Բաժիններ՝

Ֆինանսական համակարգում էլի կոլապս է․ ARCA համակարգում խափանումներ են

Մի քանի տարի շարունակ Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմն առիթը բաց չեն թողնում անկանխիկ գործարքները խթանող փիառ-արշավների համար։ Օրինակ, կառավարության հերթական նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անգամ պետական գերատեսչություններին հրահանգել էր․ «Եթե որևէ պետական գերատեսչությունից լսեցի, որ այնտեղ քաղաքացին պետական գործառույթ իրականացնելիս թղթադրամի կպնում է ֆիզիկապես, դա նշանակում է, որ իմ հանձնարարականը կատարված չէ: Էս հարցը լուծեք»։

Հիշում ենք, իհարկե, որ հարցը լուծվեց նաև հանրային տրանսպորտի համատեքստում՝ ծառայությունների թանկացման մոտիվով։

Բայց արի ու տես, անկանխիկ գործարքների համար գործող համակարգը պարբերաբար ունենում է խնդիրներ․ հերթական դրվագն այսօր էր, երբ առավոտից ՀՀ ֆինանսական համակարգը դարձյալ կոլապսի մեջ էր հայտնվել, քանի որ Arca վճարային համակարգը խափանվել էր։

Բանկային փոխանցումներ, առևտրի ու փոխանակման կետեր, հերթեր ու հերթեր․ ARCA համակարգում խափանումների պատճառով հնարավոր չէ փոխանցումներ, կանխիկացում ու վճարումներ կատարել, տուժել են հատկապես թոշակառուները, որոնց համար տարբեր մեխանիզմներ էին մշակում՝ բերելու անկանխիկի դաշտ։ Չէր գործում նաև Telcell-ը, մարդիկ չէին կարողանում վճարել տրանսպորտի ուղեվարձը։ Ահազանգում էին նաև էլեկտրոնային այլ  համակարգերում, մասնավորապես՝ դոմոֆոնների կառավարման հարցում խնդիրների մասին։

Կարդացեք նաև

Ժամեր անց ՀՀ ազգային վճարային համակարգը՝ ԱՐՔԱ-ն, տարածեց ծանուցում՝ տեղեկացնելով․ «Այսօր՝ 23․07․2025, առավոտյան 10։10-ից տեխնիկական խնդիրների պատճառով խաթարվել է Arca վճարային համակարգի բնականոն աշխատանքը, ինչի հետևանքով հնարավոր չի եղել կատարել որոշ քարտային գործարքներ:

12։45-ի դրությամբ համակարգի աշխատանքը վերականգնվել է և այս պահին խնդիրն առկա է միայն բանկերի հավելվածներում և քարտից քարտ փոխանցումներում»։

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն, որն, ի դեպ, վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից, վստահեցրել էր՝ տեխնիկական թիմն ամբողջ ներուժով աշխատում է՝ համակարգի բնականոն աշխատանքը հնարավորինս արագ վերագործարկելու և բոլոր ծառայությունների անխափան հասանելիությունը վերականգնելու ուղղությամբ։

ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը 168am-ի հետ զրույցում  անդրադառնալով ստեղծված իրավիճակին, նշեց՝ սա միայն անհարմարություն չէ, որ պատճառվում է քաղաքացուն, այլ ժամանակի ու ֆինանսի կորուստ։

«Սրանք, բացի նրանից, որ այդ համակարգերը սպասարկող կազմակերպությունների, կառավարման ձախողումների որոշակի հետևանք են, այլ նաև պետական վերահսկողության, պետական կարգավորման խնդիրներ են։ Դրա համար կա Կենտրոնական բանկը, կան վերահսկող այլ մարմիններ և կազմակերպություններ, որոնք, ի դեպ, ֆինանսավորվում են հանրային միջոցներից»,- հավելեց նա։

Տեսանյութեր

Լրահոս