Փաշինյանն ավտորիտար պոպուլիստ է. երբեք չեմ համակերպվելու Հայաստանի՝ տարածաշրջանային հյուրատուն լինելու հետ. ազգային քաղաքական գիծն այլընտրանք չունի. Հովհաննես Ավետիսյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը գուժում էր՝ նոր կորուստներ են լինելու, ու պետք է համակերպվեք դրա հետ։
  • Քանի որ Փաշինյանն ավտորիտար պոպուլիստ է, նա իրեն թշնամի է դիտարկում էլիտաներին։ Ժողովրդին նրա մեսիջը հետևյալն է՝ ես ձեզ կեղեքիչներից փրկող Ռոբին Հուդն եմ, ու կլինեն նախորդ իշխանություններ թե եկեղեցի, պետք է հայտնվի իմ թիրախում։ Քանի որ եկեղեցին վերջին սոցհարցումներով մարդկանց մոտ ավելի մեծ վստահություն ունի, քան իր կառավարությունը, ինքը կամ իր կուսակցությունը, նա եկեղեցու մեջ վտանգ է տեսնում։ Կաթողիկոսի ամանորյա ուղերձի մեջ եղած մտքերը՝ Արցախի ու միասնության, չհամակերպվելու մասին, Փաշինյանի համար թշնամական ուղերձներ են։ Նա վախենում է եկեղեցու շուրջ համախմբումից, դրա համար Կաթողիկոսին զրկեց հանրային խոսքից, հատկապես, որ Ալիևին տված խոստումներ ունի՝ չխոսել Արցախից։
  • Հնարավորինս շատ լույսեր, զարդեր, ուրախություններ ցուցադրելը նպատակ ուներ մոռացության տալ Արցախի հանձնումը։
  • Կիրառելով տեսողական ասոցացման գործիքները՝ կախիչ, գլխարկ, պոնչիկ-պերաշկի-կուկուրուզ ուտել, Փաշինյանը փորձում է ժողովրդին ուղերձ հղել, թե՝ ես ձեզնից մեկն եմ։ Դա իրականում այդպես չէ, որովհետև այն քաղաքական գիծը, որ նա տանում է, հայերի շահերից չի բխում։ Նա այդ գործիքները կիրառելով՝ հաջողելու է այնքան ժամանակ, քանի դեռ մենք բոլորս չենք հասկանում, թե դա իրականում ինչի համար, ինչ նպատակով է արվում։
  • Երբ սկսեն Հայաստանից նոր տարածքներ հանձնել, կամ ակտիվանա Զանգեզուրի միջանցքի թեման, մի քանի ամսով կձերբակալեն նախկին որևէ մեկի, օրինակ, Գագիկ Ծառուկյանին։ Հիմա հաղորդագրություններ են հրապարակվում նախկինում եղած թալանի մասին, և դրանք կպահեն ու կօգտագործեն պետք եղած ժամանակ, իրենց համար հարմար պահի, երբ Հայաստանից նոր տարածքներ հանձնեն։
  • Ալիևն անցավ իր ծրագրի հաջորդ փուլին, հայտարարեց, որ Հայաստանն Արևմտյան Ադրբեջան է, ու դա դադար չի առնելու, որովհետև իր երկրի ներսում Հայաստանի դեմ ատելության գեներացմամբ Ալիևը պահում է իր իշխանությունը։ Իր նկատմամբ ատելությունն Ալիևն ուղղորդում է դեպի հայեր՝ ասելով, որ՝ «եթե ինձ հանեք, հայերը կգան, ձեզ կուտեն։ Ձեր թշնամին հայերն են»։ Նրանք մեզ թշնամի են դիտարկում, ու դա չի դադարելու, քանի դեռ մեր պետությունը չի վերացել։
  • Պատասխանատու կառավարումը ենթադրում է, որ դու պետք է գիտակցես քո, ինչպես նաև քո ենթակաների արածի ու չարածի, քո խոսույթի, խոսքի պատասխանատվությունը։ Հարվարդի համալսարանի ռեկտորն օրերս հրաժարական տվեց իր մի խոսույթի պատճառով։
