Անցյալ տարի Արցախն Ամանորը դիմավորում էր հումանիտար աղետի շեմին, այս տարի արդեն Արցախի Հանրապետությունն առանց հայի է. շուրջ 120 հազար արցախահայեր Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների հետևանքով ապաստանել են Հայաստանի Հանրապետությունում: Պատերազմի կորուստների, հայրենազրկված արցախահայերի, հայկական երկրորդ պետականության կորստի ֆոնին իշխանությունների մատուցած տոնական տրամադրությունները շատերի համար անհասկանալի են:
Ըստ Իրինա Ծատուրյանի, սովորաբար պատերազմներից հետո երեխաները մեծանում են մի մարդու հոգեբանությամբ, որը շատ բաներից զրկված է, հետևաբար՝ պետք է հնարավոր ամեն բան անել, որպեսզի Արցախի երեխաները չմեծանան այդ հոգեբանությամբ։ Այդուհանդերձ այս ամենի մեջ հոգեբանը մեկ դրական արձանագրում արեց՝ որքան այդ երեխաների նկատմամբ ոտնձգությունները շատ են լինում, նրանք ավելի են կարծրանում՝ ցանկացած իրավիճակում կողմնորոշվում են։