Հրթիռների գործի քաղաքական տողատակերը. Ի՞նչ առնչություն կարող է ունենալ ՍՈւ-30-ների գործարքը
Նոյեմբերի 23-ի կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել էր.
«Չի եղել մի քրեական գործ, որն առաջ չգնա քաղաքական կամքի բացակայության պատճառով։ Սա քարտ-բլանշ է՝ Հայաստանի Հանրապետությունում անձեռնմխելի մարդիկ չկան։ Բայց հիմա մենք կարող ենք ուրիշ վտանգ ստեղծել, որ լրատվամիջոցներում էլի վերնագիր հայտնվի, որ ձերբակալեցինք, քրեական գործ հարուցեցինք ու հանկարծ սրճարանում այդ անձին տեսանք սուրճ խմելիս։ Ի՞նչ է եղել, ազա՞տ է արձակվել»:
Իսկ նոյեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարանը մերժել է հրթիռների գործով անցնող ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի պաշտպանական թիմի՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը, այն դեպքում, երբ նա առողջական լուրջ խնդիրներ ունի: 168.am-ի հետ զրույցում գեներալի փաստաբան Անդրանիկ Մանուկյանը նշեց, որ այդ պահի դրությամբ դատական ակտը դեռ չի ստացել, ուստի դրա պատճառաբանությունների վերաբերյալ ամբողջական ծավալով դիրքորոշում հայտնել չի կարող: Բայց քանի որ դատարանը որոշման հրապարակումից հետո հակիրճ պարզաբանել է միջնորդության մերժման հիմք հանդիսացած գլխավոր հանգամանքը, ուստի որոշակի պարզաբանում փաստաբանը տվեց:
«Մերժման հիմնական պատճառաբանությունը հանգում է նրան, որ եթե Ստեփան Գալստյանը չլինի կալանքի տակ, կարող է ապօրինի ազդեցություն գործադրել գործով անցնող ամբաստանյալներից մեկի՝ Ավետիք Մուրադյանի վրա, որն այս պահին տնային կալանքում է: Այդ պատճառաբանությունը համարում եմ ծայրահեղ անհիմն, որովհետև Ստեփան Գալստյանը, եթե, օրինակ, նույնպես տնային կալանքի կիրառմամբ ազատվեր կալանքից, ապա թե՛ տեսականորեն, թե՛ գործնականում անհնար է պատկերացնել մի վիճակ, որ Ստեփան Գալստյանը, լինելով տնային կալանքի կիրառման սահմանափակումների ներքո, կարող էր ապօրինի ազդեցություն գործադրել Ավետիք Մուրադյանի վրա, որը տնային կալանքի սահմանափակումների ներքո է: Այսինքն, տնային կալանքի կիրառման բովանդակությունը ենթադրում է, որ մեղադրյալն իրավունք չունի իր դատական ակտով սահմանված բնակության տարածքից դուրս գալու, որևէ մեկի հետ շփվելու, որևէ մեկին հյուրընկալելու: Ըստ այդմ՝ ինչպես կարող էին տնային կալանքի պայմաններում նրանք հարաբերակցվել, որ դեռ մի հատ էլ Ստեփան Գալստյանն ապօրինի ազդեցություն գործադրեր Ավետիք Մուրադյանի վրա, ես դա չեմ պատկերացնում: Սա պարզապես շարքային պատճառաբանություն է՝ միջնորդությունը մերժելու համար: Մի բան պետք է գրվեր, գրվել է սա: Դատական ակտը ստանալուն պես իմ կողմից կբողոքարկվի»,- նշեց Անդրանիկ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին 168.am-ը գրել էր, որ հրթիռների գործով անցնող ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանի նկատմամբ կալանքն այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու Վերաքննիչ դատարանի բեկանված և նոր քննության ուղարկված միջնորդության վերստին քննարկման արդյունքում դատարանը որոշել է Մուրադյանի նկատմամբ կիրառել տնային կալանք խափանման միջոցը:
Իհարկե, լավ է, որ գեներալ Մուրադյանի կալանքը փոխվել է տնային կալանքի, բայց կարո՞ղ ենք ենթադրել, որ Ավետիք Մուրադյանի խափանման միջոցը փոխեցին, որ չփոխեն Ստեփան Գալստյանի խափանման միջոցը, թեպետ, ինչպես նշեցինք՝ տնային կալանքի դեպքում որևէ ազդեցության մասին խոսք լինել չէր կարող: Գուցե նաև այլ հանգամանքներ կան, դատական նիստերը դռնփակ են, ուստի հնարավոր չէ ինչ-որ բան իմանալ:
Նշենք, որ Ստեփան Գալստյանն այն գեներալներից մեկն էր, ով ստորագրել էր 2021 թվականի փետրվարի 25-ի ՀՀ զինված ուժերի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարության տակ: Մյուս կողմից, երբ արդեն գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով ազատված էր, 2021 թվականի մարտի 10-ին Ստեփան Գալստյանը նշանակվել էր ԳՇ պետի պաշտոնակատար: Բայց այդ օրն ամեն ինչ հարթ չի անցել, այդ թվում՝ Գալստյանին պաշտոնակատարի թեկնածու ընտրելու հետ կապված:
Ըստ այդմ՝ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում 2021 թվականի մարտի 10-ին, ժամը 16:50 տեղեկացրել էր, որ հանդիպել է Զինված ուժերի հրամկազմի հետ: Իսկ ելույթը մոնտաժված տեղադրել էր ֆեյսբուքյան իր էջում միայն ժամը 19:20:
Իսկ այն, որ վերջնական որոշվել է, թե ԳՇ պետի պաշտոնակատար լինելու է Ստեփան Գալստյանը, ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել ժամը 20:14:
Արդեն 2021 թվականի մարտի 22-ին Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին էր ներկայացրել ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանին:
Հրթիռների գործի համատեքստում և Նիկոլ Փաշինյանի վերևում ասված մտքին, թե իր «դաբրոյով» որևէ բան չի արվում, մի քանի փաստ հիշեցնենք: Մասնավորապես, 2021-ի փետրվարի 23-ին (2 օր հետո՝ փետրվարի 25-ին, ՀՀ զինված ուժերը պահանջեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը) Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով զենքի մատակարարման ոլորտին և այդտեղ իշխանափոխությունից հետո չարված հեղափոխություններին, նշել էր.
«2018թ. դրությամբ եղել են ահռելի մեծ գումարների պայմանագրեր, որոնք իրականացված չեն եղել: Եվ եթե մենք բոլորին ձերբակալեինք, այդ տասնյակ միլիարդների ճակատագիրը կմնար անհայտ: Մենք խնդիր ենք դրել, պարտադրել, որ մատակարարումներն իրականացվեն: Եվ երկրորդը, եթե կա զենքի մատակարարման վատ խողովակ, այդ զենքի մատակարարման վատ խողովակը չի կարելի փակել, քանի դեռ դու չունես մատակարարման թեկուզ մի փոքր ավելի կամ թեկուզ նույնպիսի վատ խողովակ, կամ մի վատ խողովակը փոխարինել մի այլ վատ խողովակով: Իսկ ի՞նչ է տեղի ունենալու այդ ժամանակաշրջանում: Որովհետև այդպես չէ, որ միանգամից, մի ինչ-որ ժամանակ դատարկ է մնալու, իսկ ո՞վ է երաշխավոր, որ այդ դատարկության շրջանում չէ, որ սկսվելու է պատերազմը»:
Ի՞նչ է ստացվում՝ Նիկոլ Փաշինյանը «թավշյա հեղափոխությունից» հետո զենքի մատարարարման ոլորտում կտրուկ փոփոխությունների չի գնացել, որովհետև կանխազգացել է պատերազմի մոտալուտ վերսկսման հավանականությո՞ւնը: Գուցե: Բայց այստեղ մի հետաքրքիր բան էլ կա՝ Նիկոլ Փաշինյանը նախկիններից մնացած զենքի մատակարարման խողովակը համարում է վատը, բայց արի ու տես, 2019-ին հպարտանում է նույն խողովակից իր իշխանության ռազմական ձեռքբերումներով:
Մյուս կողմից, 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, ունենալով զենքի մատակարարման հետ կապված խնդիրներ, Նիկոլ Փաշինյանը խոչընդոտել է այս խողովակի լիարժեք կիրառմանը կամ հնարավորությունների օգտագործմանը:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի այս հարցազրույցից ամիսներ հետո՝ 2021 թվականի սեպտեմբերի 25-ին, ԱԱԾ-ն հայտարարություն է տարածում, որ ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյան (Ավետիք Մուրադյանը) թույլ է տվել լիազորությունների չարաշահում: Խոսքը 1985-1991թթ. արտադրության ավիացիոն, այսպես ասած, անպիտան հրթիռների գնման մասին է: Ավելի ուշ սրա շրջանակում հրթիռների գործով տեղի ունեցան հայտնի ձերբակալությունները և կալանավորումները: Մասնավորապես, սեպտեմբերի 30-ին ավելի քան 2 մլրդ դրամ հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և ավելի ուշ կալանավորվել էին Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո):
Այս գործով 2021 թվականի հոկտեմբերի 2-ին էլ կալանավորվել էր նաև այն ժամանակ դեռ ԳՇ պետի տեղակալի կարգավիճակում գտնվող Ստեփան Գալստյանը, ում դեկտեմբերին ազատեցին պաշտոնից:
Հավելենք, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը Ստեփան Գալստյանին չէր հեռացրել ԳՇ-ում ունեցած բարձր դիրքից, և նա 2018-ի հունիսի 18-ին ԳՇ պետի տեղակալ էր նշանակվել կամ վերանշանակվել:
Եվ սա այն դեպքում, երբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2019 թվականի հայտարարագրերում գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի անունով հայտարարագրված էր՝ թվով 11, իսկ նրա կնոջ՝ Նատալյա Գեննադիևնա Գալստյանի անվամբ՝ թվով 20 անշարժ գույք:
Ավելին, դեռևս 2012 թվականին «Հետքը» օդաչուներից մեկի հետ զրույցի արդյունքում գրել էր, որ «Ռիջ Էյրվեյս»-ը պատկանում է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին, սակայն գրանցված է նրա կնոջ՝ Նատալյայի անունով:
Արդյոք խմբագիր, լրագրող, պատգամավոր, հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ՞ր այս ամենից: Բնականաբար, տեղյակ էր, բայց Ստեփան Գալստյանի «ծառայությունները» գուցե նրան պետք են եկել, կամ՝ հրթիռների գործի պահը, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ հասունացել էր 2021 թվականի սեպտեմբերին:
Նշենք, որ այս գործով անցնում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈԻ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը, վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանը, զենքի մատակարար Դավիթ Գալստյանը, հրթիռների գործի անջատված մասով նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և այլք:
Այն, որ Դավիթ Տոնոյանը հնարավոր է դեռ երկար անազատության մեջ մնա, թերևս, դա ինքն էլ է հասկանում, քանի որ, ինչպես 2023 թվականի օգոստոսի 1-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում էր ասել՝ «լավ գիտեմ՝ ինչի համար եմ կալանավորված՝ պատերազմի արդյունքի, ոչ թե նրա, ինչը ձևակերպված է»:
«Խոսքը չի գնում այն քրեադատավարական վարույթի մասին, որով ես հիմա ամբաստանյալ եմ, այլ հնարավոր ապագա կամ արդեն եղած գործերի շրջանակների, որ դուք ձեր ծրագրում նշել եք, որ քրեական գործերին առնչվող որոշ խնդիրների վերաբերյալ եք ուշադրություն դարձնելու: Ապագային միտված են իմ հարցադրումները, որ ես պատրաստ լինեմ իրավական որևէ նոր վարույթների պարագայում»,- հավելել էր Պաշտպանության նախկին նախարարը:
Չի բացառվում, որ գեներալ Գալստյանին էլ դեռ երկար պահեն անազատության մեջ, թե որքան է օբյեկտիվության և սուբյեկտիվության չափաբաժինը, չենք կարող ասել: Բայցև փաստ է՝ իշխանությունները խուսափեցին անորակ համարվող հրթիռների փորձաքննությունից, և գործը, մեծ հաշվով, փակուղում է: Այս մասին մեկ անգամ չէ, որ գրել ենք: Բայց հիմա մեկ ուրիշ հանգամանքի վրա ենք ցանկանում ուշադրություն դարձնել:
Նիկոլ Փաշինյանը սեփական PR-ի համար տասնյակ-միլիոններ էր ծախսել ՍՈՒ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչների ձեռքբերման համար, բայց՝ առանց հրթիռ:
«Այսօր շատ կարևոր օր է մեզ համար, որովհետև ժամանում են մեր այս տարվա գլխավոր ձեռքբերումը համարվող «ՍՈՒ-30ՍՄ» մակնիշի գերժամանակակից բազմաֆունկցիոնալ ինքնաթիռները, որոնց ձեռքբերման մտադրության մասին դեռ նախորդ տարի էին հայտնել: Այսինքն՝ ժամանում է ինքնաթիռների առաջին խմբաքանակը, և այս ձեռքբերումը շրջադարձային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության անվտանգության, մեր ժողովրդի ապահովման գործում», – 2019 թվականի դեկտեմբերի 27-ին հայտարարել էր Փաշինյանը, երբ հետևում էր կործանիչների ցուցադրական թռիչքներին, և նրան էին ներկայացրել դրանց տեխնիկական հնարավորությունները։
Իսկ 2021-ին մարտին ԱԺ-ում արդեն Փաշինյանը նշել էր. «Ցավոք սրտի, պատերազմի ընթացքում չէինք հասցրել ձեռք բերել անհրաժեշտ բոլոր աքսեսուարները, հրթիռները, որոնք հնարավորություն կտային Սու-30ՍՄ գերժամանակակից զենքը կիրառել իր նշանակությամբ և հզորությամբ»:
Ինքնաթիռների հետ կապված Փաշինյանի արած իրարամերժ բոլոր հայտարարություններին այս պահին նորից չենք անդրադառնա: Այլ ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ հրթիռների գործով անցնող ՊՆ և ԳՇ բարձրաստիճան նախկին պաշտոնյաներից ոմանք այս կամ այն ձևով առնչություն են ունեցել Սու-երի գործարքի հետ:
Նախ նշենք, որ Ավետիք Մուրադյանը 2019 թվականի մարտի 12-ին ազատվել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնից:
2019 թվականի ՀՀ ԶՈւ ԳՇ պետն Արտակ Դավթյանն էր, Պաշտպանության նախարարը՝ Դավիթ Տոնոյանը: Երկուսն էլ, ըստ էության, անհրաժեշտ են համարել Սու-երի ձեռքբերումը: Հարցն այն է, որ Հայաստանը պետք է ձեռք բերեր 8-12 հատ ՍՈՒ-30, սակայն ձեռք է բերել միայն 4-ը: Ինչու:
Այս տարվա հուլիսին 168.am-ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանն ասել էր.
«ՍՈՒ-30ՍՄ-երի ձեռքբերման որոշումը համարում եմ ճիշտ, գտնում եմ, որ այդ ուղղությունը պետք է զարգացնել: Ով չի հասկանում դրանից, պետք չի, որ կարծիք հայտնի, շահարկի քաղաքական կամ այլ նպատակներով: Ինչ վերաբերում է Սու-երի զինամթերքին, ապա, բացի տվյալ հրթիռներից, նրանք ունեն նաև այլ սպառազինություն, որն ունեցել ենք: Ավելին, 44-օրյա պատերազմի ժամանակ ՍՈՒ -30-ները կիրառվել են, և ունեն արդյունք: Այլ հարց է, որ կիրառվել են որոշակի սահմանափակումներով, կամ չեն կիրառվել սպառազինությամբ՝ հարված հասցնելու կամ կրակային խոցման տեսանկյունից:
Հրթիռների հետ կապված՝ ասեմ, որ ՍՈՒ-30-ները մենք ձեռք բերեցինք շատ կարճ ժամանակահատվածում, նախատեսված պլանից ավելի կարճ ժամանակահատվածում, իսկ արդեն մնացած կոմպոնենտները ձեռք բերելու հարցը պետք է ուղղել ոչ թե ԳՇ-ին, այլ նրանց, որոնք կնքում են պայմանագրերը և դրանց շրջանակում ապահովում, որ տվյալ հրթիռները մատակարարեն զինված ուժերին: Իսկ թե ինչու 4-ը, քանի որ ես հիմա պաշտոնի չեմ, չեմ կարող այս պահի դրությամբ որևէ բան ասել, բայց պատճառները բազմաթիվ կարող են լինել, կամ այն ժամանակ որոշակի կային: Բոլորի մասով, այո, պայմանավորվածություն կար: Ինձ թվում է, որ ոչ մասնագետների կողմից այս անհարկի շահարկումներն ազդում են քաղաքական որոշման վրա՝ վերջնական հաշվարկով ՍՈւ-30-ները ձեռք բերելու: Սա՝ առաջին: Երկրորդ՝ որպեսզի նոր խմբաքանակ ձեռք բերենք, պետք է ամբողջությամբ յուրացնենք արդեն ձեռք բերված խմբաքանակը: Երրորդ՝ մեր գործընկերը, որից գնում ենք, հնարավորություն պետք է ունենա արտադրելու և մատակարարելու մեզ ՍՈՒ-երը, եթե հաշվի առնենք այն սահմանափակումները, որոնք կիրառվեցին ՌԴ-ի նկատմամբ: Որոշակի կոմպոնենտներ, որոնք գնվում էին կամ մատակարարվում ՍՈՒ-երի գործարկման ժամանակ արտասահմանից, դրանք դադարեցվեցին: Եվ նրանք արդեն փորձեցին փոխել տվյալ արտադրատեսակներն այլ միջոցներով, ինչը ևս պահանջում է ժամանակ, հնարավորություններ»:
Իսկ օգոստոսի 1-ին Քննիչ հանձնաժողովում Դավիթ Տոնոյանն ասել էր, որ ՍՈՒ-30-ների ձեռքբերումը նաև ապագայի ձեռքբերում էր, և դա ընդհանրապես մեր զինված ուժերի մակարդակը բարձրացրեց:
«Մենք հակառակորդի հետ համեմատությամբ՝ կործանիչների գործառույթի, այսինքն՝ ՍՈՒ-30-ների կործանիչ բաղադրիչի հետ զրոյական վիճակ ունեինք։ Մեծ հեռավորությունների վրա այն հնարավորությունները, որոնք ունեին ՍՈՒ-30-ները, ճշգրիտ կառավարվող հրթիռներով խոցելու հակառակորդի միջոցներն ու ենթակառուցվածքները, այդպիսի կարողություն մենք ընդհանրապես զինված ուժերում չենք ունեցել։ Մենք կործանիչ հակաօդային պաշտպանության ավիացիա ընդհանրապես չենք ունեցել։ Մենք հիմնվում էինք միայն նախկին Խորհրդային Միության սահմանից եկող սպառնալիքների Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության և ՌԴ ռազմօդուժի կործանիչների հագեցվածության, կիրառման վրա»,- ասել է նա:
Տոնոյանը նաև հայտարարել էր, որ 2020-ի նոյեմբերին սկզբին իրեն զեկուցել են, որ ՍՈՒ-30-ներն անցել են մարտական հերթապահության, քանի որ որոշակի հրթիռների համալրում է իրականացվել:
«ՍՈՒ-30-ները բազմաֆունկցիոնալ միջոցներ էին, որոնք ունեին և՛ գրոհային, և՛ կործանիչ գործառույթ։ Գրոհայինի տեսանկյունից մենք 1-2 օրվա մարտական գործողությունների վարման առումով գոնե սկզբնական փուլում սպառազինության հետ կապված հագեցվածություն ունեինք, նաև այն հրթիռների, որոնք հիմա ժողովրդի մեջ կոչվում են անպիտան, ժանգոտված կամ չգիտեմ ինչ։ Այդ հրթիռները կիրառվել են նաև ՍՈՒ-30-ների ուսումնական թռիչքների ժամանակ և խոցել են թիրախները»,- մանրամասնել է Տոնոյանը:
Այսինքն, «անորակ հրթիռները» որոշակի առնչություն են ունեցել ՍՈՒ-30-ների հետ: Իշխանություները փորձում էին համոզել, որ Դավիթ Գալստյանի մատակարարած հրթիռները չեն կիրառվել 44-օրյա պատերազմի ժամանակ, ինչը հրթիռների գործով անցնողները հերքում են:
Իսկ 2022 թվականի սեպտեմբերին Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նախ շեշտել էր, թե 2018-ից վարչապետի պաշտոնը ստանձնելով՝ առաջնորդվել է ամեն ինչ բանակի համար սկզբունքով, այնուհետև պատասխանատու հայտարարել.
«Իմ վարչապետության օրոք չի եղել մի դեպք, երբ որ բանակը որևէ հարց բարձրացնի, և ես այդ խնդիրը չլուծեմ՝ առնվազն ֆինանսական մասով: Էդքան քննադատված ՍՈՒ–30ՍՄ-ի դեպքը դրա ամենավառ օրինակն է: Վարչապետը, նույնիսկ՝ պաշտպանության նախարարը, ԳՇ պետը, որը, ենթադրենք, հրետանավոր է, սակրավոր կամ հետևակի մասնագետ, ինքը պարտավոր չի փորձագետ լինել՝ է՞ս օդանավը, է՞ս օդանավը, թե՞ էն օդանավը: Դրա համար կան ռազմաօդային ուժեր, որոնք գնահատում են իրենց կարիքը: Մենք պատկերացնում ենք, չէ՞, որ դա գերժամանակակից ինքնաթիռ է՝ խելագար գնով»:
Կարող ենք, չէ՞, ենթադրել, որ ըստ քաղաքական նպատակահարմարության և սեփական քաղաքական շահերի, Նիկոլ Փաշինյանը նույն հիմնավորմամբ ՍՈՒ-30-ների վրա «խելագար գնի» կորստի համար մեղավորներ կցանկանա գտնել «հրթիռների գործով» անցնողների մեջ, իսկ իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ կաջակցի՝ ասելով, որ ի սկզբանե դեմ է եղել դրան, ինչպես դա արել է Տոնոյանի հարցաքննության ժամանակ, ինչպես դա արել է 44-օրյա պատերազմից հետո: Բայց փաստ է, որ սպառազինության գնումները հաստատում է երկրի ղեկավարը, և դրանից չհասկանալը չի ազատում ի պաշտոնե պատասխանատվությունից: