
ԱՄՆ պետքարտուղարությունում հայտարարել են ռուս-ուկրաինական բանակցությունների 3-րդ փուլին աջակցելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում տեղյակ են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում կայանալիք բանակցությունների երրորդ փուլի մասին և ինչպես միշտ աջակցում են հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին։
Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը:
«Կարող եմ ասել՝ մենք տեղյակ ենք, որ նախատեսված է բանակցությունների երրորդ փուլ։ Մենք ինչպես միշտ ողջունում ենք ուղիղ բանակցությունները և պնդում ենք անհապաղ հրադադար խաղաղ կարգավորման արդյունքում», – հուլիսի 22-ին ճեպազրույցի ժամանակ ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչ Թեմի Բրյուսը։
Նա հաստատել է, որ պատվիրակությունների հանդիպումը պետք է տեղի ունենա այս շաբաթ։ Նաև, Բրյուսի խոսքով՝ ԱՄՆ-ն կարծիք կհայտնի հակամարտությունը նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված ժամկետներում կարգավորելու հնարավորության մասին՝ ելնելով, այդ թվում, առաջիկա բանակցությունների դինամիկայից։
Հուլիսի 14-ին Թրամփը հայտնել է Ռուսաստանի դեմ «խիստ միջոցներ» կիրառելու ծրագրերի մասին՝ Ուկրաինայում իրադրությունը 50 օրվա ընթացքում չկարգավորելու դեպքում։
Ռուս-ուկրաինական բանակցությունների առաջին երկու փուլերը տեղի են ունեցել Ստամբուլում՝ մայիսի 16-ին և հունիսի 2-ին։ 3-րդ փուլը նախատեսված է հուլիսի 23-ի երեկոյան: