
Հայաստանին այս պարագայում, մեղմ ասած, սպասվում է ողբերգական ապագա. Մհեր Աբրահամյան

Մինչ Թուրքիայի նախագահը խոսում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումից հետո տարածաշրջանին սպասվող «օգուտների» մասին, թուրքական «Türkiye» պարբերականը մեջբերել է իսպանական երկու մեդիայի հրապարակումները՝ շեշտելով, որ «Հայաստանի կառավարությունն ընդունել է միջանցքն արտապատվիրակելու ամերիկյան առաջարկը, որը կրելու է «Թրամփի կամուրջ» անվանումը և ունենալու է 42 կմ երկարություն։ Այն հսկվելու է 1000 հոգանոց ամերիկյան ռազմական կոնտինգենտի կողմից, որն ունենալու է զենքի գործադրման իրավունք»:
Թուրքական պարբերականի հրապարակումը թարգամանաբար ներկայացրել է թուրքագետ Մհեր Աբրահամյանը, ով 168.am-ի հետ զրույցում ասաց՝ իսպանական պարբերականները, որոնք այդ տեղեկատվությունը տարածել են, չունեն բարձր վստահություն։ Սակայն թուրքական «Türkiye» պարբերականը, որը հանդիսանում է իշխանական թերթերից մեկը՝ եթե հղում է տվել իսպանական թերթերին, նշանակում է՝ նման զրույցներ եղել են։
«Իսպանական պարբերականները գրել են, որ վերը նշվածը եղել է Թուրքիայի առաջարկը, իսկ, օրինակ, «Türkiye» պարբերականը, չեմ կարծում, որ կգնար նման պոպուլիստական քայլի ու առաջինը կգրեր։ Կարծում եմ՝ այնտեղ կան զրույցներն այն մասին, որ Թուրքիան և Միացյալ Նահանգները եկել են նման առաջարկային համաձայնության, և Թուրքիան դեմ չի եղել, որպեսզի ճանապարհը վերահսկվի Միացյալ Նահանգների կողմից»,- նշեց Մհեր Աբրահամյանը։
Շարունակելով թեման, թուրքագետը նկատեց՝ հաշվի առնելով այս թեմայով ԱՄՆ նախագահի գրառումներն ու հայտարարությունները, ինչպես նաև օկուպացված Շուշիում Ալիևի հայտարարության մի հատվածն իր էջում տեղադրելը, հասկանալի է դառնում, որ Միացյալ Նահանգները կողմ է այս տարբերակին։
«Միացյալ Նահանգներն օգտագործելու է այդ ճանապարհն ի նպաստ ՆԱՏՕ-ի ու Թուրքիայի։ Հայաստանին, իհարկե, այս պարագայում, մեղմ ասած, սպասվում է ոչ բարենպաստ ու ողբերգական ապագա։ Եվ այդ ճանապարհը, որն իբրև թե պետք է վերահսկվի ամերիկյան կազմակերպության կողմից, թերթում նշվում է, որ այդ կոնտինգենտը լինելու է ռազմական և իրավունք ունի կիրառելու զենք։ Այսինքն՝ Հայաստանի մի հատվածը տրվելու է ամերիկյան կազմակերպության, որը մեր տարածքում իրավունք է ունենալու զենք կիրառել, այդ թվում՝ հայերի նկատմամբ։ Սա ողբերգական երևույթ է լինելու հայաստանյան իրականության մեջ»,- շեշտեց Մհեր Աբրահամյանը։
Ինչ վերաբերում է Էրդողանի հայտարարություններին, որ «միջանցքի» բացումը տնտեսական մեծ օգուտներ կբերի ողջ տարածաշրջանին, Մհեր Աբրահամյանը նկատեց՝ սա էրդողանական «թոզ փչելու» քաղաքականություն է, որովհետև եթե այդ ճանապարհն արտապատվիրակվելու է՝ վերահսկվելու է ամերիկյան կողմից, և այդ ճանապարհով անարգել անցնում են թուրքերն ու ադրբեջանցիները և, ինչպես Ալիևն էր պահանջել՝ չեն հանդիպելու հայ սահմանապահներին, ապա հարց է առաջանում, թե այդ ճանապարհից Հայաստանն ի՞նչ է օգտվելու։
«Ստացվում է, որ նրանք ձեռնարկում են քայլեր, որ Հայաստանը և հայկական տնտեսական շատ կազմակերպություններ իրավունք չեն ունենալու պարզապես օգտվելու այս ճանապարհից, ուստի խոսել տնտեսական օգուտների մասին՝ ծիծաղելի է»,- ընդգծեց Մհեր Աբրահամյանը։