան ձրի բռնել արդարացրել ա՞։ ․․․Ես համակարգին մեղադրում եմ կոռումպացված լինելու մեջ»…
- «Ես կարծում եմ, և դրա մասին խոսվել է, որ չի կարող լինել իշխանություն, որն օրգանական կապով ժողովրդի հետ կապված չի։ Այս առումով, ես կարծում եմ, որ դատավորների ընդհանուր ժողովի, ասենք՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրվելու իրավունք պետք է չունենան, նրանք պետք է իրավունք ունենան թեկնածու առաջադրել, բայց բոլոր դեպքերում պետք է ընտրությունը, վերջնական որոշումը կայացնի այն մարմինը, որ ժողովրդի առաջնային մանդատը կրում է, և այդ մարմինն Ազգային ժողովն է, և այսպես շարունակ»…
Վերոշարադրյալ բոլոր մեջբերումները Նիկոլ Փաշինյանի՝ դատավորների մասին արած արտահայտությունների ընդամենը մի մասն են, այն Նիկոլ Փաշինյանի, ով դեռ 7-8 տարի առաջ էր «վնգստացող դատավորներ», «Ինչի կա տենց դատավոր, որ վարչապետի ասածը չանի՞…» ու նման այլ մտքեր հեղինակել, և որոնք պատշաճ գնահատականի չարժանացան:
Հիմա արդեն Փաշինյանը դատավորներին կոչ է անում կոռուպցիոն գործերով անցնող անձանց պահել կալանքի տակ առնվազն մինչև 2031 թվականին կայանալիք հաջորդ խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքների ամփոփումը։ Նրա խոսքով՝ մինչև այդ ժամկետը նման մեղադրյալների ազատ արձակումը կնշանակի, որ «դատաիրավական համակարգը գործում է պետության դեմ», և պետությունը պետք է դրան արձագանքի։
Ու նկատենք՝ խոսքն այն մարդկանց մասին է, ում մեղքն ապացուցված չէ, բայց դատավորները նրանց պետք է պահեն կալանքի տակ, որովհետև այդպես է ուզում Նիկոլ Փաշինյանը:
Բայց Նիկոլ Փաշինյանի ցանկությունները դեռ մի կողմ. նրա հետ ամեն ինչ պարզ է, բայց բա էս երկրում դեռ ֆորմալ գործող ԲԴԽ նախագահը չասի՞՝ էս ի՞նչ ես անում, էս ի՞նչ ես ասում: Արթուր Աթաբեկյանը չի՞ ամաչում, որ ԲԴԽ նախագահ է կոչվում, թե՞ շեֆի մոտ ամեն անգամ մտնող ու նոր հրահանգներով դուրս եկող ԲԴԽ նախագահի համար միևնույնն է՝ իր ղեկավարած կառույցին ինչպես են նվաստացնում:
Հասկանալի է, որ Արթուր Աթաբեկյանն առավել կարևոր գործեր կունենա, որ ամեն դեպքում երեք Արթուրների՝ (Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյան, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյան և ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյան:- Գ.Ս.) ընկերական կապն ու այդ կապի այսրոպեական շահի սպասարկումը ավելի կարևոր է հիմա (ծեծված ու կալանավորված ոստիկանի ու ծեծող ու չկալանավորված քննիչների օրինակը թարմ է:- Գ.Ս.), բայց ամեն դեպքում, ալլո, պարոն Աթաբեկյան, տանը մարդ կա՞: Դատավորներին ամենօրյա ռեժիմով սպառնում ու նվաստացնում է, ասելիք չունե՞ք: Էդ դատավորների անկախության երաշխավորն ամեն դեպքում նաև Դուք եք…
Իշխանությունը դատավորներին անվանում է մաֆիոզ, ընդդիմությունը՝ կամակատար, ասելու բան չունե՞ք…
Այնպես որ, կա՛մ վերհիշե՛ք Ձեր գործառույթները, կա՛մ գնացե՛ք վախ բռնողի մոտ, կա՛մ հեռացեք…

