«Տոնն անում են, որ մենք մոռանա՞նք մեր իրական վիճակը». Հոգեբան
Անցյալ տարի Արցախն Ամանորը դիմավորում էր հումանիտար աղետի շեմին, այս տարի արդեն Արցախի Հանրապետությունն առանց հայի է. շուրջ 120 հազար արցախահայեր Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների հետևանքով ապաստանել են Հայաստանի Հանրապետությունում: Պատերազմի կորուստների, հայրենազրկված արցախահայերի, հայկական երկրորդ պետականության կորստի ֆոնին իշխանությունների մատուցած տոնական տրամադրությունները շատերի համար անհասկանալի են:
168.am-ը հոգեբան Իրինա Ծատուրյանին խնդրել է անդրադառնալ առկա իրողություններին՝ հարցադրմամբ՝ ինչպե՞ս ստեղծել տոն ոչ տոնական մթնոլորտում:
«Գիտեք, Ձեր հարցն այնքան բաների մասին ինձ դրդեց մտածել՝ որ էլի չկա «մենքը»: Համացանցը բացում ենք՝ չկա մի արցախցու նկար, որը տոնի է պատրաստվում. մեր տոնածառներն են, մեր հրապարակն է շատ լավ լուսավորված:
Ճիշտ կլինի, որպեսզի տոնական այս վիճակը ներդաշնակ լինի, մեր պարտքը կատարենք՝ ունենալով ինչ-որ ընտանիք, որին կարող ենք օգնել:
Ես ունեմ Հադրութից եկած փախստականներ. անցյալ տարի ինչ-որ բաներ էի տարել, իրենք էլ հյուրասիրում էին իրենց օգնություն տրված պահածոները, և ես գովում էի: Հրաժեշտին գիտե՞ք՝ ինչ արեցին. մի ամբողջ տոպրակ այդ պահածոներից էին դրել, որ վերցենք մեզ հետ: Այ, դա ինձ համար տոն էր, որ իրենք տոկուն են, շնորհակալ են ու կարող են պատասխանել:
Եվ պետք չէ այդ անջրպետը դնել՝ «մենք» ու «նրանք», որ մեր «մենք»-ը ձևավորվի, որովհետև պետք է գիտակցենք՝ մեր մի կտորը մեզնից օտարեցին»,- ի պատասխան՝ նշեց հոգեբանը:
Իրինա Ծատուրյանը շեշտեց՝ մեր ուժը մեր միասնության մեջ է:
«Թող մեր տոնը լինի նրանց հետ, որ մենք այդ դեպրեսիան էլ անցնենք,- հավելեց նա, ապա պատմական զուգահեռներ տարավ,- Երբ ջարդերը, կոտորածները լինում էին, մի գյուղը մտնում էին, մյուս գյուղում հարսանիք էին անում: Այժմ շատ նմանատիպ իրավիճակ է. մենք էլի տարանջատում ենք»:
Դիտարկմանը, թե, այդուհանդերձ, տարբեր շրջանակներ են նշում, որ արդար չէ գերշքեղ տոնական տրամադրություն ստեղծել, երբ ցեղասպանական գործողությունների հետևանքով այսօր շուրջ 120 հազար մեր եղբայրներ ու քույրեր հայրենազրկված են, հոգեբանն արձագանքեց. «Ի՞նչ է. տոնն անում են, որ մենք մոռանա՞ք մեր իրական վիճակը: Դա ինչքա՞ն կարող է շարունակվել: Դա ինձ համար ուղղակի անընդունելի է»:
Մանրամասները՝ տեսանյութում