«Սերժ Սարգսյանի ժամանակ Ադրբեջանը չկարողացավ իրականացնել իր ռազմական խնդիրը, սա կասի ցանկացած ռազմական փորձագետ». Քաղաքագետ

168.am մոսկվայաբնակ քաղաքագետ Վազգեն Հովհաննիսյանի հետ զրուցել է հայ-ռուսական հարաբերությունների, հետագա զարգացումների, Արցախում ռուս խաղաղապահների հետագա գործողությունների և հարակից մի քանի հարցերի շուրջ։

– Պարոն Հովհաննիսյան, ինչպե՞ս կգնահատեք հայ-ռուսական հարաբերություններն այս պահին, դրանք արդյո՞ք դաշնակցային հարաբերություններ են։

– Նախ, պետք է տարբերենք գործընկերային և ռազմավարական դաշնակից հասկացությունները։ Ի՞նչ է նշանակում ինստիտուցիոնալ ռազմավարական դաշնակից արտահայտությունը, երբ իրավապայմանագրային բազայի հիման վրա ռազմավարական դաշնակցային հարաբերություններ են ձևավորված։ Այսինքն՝ իրավապայմանագրային բազան հնարավորություն է տալիս համատեղ որոշակի ռեսուրսների օգտագործում՝ ընդհանուր ռազմավարական նպատակների սպասարկման համար։

Այս պահին հայ-ռուսական հարաբերությունները չեմ կարող անվանել այն իրավապայմանագրային բազայի ամբողջական տրամաբանության մեջ, որը կա։ Մենք տեսնում ենք, որ այդ դինամիկան ընդհանրապես շեղվել է և բավականին լուրջ է շեղվել։ Պատերազմում պարտվել ենք, իսկ պատերազմից առաջ եղել են ինդիկատորներ, որով մենք պետք է ահազանգեինք, որ հայ-ռուսական հարաբերությունները գնում են դեպի անկում, սակայն մենք դա չենք արձանագրել։

Կարդացեք նաև

Օրինակ, առաջին ահազանգն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Դրանից հետո Վալդայում պլատֆորմ տրամադրեցին Ալիևին, որտեղ նա ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հայտարարության՝ հայտարարեց, որ «Արցախն Ադրբեջանն է, և բացականչական նշան»։ Սրան Հայաստանի ղեկավարությունը պետք է ահազանգեր և ճիշտ հետևություններ աներ, բայց դա չարեցին ո՛չ Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած քաղաքագետները, ո՛չ էլ մեր վերլուծական ինդուստրիան։

Սերժ Սարգսյանի նախագահության օրոք այդ ինդիկատորները ֆիքսվում էին։ 2017 թվականին ռուսական ալիքներով հակահայկական նյութեր էին տարածվում, Հայաստանին նույնիսկ համեմատում էին կատվի հետ։ Այս ամենը պայմանավորված էր նրանով, որ Սերժ Սարգսյանը 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո հայտարարեց, որ Արցախի հարցում հայերը չունեն դաշնակիցներ, քանի որ Ռուսաստանը չէր ուզում հարցին լուծում տալ, ուզում էր փոխել Արցախյան հարցի ստատուս-քվոն։ Բայց Սերժ Սարգսյանն ուզում էր հարցին լուծում տալ։ Դրա համար էր Սերժ Սարգսյանն անընդհատ ասում՝ «ի՞նչ անենք, 5 շրջաններից դուրս գանք, որ թշնամին զինտեխնիկան առաջ բերի ու բնակիչներին հարվածներ հասցնի՞»։ Սերժ Սարգսյանի նկատմամբ ռուսական կողմը բանսարկու վերաբերմունք է դրսևորել, քանզի չիրականացվեց Լավրովի բաղձալի «պլանը»՝ Արցախի հաշվին Ադրբեջանին բավարարելը։ Այդ ժամանակ Ադրբեջանը չկարողացավ իրականացնել իր ռազմական խնդիրը, սա կասի ցանկացած գրագետ ռազմական փորձագետ։

– Հայաստանի նախկին ղեկավարությանն ինչպե՞ս հաջողվեց թույլ չտալ, որպեսզի Ռուսաստանը փոխի Արցախյան հարցի ստատուս-քվոն։

– Այդ ժամանակվա ՀՀ ղեկավարությանը 2016 թվականի ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ հայկական կողմը պատրաստ է սեփական ուժերով պաշտպանել Արցախի Հանրապետության անվտանգությունը։ Դրանից հետո մենք տեսանք, որ թե՛ Վիեննայում, թե՛ Սանկտ Պետերբուրգում ԵԱՀԿ Մինսկի համանախագահները վերահաստատեցին, որ հարցի լուծումը պետք է լինի երեք հայտնի սկզբունքների շրջանակներում՝ ուժի չկիրառման, ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության։ Ալիևն այդ ժամանակ հայտարարում էր, թե փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախը։

Այսինքն՝ Հայաստանին այն ժամանակ հաջողվո՞ւմ էր ռազմական և դիվանագիտական դաշտում պաշտպանել Արցախի Հանրապետությանը։

– Փաստացի այդպես է եղել։ Միջազգային հարաբերությունների ցանկացած մասնագետ, որը բանակցային տեսությանը ծանոթ է, կասի, որ ուժի կիրառումը բանակցության այլընտրանքն է։ Եթե Ալիևը շարունակում էր բանակցել Սերժ Սարգսյանի հետ, նշանակում էր, որ այն գինը, որը պետք է վճարեր ուժի կիրառմանը, փորձել էր 2016 թվականին, բայց չէր ստացվել։ Ալիևը դժկամորեն էր բանակցում Սերժ Սարգսյանի հետ, Սերժ Սարգսյանը հստակ ասել էր, որ պատրաստ է փոխզիջումների, բայց ինչպես Քիսինջերն էր ասում՝«Կոմպրոմիսը դա ոչ ամբողջական բավարարվածություն է 2 կողմերի, բայց միևնույն ժամանակ՝ 2 կողմերը ամբողջապես չբավարարված էլ չեն զգում»։

Իսկ հիմա ի՞նչ եղավ, մենք ոչ միայն ամբողջությամբ բավարարեցինք Ադրբեջանի շահերը, այլև շարունակում ենք մեր շահերի հաշվին բավարարել ռուսական կողմի, Արևմուտքի պահանջները։

– 2018 թվականից հետո, երբ Հայաստանում իշխանությունը փոխվեց, Ռուսաստանի հետ ինչպիսի՞ քաղաքականություն վարեցին օրվա իշխանությունները, որի արդյունքում այսօր նման հարաբերություններ են երկու երկրների միջև։

– Ի՞նչ է նշանակում հայ-ռուսական հարաբերություններ, և ի՞նչ է նշանակում այս իշխանությունների վարած քաղաքականությունը։ Մեծ երկրները, երբ իրականացնում են արտաքին քաղաքականություն, կարող են երկարաժամկետ պլանավորում անել, Հայաստանի նման փոքր երկրները չեն կարող երկարաժամկետ պլանավորում իրականացնել արտաքին քաղաքականության ոլորտում, քանի որ շատ բաներ փոքր երկրներից կախված չեն։ Բայց փոքր երկրները, այդ թվում՝ Հայաստանը, պետք է փորձեն իրականացնել պրոակտիվ քաղաքականություն, այսինքն՝ պետք է իրենց ռեսուրսներից ելնելով՝ ճիշտ պլանավորում իրականացնեն արտաքին մարտահրավերներին։ Հայաստանը պետք է արտաքին ռազմական, ռազմաքաղաքական, դիվանագիտական  մարտահրավերներին զսպելու արտաքին քաղաքականություն իրականացներ, ինչը չենք արել։

Եթե դավադրապաշտական տեսությունները մի կողմ թողնենք, ապա իրականացվել է  պոպուլիստական քաղաքականություն։ Այսինքն՝ տարբեր բաներ են խոսել, Նիկոլ Փաշինյանի Պաշտպանության հռչակավոր նախարարն ասում էր՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ», Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», բայց այս ամենին սպասարկելու համար ոչինչ չի արել։

Արտաքին անվտանգային քաղաքականության սպասարկման գործիքը դիվանագիտությունը, ռազմական գերատեսչությունը և հետախուզությունն է։ Մենք տեսել ենք, որ սրանք սկսել են կոորդինացված չաշխատել, տեղի է ունեցել այս ինստիտուտների միտումնավոր դեմոնտաժ։ Միտումնավոր է այն առումով, որ ուղղակի սպասարկվել է, այսպես ասած՝ «իշխող վերնախավի» քաղաքական ամբիցիաները։ Մարդը, որը քիչ թե շատ ծանոթ է պաշտպանական գերատեսչության ֆունկցիոնալ գործառույթներին, գիտի, որ բանակի սնունդը պատերազմի ժամանակ պետք է տեղ հասցվի, բայց այդպես չէր արվում, որովհետև հասարակ կազմակերպություններն էին դրանով զբաղվում։

Բանակը կոլա խմելու և սենդվիչ ուտելու տեղ չէ, պետք է զինվորին ճիշտ ժամանակին սնունդ մատակարարվեր ռազմադաշտ։ Նապոլեոնն ասում էր. «Պատերազմը՝ պատերազմ, ընթրիքը՝ ըստ ժամանակացույցի»: Նա հիանալի ստրատեգ էր և հասկանում էր այն, ինչ մենք այժմ կանվանենք արդյունավետ մատակարարման շղթա: Եթե ​​զինվորներին չսնուցեն ու չապահովեն իրենց անհրաժեշտ ամեն ինչով, բանակը չի կարողանա կատարել իր առջև դրված խնդիրները.

Խաղաղ ժամանակ բուֆետներ էին ցույց տալիս հեռուստացույցով։ Հայտարարությունները, թե 30 տարում ոչինչ չէր արվել՝ արվել էր, ամբողջովին դեմոնտաժ եղավ 2018 թվականի հեղափոխությունից հետո։

Տեսեք՝ Միացյալ Նահանգներ է ուղարկվել մի դեսպան, որին եթե հարցնեք, թե ի՞նչ է նշանակում դիվանագետ բառը, չի բացատրի։ Դիվանագիտության մասին լուրջ գրքեր կան, թող ուսումնասիրեն։ Ամենաառաջին խնդիրն այն է, որ ոչ կոմպետենտ մարդիկ իրականացրեցին Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ պոպուլիստական քայլերով։

– Հայ-ռուսական հարաբերությունների մասին խոսելիս, մշտապես նշվում են հայկական կողմի սխալները, իսկ ռուսական կողմն ի՞նչ սխալներ է թույլ տվել Հայաստանի հետ հարաբերություններում։

– Եկեք հասկանանք, թե ի՞նչ է սխալը, և արդյո՞ք ռուսական կողմը սխալ է, թե՞ սխալ է մեր տեսանկյունից, այսինքն՝ մեր շահերի չսպասարկումը սխա՞լ է, թե՞ ոչ։ Ես կարող եմ ասել, որ Ռուսաստանը շատ մեծ վարկանշային հարված է ստացել, որովհետև ակնհայտորեն պետք է իրականացներ խաղաղապահ գործառույթ Արցախում։ 2020 թվականին, երբ ռուսական կողմը խաղաղապահներ ուղարկեց Արցախ, պետք է այնպես դիրքավորվեր, որ լիներ ադրբեջանցիների և հայկական կողմի մեջտեղում, այսինքն՝ հայ ու ադրբեջանցի զինվորներն իրար չպետք է տեսնեին։

2020 թվականին ռուսական կողմը ցուցանակներ էր տեղադրում, որ ռուս խաղաղապահն արցախցու անվտանգության երաշխավորն է, բայց այդ ֆունկցիան ռուսական կողմը չի իրականացրել, բացառապես ինքը նույնիսկ դիտորդական լուրջ առաքելություն չի արել։ Հիմա հստակ արձանագրում ենք, թե Արցախում քանի քաղաքացիական անձ է սպանվել, սրանք հստակ ցուցիչներ են։ Ռուսական կողմը գնալով, կոպիտ ասած, իր դիրքերը զիջել է ադրբեջանական կողմին։ Սա սխալ է, թե ոչ, դժվար է ասել, քանի որ ռեալիզմի տեսանկյունից նշվում է, որ արտաքին քաղաքականությունում պետք է առաջնորդվես սեփական շահերով, այսինքն՝ նվազեցնես վտանգները և սպասարկես քո շահերը։ Հետևաբար, եթե ռուսական կողմն Ադրբեջանի դեմ կիրառում էր ուժ, նշանակում էր, պետք է ներքաշվեր կոնֆլիկտի մեջ, ինչը ռուսական կողմին ձեռնտու չէ։ Նժարին դնելով խաղաղապահի բարոյական պարտավորությունները և պետությանը չվնասելու տրամաբանությունը՝ շահում է վերջինը՝ տրամաբանությունը, այսինքն՝ ռուսական կողմն Արցախում չկատարեց իր պարտավորությունները, որպեսզի խուսափեր կոնֆրոնտացիայից։

Իհարկե, ռուսական կողմը բերեց նաև պատճառաբանություններ, որոնք Փաշինյանի ամբողջ գործողություններով ռուսական կողմի համար ալիբի են ստեղծում։ Իսկ նախկին բոլոր իշխանությունները՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Սերժ Սարգսյան, միշտ այնպիսի դիրքավորում են ընդունել, որպեսզի ռուսական կողմը չխուսափի իր պարտավորություններից։ Սա շատ կարևոր բան է, որը պետք է ֆիքսել։

Նիկոլ Փաշինյանը որևէ բան ասելուց առաջ չի մտածում, որ դա կարող է ալիբի ստեղծել մեր շահերին վնասելու համար։

Տեսանյութեր

Լրահոս