  • Երբ մենք ասում ենք՝ հոգնել ենք էս ամեն ինչից, լուրեր չնայենք, չկարդանք, չիմանանք՝ ինչ է կատարվում, դա հենց այն է, ինչ պետք է այս իշխանություններին։ Մենք յուրաքանչյուրս մեր անձնագրով այս երկրի բաժնետեր ենք։ Մենք չենք կարող ինչ-որ մեկի վատ կառավարման պատճառով հրաժարվել մեր երկրում ունեցած մեր բաժնեմասից։ Եթե մեզ չհաջողվի իրականացնել մոբիլիզացիա, մենք շատ ծանր բաների միջով ենք անցնելու, ինչը մեզ բերելու է պետականության կորստի։
  • Երբ Ալիևը որոշի գրավել Հայաստանը, նա հաջողելու է, որովհետև հիմիկվանից միջազգային հանրությանը նա պատրաստում է դրան։ 
  • Եթե Զանգեզուրի միջանցքը վերցնեն, արտագաղթը կմեծանա Հայաստանից, ու Հայաստանում ապրելը կթանկանա։ Դա աղետ է, աղետ է նաև այն, որ կլիմայական փոփոխությունների ու գլոբալ տաքացման հետևանքով Հայաստանը չորային տարածքի է վերածվելու։ Անապատացման վտանգ կա: Երբ Արցախը կորցրեցինք, որին որոշները բեռ էին համարում, հիշենք, որ այնտեղից այլևս ցորեն չի գալիս։ Իրական ռիսկն այն է, որ Հայաստանի տնտեսությունը չի աճում, աճում է ՀՆԱ-ն։ Հայաստանի տնտեսությունը չի աճում, որովհետև արդյունաբերություն չունի, գյուղատնտեսությունը չի զարգանում։ Մեր ժողովրդի օրակարգերը սրա՛նք պետք է լինեին, ոչ թե կախիչն ու գլխարկը։ Հայաստանում գոյաբանական, անվտանգության առումով ահավոր վիճակ է։ Ու քանի որ այս իշխանությունները չեն ուզում զբաղվել դրանով, պետք է հեռացնել նրանց։

Կարդացեք նաև

  • Նայեք՝ Նիկոլ Փաշինյանի շուրջ հավաքված մարդիկ ովքեր են։ Նրանք կարողանալո՞ւ են չեզոքացնել մեր առջև ծառացած գոյաբանական վտանգները, անվտանգային խնդիրները։ Իհարկե ոչ։ Դրա համար, նախևառաջ, գիտելիք է պետք, որը նրանք չունեն։
  • Ես երբեք չեմ համակերպվելու Հայաստանի՝ տարածաշրջանային հյուրատուն լինելու հետ, Հայաստանի՝ շարունակաբար տարածքներ կորցնելու հետ։ Ես և մի քանի տասնյակ մարդիկ։ Եվ եթե հարյուր-հազարավորները սա չհասկանան ու չուզենան պետություն ունենալ, մենք պետություն չենք ունենա։ Հեքիաթներ են այն արդարացումները, որ չկան լավ առաջնորդներ… Երբ մարդիկ տեր կլինեն իրենց անձնագրին, կգան, կկանգնեն դրսում իրենց պես տասնյակ հազարավորների կողքին, իրենց միջից հայտնվելու է առաջնորդը։ 
  • Մենք գործ ունենք էլիտաների դավաճանության հետ։ Բոլոր ոլորտներում՝ քաղաքական, ռազմական, տնտեսական, գիտական, մշակութային… այդ էլիտաները դավաճանել են իրենց ժողովրդին, որովհետև առաջնորդվում են անհատական ու խմբային շահերով, երբ երկիրը կանգնած է գոյաբանական վտանգների առաջ։ Համատարած համագործակցություն եմ տեսնում։ Համագործակցություն է այս իշխանության հայտարարած տենդերներին մասնակցելը, ԱԺ-ում սրանց հետ ինչ-որ անշառ օրինագիծ քննարկելը… 
  • Հարստությունը ոչ միայն իրավունք է, այլև պատասխանատվություն այն տարածքի ժողովրդի նկատմամբ, որտեղ դու գործում ես ու որոնց միջոցով կուտակում ես քո հարստությունը։ Գալու է ժամանակը, որ այդ օլիգարխները, բիզնեսմենները, ովքեր համակերպվել են այս ամենի հետ, հարցերի են պատասխանելու: 
  • Հայաստանը չունի այլընտրանք․ ազգային քաղաքական գիծը դառնալու է ամենաթանկն ու պահանջվածը շատ մոտ ապագայում։ Դա տարազ հագնելն ու ամեն կիրակի եկեղեցի գնալը չէ։ Ազգային է այն, երբ դու պայքարում ես քո ազատության, քո կյանքի իրավունքի համար քո հայրենիքի մաս կազմող տարածքում։ Ինչ-որ պահի սա լինելու է շատ պահանջված քաղաքական գիծ։ 
  • Պետք չէ նեղվել, որ հնդիկներ են գալիս Հայաստան աշխատելու: Դա նորմալ է, հայերն էլ են գնում ինչ-որ երկրներում աշխատելու: Պետք է նեղվել նրանից, որ մեր երկրից մարդիկ գնում են։ Մի գնացեք, ժողովուրդ, մնացեք ու պայքարեք։ Եթե նեղվում եք նրանից, որ ձեր երկիրը ձեր ձեռքից տանում են, է, բա եթե դուք թողնում-գնում եք, պետք է տանեն։ 
  • Ես Նիկոլ Փաշինյանի գործողություններում դիտավորություն տեսա այն ժամանակ, երբ պատերազմում պարտությունից հետո նա չհեռացավ։ Նա այլ ելք չունի, քան պոպուլիստ դիկտատոր լինելը։ Նա անգամ իր դրածո նախագահին չի վստահում։ Իր շրջապատի մարդիկ պետք է իմանան՝ իրենցից յուրաքանչյուրի վրայով հերթով անցնելու է, եթե պետք լինի, իր իշխանությունը պահելու համար բոլորին զոհաբերելու է։ 
  • Եթե ընդդիմադիր կողմն ավելի ազնիվ լինի, հրապարակի իր օրակարգերը, նույն ամերիկյան կողմը, բոլոր գերտերությունները կսկսեն նրանց հետ համագործակցել։

  • Երբ մեր ժողովուրդը ոտքի կանգնի, պայքարի իր իրավունքների, իր հայրենիքում ապրելու համար, այդ պահից և՛ ԱՄՆ-ը, և՛ Ռուսաստանը կկանգնեն մեր կողքին։ 
  • Այո՛, Ռուսաստանն իր պայմանագրային պարտավորությունները չի կատարել, Արցախն իր աչքի առաջ հայաթափել են, ոչինչ չի արել, իսկ մե՞նք ինչ ենք արել։ Ռուսաստանը գերտերություն է, գործել է՝ իր շահերից ելնելով, բայց Ռուսաստանը մեզ թշնամի չէ։ Նույնը վերաբերում է մյուս գերտերություններին՝ Ամերիկային, մյուսներին։ 
  • Շատ հավանական է, որ Ռուսաստանի դեմ խոսող անձինք նույն ռուսական ազդեցության տակ գտնվող մարդիկ են, եթե կուզեք, անվանեք գործակալներ։ Օրուգիշեր Ռուսաստան հայհոյող մարդիկ, կարող է պարզվել, ամենառուսամոլներն են։ Դրա համար պետք չէ խաբվել ու մտնել այդ օրակարգերի մեջ։ Պետք է ունենանք և համախմբվենք մեր՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ շուրջ և բոլորի հետ համագործակցելով՝ մեր շահերն առաջ մղենք:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս