ԱԱԾ-ն ոչ հաստատում, ոչ էլ հերքում է «հրանոթի արկերի» գործով անցնողների նկատմամբ քրեական հետապնդման դադարեցման փաստը
168.am-ը գրել էր, որ, հավաստի տեղեկություններով, հրանոթի արկերի գործով անցնող ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի և զենքի մատակարար Դավիթ Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արարքը չկատարելու հիմքով:
Հիշեցնենք, որ 2022 թվականի հունիսի 17-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձերբակալվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը:
«ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ-ում գործող ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում մատակարարված ապրանքի ընդունող հանձնաժողովի նախագահ Արմեն Հարությունյանն օժանդակելով մատակարար ընկերության տնօրենին և սեփականատիրոջը՝ ձեռնամուխ են եղել կնքված պայմանագրի առարկային չհամապատասխանող գույքն ընդունելու գործընթացին և դրա դիմաց ՀՀ պաշտպանության նախարարությունից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու ուղղակի դիտավորության իրագործմանը և այդ նպատակով պայմանագրով նախատեսված հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցների փոխարեն, խաբեության եղանակով՝ թաքցնելով մատակարարված գույքի տակտիկատեխնիկական բնութագրին չհամապատասխանելու փաստը, ՊՆ-ին են մատակարարել ընդհանուր՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար արժեքով չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ, որոնք իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով էապես զիջել են այն հրանոթի կրակոցներին, որոնց համար դրանք մատակարարվել են, մասնավորապես՝ չեն ապահովել թիրախի խոցման հեռավորությունը, կրակոցների արդյունքում արձանագրվել են պահանջվող նորմերից բավական մեծ չափի թերաթռիչքներ, ձգաբանական բնութագրով չեն համապատասխանել ՊՆ-ի տրամադրության տակ առկա հրանոթների կրակոցի ձգաբանական բնութագրին և ՀՀ զինված ուժերում գործող հրաձգության աղյուսակի պարամետրերին, հետևաբար՝ անհնար է եղել մատակարարված հրանոթները կիրառելու դեպքում արձակել թիրախային կրակոցներ և լուծել մարտական խնդիրներ, որի արդյունքում կնքված պայմանագրի հիման վրա ընկերության հաշվին է փոխանցվել առանձնապես խոշոր չափերի՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար, ինչը պետության համար առաջացրել է նյութական ծանր հետևանքներ»,- նշվում էր ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ:
Գործի համատեքստում նշենք, որ 2021-ի փետրվարի սկզբին Ազգային անվտանգության ծառայությունը բերման էր ենթարկել Հայաստանին զենք մատակարարող Դավիթ Գալստյանին («Պատրոն Դավո»):
Ըստ ԱԱԾ-ի` «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը Պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, պարտավորվել 2018թ. բանակին մատակարարել 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր: Բայց մատակարարել է 1977թ. չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որն էապես զիջել է մարտավարական հատկանիշներով և կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։
Այս գործի և մեր ունեցած տեղեկության առնչությամբ պարզաբանում ստանալու նպատակով դեկտեմբերի 9-ին հարցում էինք ուղարկել ՀՀ ԱԱԾ ՝ հետևյալ հարցադրմամբ.
1. Ինչ փուլում է նշված քրեական գործն այս պահի դրությամբ, արդյո՞ք նախաքննությունն ավարտվել է: Մենք տեղեկություն ունենք, որ բանակին զենք մատակարարող Դավիթ Գալստյանի և գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, և հնարավոր է նաև գործը կարճվի: Արդյո՞ք տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, եթե այո, ապա կխնդրեինք մանրամասնել՝ ինչ հիմքով:
Մեր հարցմանն ի պատասխան՝ Ազգային անվտանգության ծառայությունն իր գրության մեջ մերժել է պահանջված տեղեկության տրամադրումը:
«Ի պատասխան Ձեր 09.12.2023թ. հարցմանը, հայտնում ենք, որ քրեական վարույթի վերաբերյալ գրությամբ հայցվող հարցերի մասին տեղեկատվություն չի կարող տրամադրվել՝ հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, քանի որ դրանք պարունակում են հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ»,- նշվում է ԱԱԾ պատասխան գրության մեջ:
Ըստ էության, ԱԱԾ-ն ոչ հաստատում, ոչ էլ հերքում է մեր տեղեկությունը: Գուցե դեռ քաղաքական, իրավական չիրականացված քայլեր կան հրանոթի արկերի գործի հետ կապված, կամ էլ ցանկանում են դեռ գաղտնի պահել այն, որ Փաշինյանի ռազմական մեղադրանքները «բախվել են պատին» և դժվար է առաջ գնալ: